Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրենիքը» երգելը… քրեորեն հետապնդելի է

Հուլիս 24,1998 17:22
morikyan

Մինչեւ վերջերս համոզված էի, թե մեր օրհներգը
«թշվառ, անտերն» է, որը, խոսքը մեր մեջ, ավելի համահունչ է իրականությանը։ Բայց, փաստորեն, սխալվում էի։

Այս խնդրում սխալվելով հանդերձ, ճիշտ էի ամենահիմնականում՝ մեզանում ոչ մի ԲԱՆ իրականությանը չի համապատասխանում եւ ենթակա չէ առողջ տրամաբանության։ Իրականում «թշվառ, անտերը» հիմա այս տեսքն ունի.
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար։
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
Ոչինչ, որ, ենթադրենք, հայտնի չէ, թե «Մեր հայրենիք, ազատ, անկախը» հենց այդպես էլ ազատ ու անկախ է ապրել դարեդար, թե՝ ոչ։ Տարօրինակ է, սակայն, որ ազատություն ու անկախությունից հետո է քույրը եղբորը դրոշ տալիս, այն էլ ձեռքով գործած, անքուն գիշերների ընթացքում արցունքով լվացած։ Անհեթեթ է, սակայն անտրամաբանությամբ հանդերձ քրեական կամ քաղաքական որեւէ հանցակազմ չի պարունակում։ Իսկ անհեթեթ է, որովհետեւ ազատ ու անկախ Հայրենիքում գիշերվա խավարում դրոշ գործելն ու այն արցունքով լվանալը կամ ազատ ու անկախի չգոյությունն է փաստում, կամ էլ այն, որ այդ հայրենասեր աղջիկը… մեղա, մեղա… հիվանդ է։
Ինչեւէ։ Դառնանք մեր ոչխարներին։ Կրկին կարդացեք օրհներգի ավարտը։ Փորձենք հասկանալ, մեր Հայրենիքը՝ Հայաստանը ազատ ու անկախ է (առաջին քառատող)։ Երանի է տրվում նրան, ով «յուր ազգի Ազատության կզոհվի» (չորրորդ, եւ, որ ամենակարեւորն է՝ եզրափակիչ քառատող)։ Եզրակացությունը մեկը կարող է լինել. թեեւ մեր Հայրենիքը՝ Հայաստանը ազատ ու անկախ է, սակայն մեր ազգն ազատության կարիք ունի։ Եվ քանի որ չի խոսվում անկախության մասին… անկախ է։ Փորձենք գտնել տրամաբանությունը։
Եվ որպեսզի մեր փնտրտուքը ճիշտ ճանապարհով գնա, հստակեցնենք պատասխանի կարոտ հարցերը։
Ինչո՞ւ ազատ չէ մեր ազգը։ Ումի՞ց է բռնադատվում։ Ումի՞ց է անկախ։ «Մարդը դեռեւս թովված է, կառավարությանց բժժանքը դեռեւս ազդում է նորա վերա։ Նա տանում է աղքատության ծանր լուծը, առանց հաշիվ տալու ինքյան, թե ինչ բանի համար են այն զրկանքը, որ հանձն է առնում։ Ինչ կառնու յուր դրոշի փառքից, եթե այդ փառքը չի բերում նորան երջանկություն եւ հանգիստ կյանք, եթե ամեն մինը այդ եղջերվաքաղ փառքերից զինվում են սոսկալի հարկերի եւ սարսափելի պարտքերի ծանրությամբ, որոնց էականորեն ժողովուրդն է ենթակա։ Կառավարությունը…
– Ո՞վ է կառավարությունը, ազգ չէ՞։
– Չէ կառավարությունը կառավարություն է, ազգը՝ այլ, կառավարությունը՝ այլ»։
«…Տերությունքը ազգ չեն, եւ տերությանց շահը ազգի շահի հետ բնավ վերաբերություն չունի»։
Հասկանում եմ, թե որքան ճիշտ է բնութագրում դա մեր այսօրվա վիճակը, սակայն միանգամից ասեմ, որ այս խոսքերի հեղինակը ես չեմ, այլ Մ. Նալբանդյանը։
Հիմա պարզ է, չէ՞, առաջին հարցի պատասխանը՝ թե ինչո՞ւ ազատ չէ մեր ազգը։ Պարզ է նաեւ, կարծում եմ, երկրորդ հարցի պատասխանը՝ թե ումի՞ց է բռնադատվում։ Նույնն է նաեւ երրորդ հարցի դեպքում՝ անկախ է իր կառավարությունից, իր երկրից։ Եվ, բնականաբար, հակառակը։ Ու քանի որ զոհվելու մասին է խոսքը, պարզ է նաեւ, որ ազգի ազատությունը տեղի է ունենալու բռնության ճանապարհով։ Դարձյա՞լ «Միայն զենքով կա հային փրկություն»։ Բայց, ախր, ոչ «ազգընտիր» ու «վսեմաշուքից», չէ՞։
Դա ինքնին հակասահմանադրական է եւ քրեորեն հետապնդելի։ Եվ ի լրումն. հիշում եք, չէ՞, առաջին քառատողի վերջին տողերը.
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Պարզ է, չէ՞, ինչո՞ւ է կանչում։
Դատաիրավական կատարված բարեփոխումներից հետո, ստույգ չեմ հիշում հոդվածները, բայց սահմանադրական կարգը բռնի փոխելու, իշխանությունը զինված ճանապարհով զավթելու հոդվածներն անպայման քրեորեն հետապնդելի են, այնպես որ, շատ ավելի գերադասելի է, հետագա բարդություններից խուսափելու համար, չերգել «Մեր հայրենիքը», որ փաստորեն այդ ամենի կոչն է։ Թե չէ ամեն մեկիս չէ, որ կփրկի «իրավիճակի փոփոխությունը»…
Համ էլ, «իրավիճակն» է ու … չի փոխվում…
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031