Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց ու պատասխանի երեկո ԱԺ-ում

Նոյեմբեր 23,1995 11:03

Երեկ ԱԺ-ն իր անդրանիկ հարցերն ուղղեց ՀՀ կառավարությանը։ Դատելով հարցուպատասխանի ողջ ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ այն դառնում է Ազգային ժողովի աշխատանքային ամենահետաքրքաշարժ էջը՝ ի հակադրություն ակնհայտորեն թերբեռնված օրակարգերի։ 18 պատգամավորների ձեւակերպած հարցերը որոշ պայմանականությամբ կարելի է բաժանել 3 խմբի. ա)գաղափարական–քաղաքական, բ)տնտեսական-սոցիալական եւ գ)զուտ հռետորական, այսինքն՝ պատասխան չակնկալող։ Թեեւ պետք է ասել, որ առաջին երկու խմբերը սերտորեն փոխկապակցված էին։ Առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեց ԱԻՄ-Ք պատգամավորական խմբակցությունը, որի երրորդությունը գաղափարական լուրջ հարցադրումների առջեւ կանգնեցրեց կառավարությանը։ Նախ՝ Արամազդ Զաքարյանը, դիմելով լուսավորության, գիտության եւ կրթության նախարար Վ. Գնունուն, կասկածի ենթարկեց Հայոց պատմության դպրոցական դասավանդման անաչառությունը. «Անցել են կոմունիստական ժամանակները, բայց նրանց ազդեցությունը մնացել է»։ Եվ դա լավագույնս արտահայտվում է մեր նորօրյա պատմության էջերի կողմնակալ մեկնաբանմամբ։ 7-8-րդ դասարանների Հայոց պատմության դասագրքում անկախության պայքար մղող կուսակցությունների, հատկապես առաջնորդների անունները հանիրավի մոռացվել են. Հայկազ Խաչատրյանի, Ստեփան Զատիկյանի եւ, իհարկե, Պարույր Հայրիկյանի մոռացությունը կարելի է պատճառաբանել միայն կոմունիստական ազդեցությամբ։

Նախարարը դյուրավ համաձայնեց բարձրացված խնդրի արդարացիությանը, վերջում՝ հաշտարարաբար համաձայնելով՝ օգտվել ՊԱԿ-ի արխիվներից։ Պարույր Հայրիկյանի հարցադրումն առավել ինքնատիպ էր. նա փաստեց, որ ժողովրդավարական պետություններում իշխանությունները նպաստում են կուսակցությունների բարգավաճմանը, իսկ Հայաստանում՝ ընդհակառակը։ Այս կապակցությամբ հիշատակվեց ՀՅԴ-ի կասեցումը եւ ԱԻՄ-ին բաժին ընկած հալածանքները։ (Բոլորն ակնկալում էին, որ կհնչի մոգական «Պառավաքարը», բայց ԱԻՄ-ում աշխատանքի բաժանում էր կատարված): Բողոքների գլխավոր հասցեատերը ներքին գործերի նախարարությունն էր, որը բռնագրավել է.

1)ԱԻՄ-ի թղթի պաշարները՝ վերադարձնելով դրանց միայն 20 տոկոսը, 2)ԱԻՄ-ի ռադիոտեխնիկան՝ չվերադարձնելով ոչ մի տոկոսը։

Մասնավորից ընդհանուրին անցում կատարելով՝ Պ.Հայրիկյանը առաջարկեց բյուջեից ֆինանսական աջակցություն կազմակերպել մեր ազգի հարստություն՝ կուսակցություններին։

Վարչապետ Բագրատյանը կիսեց այդ մտահոգությունը՝ հավաստելով, որ բյուջեից ֆինանսավորման դեպքում կուսակցությունները առավել անկախ կլինեն (ումի՞ց, սակայն, պարզ չէր, թեեւ նախորդ պատգամավորին պատասխանելիս՝ պրն Բագրատյանը նշեց, որ համաշխարհային բանկից եւս կարող ենք «կախվել»՝ առանց վախենալու): Պետական հոգածության առաջին քայլերն ակնհայտ են՝ տրամադրված շենքեր, ԱԺ նիստերի հեռարձակում, որի ընթացքում կուսակցությունները ակնհայտորեն զբաղվում են ինքնագովազդով։ Բայց, պահանջներն էլ պետք է չափ ու սահման ունենան, ի վերջո, կառավարությունը չի կարող աշխատավարձ վճարել կուսակցական գործիչներին։

Ներսես Զեյնալվանդյանը, աշխատանքի վերը նշված բաժանման համաձայն, բարձրացրեց Պառավաքարի մշտարթուն ողբերգության հարցը՝..դարձյալ քննադատության աղեղը ուղղելով դեպի ՆԳՆ։ Բացակայող ՆԳ նախարարի փոխարեն՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը վկայեց, որ հետաքննության անբավարար ընթացքի հիմքում ընկած է Պ.Հայրիկյանին նախագահ տեսնելու բարի ցանկությունը։

Արշակ Սադոյանը իր հարցադրման սկզբում ցավ արտահայտեց ընդունված կանոնակարգի վերաբերմամբ, որն իրեն զրկում է անմիջաբար ՀՀ նախագահին դիմելու իրավունքից։ Այնուհանդերձ, պատգամավորը փորձեց հետաքրքրվել Հայաստանում միտումնավոր ստվերային քաղաքականության հետագա ճակատագրով եւ «Հանրապետություն» միավորման նախընտրական խոստումների մոռացման փաստով։ Վարչապետը խնդիրը քաղաքական հարթությունից տեղափոխեց դեպի տնտեսական. որքան աշխատում ենք, այնքան էլ վարձատրվում ենք։ Եթե մի քանի տարի առաջ մենք խոսում էինք երկու ձվի մասին, ապա այսօր տասնապատիկի։ Ա. Սադոյանը բնավ չհամաձայնեց նման բնորոշման հետ. վարչապետը եւ կառավարությունը, անշուշտ, արժանի են 7-10 դոլար աշխատավարձին, իսկ մնացյալ հայ ժողովուրդը, որպես ստեղծարար ուժ, արժան է «Հանրապետություն» միավորման խոստացած աշխատավարձերի գեթ հնգապատիկ բարձրացմանը։

Մամուլում արդեն հիշատակված թիվ 2 խոզաբուծական համալիրի կապակցությամբ՝ վարչապետը հիմնավորեց Պաշտպանության նախարարության կարիքները բավարարելու անհրաժեշտությունը՝ ընդսմին փայատեր գյուղացիները չեն տուժելու, ընդհակառակը, տարեվերջին համապատասխան դիվիդենտներ են ստանալու։ Բանակին ամեն ինչ է պետք։

Սոցիալ-տնտեսական բոլոր հարցադրումները քաջածանոթ էին՝ զերծ հասարակական հնչեղությունից՝ հեռախոսներ, ճանապարհներ, «Ձմեռ–95, 96…»՝ հերթապահ պատասխաններով։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930