Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԿԻՐԹ ԵՒ ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ

Սեպտեմբեր 15,1998 00:00
Albert Bazeyan

Միջազգային լրագրային մասնագիտական սկզբունքներից մեկը հետեւյալն է, որ ինչ-որ մեկի հասցեին ամբաստանության կամ մեղադրանք հրապարակելու դեպքում անհրաժեշտ է նրան անպայման պատասխան խոսքի հնարավորություն ընձեռել։ Փորձելով պահպանել հավասարակշիռ մոտեցումը՝ «Առավոտը» միշտ այդպես էլ վարվում է։ Այլ հարց է, որ երբեմն գործիչները (ասենք, ինչպես վերջերս Վահան Հովհաննիսյանը) իրենք են հրաժարվում մեկնաբանություններից՝ գուցե պատասխաններ չունենալու պատճառով։

Սակայն այդպես չէր ԱԺ եւ Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Ալբերտ Բազեյանի պարագայում, որն «Առավոտի» առաջարկով մեկնաբանեց ԱԺՄ քաղաքական վերջին համաժողովում Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունները, թե երկրապահների մի մասը նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու կողմնակից չէր եղել, բայց, ինչպես միշտ՝ արել էին այն, ինչ նրանց թելադրել էր Վազգեն Սարգսյանը։

Այս առնչությամբ մեջբերենք պրն Մանուկյանի խոսքերը. «Նրանք կանեն ամեն ինչ, ինչ որ կասի Վազգեն Սարգսյանը։ Այդպիսի մարդիկ թող իրենց չվերագրեն այն համոզմունքը, որ վաղը, մյուս օրը պետք լինի՝ ռազմաճակատ կգնան ու կպայքարեն հայրենիքի համար. ո՛չ, նրանք կանեն այն, ինչ որ նրանց վերեւից կասեն։ Ստրուկները երկրի պաշտպան լինել չեն կարող»։

«Երկրապահ կամավորականների միությունը հասարակական կազմակերպություն է, որտեղ շարքերին կուսակցական որոշումներ, հրամաններ կամ հրահանգներ չեն իջեցվում,- անհրաժեշտ համարեց նշել Ալբերտ Բազեյանը։ – Միությունը քննարկել էր թեկնածուների ծրագրերը, գործունեությունը եւ երկրապահների հիմնական մասը եկել էր այն եզրակացության, համոզման, որ անհրաժեշտ է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Վճռորոշը գլխավոր հարցն էր՝ Արցախի խնդիրը, որի լուծումը մեզ համար կարեւորագույններից է։ Եվ մենք ենթադրում էինք, որ Ռոբերտ Քոչարյանն այս հարցի լուծմանը շատ ավելի ճիշտ մոտեցումներ կցուցաբերի։ Չեմ կարող բացառել, որ կարող են երկրապահների միության անդամներ կամ ազատամարտիկներ լինել, որոնք իրենց անձնական նկատառումներից ելնելով կամ միգուցե այլ թեկնածություններ ավելի ճիշտ համարելով՝ ընտրություններում պաշտպանած ու քվեարկած լինեն Վազգեն Մանուկյանի, Կարեն Դեմիրճյանի կամ որեւէ այլ թեկնածուի օգտին։ Դա նախկինում էլ է եղել՝ երբ երկրապահների միությունը նպատակահարմար գտավ պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, շատ ավելի մեծ մասը գնաց հակառակ ուղղությամբ։

Կամավորականների միությունն ազատ կազմակերպություն է։ Իսկ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն այսօր մեր միության նախագահն է, եւ բնականաբար՝ երկրապահների մեծ մասը պիտի անի այն, ինչ կասի կամ կորոշի մեր ղեկավարը կամ միության վարչությունը, այլապես կազմակերպություն չենք լինի։ Հայրենիքի պաշտպանության խնդիրն էլ դրված է պաշտպանության նախարարության եւ նախարարի վրա։ Այնպես որ, Վազգեն Սարգսյանը մեզ այլ բան չի ասելու, քան մեր սահմանների պաշտպանության խնդիրն է»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930