Լրահոս
Օրվա լրահոսը

Պահածոյացված դժգոհություններ եւ արդարացում

Սեպտեմբեր 11,1998 00:00
namak

Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ենք համոզվում, որ սեփականաշնորհման պղտոր ջրապտույտից այլեւս քչերին պիտի հաջողվի դուրս գալ անվնաս, էլ ուր մնաց, թե չոր։ Յուրաքանչյուր նոր ահազանգ էլ ավելի է խորացնում այս համոզմունքը։ Էջմիածին քաղաքի բնակիչներ, նախկին պահածոյագործներ Ժանետա Գրիգորյանի, Ռիմա Խաչումյանի եւ Գոհար Տերտերյանի «Առավոտին» հասցեագրած նամակը հուսախաբված մարդկանց վերջին փորձն էր վերագտնելու այն արդարությունը, որ իրենք վաստակել են տասնամյակների աշխատանքով։

«Էջմիածնի պահածոների գործարանի 20-25 տարվա աշխատողներ ենք։ Քանդողները մեր գործարանն էլ չխնայեցին։ 1994 թ. դարձանք փակ բաժնետիրական ընկերության անդամ։ Անցել է 4 տարի, բայց ոչ մի անգամ չենք ստացել մեզ հասանելիք եկամտի տոկոսային հասույթը։ Դիմում ենք, պատասխանում են՝ գործարանն աշխատել է վնասով։ Մինչդեռ մենք տեղյակ ենք, որ կան գաղտնի արտադրամասեր, որոնց մասին մեզ տեղյակ չեն պահում։ Օրինակ, արտադրվում են կափարիչներ։ Բացի այդ, երբ շատ պահանջեցինք մեզ հայտնել հասանելիք հասույթի չափը, պարզվեց, որ 1994 թ. մինչեւ հիմա 6747 դրամը դարձել է 62100 դրամ։ Արդյո՞ք հրաշքով է աճել գումարը»,- գրում էին նամակի հեղինակները եւ թախանձագին խնդրում այցելել իրենց։

Մենք մեկնեցինք։ Կիրովի 6/10 հասցեում բնակվող Ժ. Գրիգորյանը մեր զրույցի ընթացքում կրկնեց այն ամենը, ինչ ասված էր նամակում, այնուհետեւ ավելացրեց, որ գործարանը բաժնետիրական ընկերության վերածվելու պահից ի վեր անտեղյակ է այնտեղ կատարվածին, երբեւէ չի մասնակցել տնօրինության հրավիրած որեւէ նիստի, առ այսօր չի ստացել փայաթերթիկը, փոխարենը գիտի, որ ժամանակ առ ժամանակ բանվորների են կանչում այնտեղ՝ ինչ-ինչ աշխատանքներ կատարելու համար, որոնցից մեծ եկամուտներ են ստանում։

Նամակագիրներից մյուսը՝ Գ. Տերտերյանը, համարձակություն է ունեցել դիմում հղել ՓԲԸ-ի տնօրեն Սարգսյանին, որում ասված էր. «1994 թ. համարվում եմ Էջմիածնի պահածոների գործարան ՓԲԸ-ի անդամ, բայց ոչ մի անգամ չեմ ստացել ինձ հասանելիք եկամտի տոկոսային հասույթը։ Խնդրում եմ ինձ տալ հասանելիք գումարը»։ Դիմումի վրա ընկերության գլխավոր հաշվապահը մակագրել էր. «Գործարանը 1994, 95, 96, 97 թթ. աշխատել է վնասով, այդ իսկ պատճառով եկամտի տոկոսի մասին խոսք լինել չի կարող»։ Վերջին գրության մեջ ուշադրություն է գրավում «աշխատել է վնասով» արտահայտությունը։

Բանն այն է, որ այլ աղբյուրներում նշվում է, թե գործարանն ընդհանրապես չի աշխատել, ինչը միանգամայն այլ բան է նշանակում։ Գյուղնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը խնդրեց իր անունը չնշել, մեզ տեղեկացրեց, որ մինչեւ 1996 թ. պահածոների գործարանն իր աշխատանքների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդել, իսկ 1997-98 թթ. ստացած տվյալներով ընդհանրապես արտադրանք չի տվել։ «Որքան էլ մենք նրանց հետ շփումների եզրեր ենք փնտրում, տեղի ղեկավարությունն ամեն ինչ անում է մեզ հետ չառնչվելու համար»,- ասաց նույն պաշտոնյան։ Մենք եղանք նաեւ գործարանում։

Նախկինում մեծ համբավ վայելող ձեռնարկության միայն արտաքին տեսքը արդեն տխուր տպավորություն էր թողնում։ Ղեկավարությունը տեղում չէր։ Աշխատողները հավաստիացրին, թե գործարանը ներկա պահին չի աշխատում, մինչդեռ տարածքում տիրող աշխույժը կարծես թե այլ բան էր հուշում։ Քաղաքային շուկայում էլ հանդիպեցինք ու զրուցեցինք պահածոների կափարիչներ վաճառողների հետ, որոնք հայտնեցին, թե տեղական արտադրանք են ծախում «եւ շատ որակյալ»։

Փակ բաժնետիրական ընկերությունների օրենքով սահմանված կարգավիճակը սահմանափակում է կողմնակի միջամտությունները։ Թե ընդհանրապես եւ թե այս դեպքի համար հարկ է նկատել, որ մեծամասամբ մարդիկ տուժում են օրենքի չիմացությունից, ինչն էլ թույլ է տալիս մյուսներին նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել ու տնօրինել ըստ հայեցողության։ Տուժած բաժնետերերն ասացին, թե գործարանի տնօրենը նոր է վերադարձել արտասահմանից։ Եթե դա այդպես է, ապա ենթադրում ենք, որ ուղեւորության ծախսերը գործարանի եկամուտներից չեն այն պարզ պատճառով, որ ձեռնարկությունը կարծես թե չի աշխատում։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930