Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր կապեր

Հոկտեմբեր 16,1998 00:00
pkk

PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի Հայաստանում գտնվելու, եւ այդ պատճառով Հայաստանին սպառնացող վտանգների մասին մեր հարցերին պատասխանեց Անդրկովկասում ՔԱԱՃ (PKK-ի քաղաքական թեւը) ներկայացուցիչ Արի Շեյդդադին։

Ինչպես գիտեք Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ հիմնահարցեր, որոնք մնացել են դեռեւս առաջին համաշխարհայինից։ Արաբական աշխարհին մտահոգում է նաեւ Թուրքիայի ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։ PKK-ն եւ նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հասկանալի է, որ այդ խնդիրների հետ որեւէ առնչություն չունեն։ Այսօր Թուրքիայի կողմից ուժեղ ճնշում կա Աբդուլլահ Օջալանի վրա, որը ոչ միայն քուրդ ժողովրդի եւ Մերձավոր Արեւելքի ճնշված ժողովուրդների, այլ նաեւ բազմաթիվ պետությունների միակ հույսն է։ Աշխարհի բոլոր ժողովուրդների լավագույն զավակներն Աբդուլլահ Օջալանին համարում են իրենց առաջնորդը։ Եվ այսօր հարձակումն իմպերիալիստական ճամբարի կողմից ոչ թե անհատի նկատմամբ է, այլ միլիոնավոր մարդկանց փրկության հույսի վրա։

– Սակայն այսօր ասելով, որ Աբդուլլահ Օջալանը գտնվում է Հայաստանում, հարվածի տակ է դրվում Հայաստանը, եւ խաթարվում են հարաբերություններն իր հարեւանների հետ։

– Թուրքիան մշտապես շարունակել է PKK-ի եւ Հայաստանի ունեցած կապը։ Հայաստանի հետ կապված լինելը պատիվ է PKK-ի համար, եւ հակառակը, PKK-ի հետ կապված լինելը պատիվ է Հայաստանի համար։ Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, իսկ PKK-ն ներկայացնում է ամբողջ քուրդ ժողովրդին, նրա ռազմաքաղաքական կամքը։

– Թուրքիան հարցը դնում է այսպես. Հայաստանը ապաստան է տվել Օջալանին եւ դրա համար կպատժվի ինչպես Սիրիան։

– Թուրքիան սիրում է բլեֆներ անել, դա նրա հնագույն մասնագիտությունն է։ Թուրքիայում եւ հատկապես ազգայնական շրջանակներում Հայաստանի նկատմամբ առկա է բիոլոգիական ատելություն։ Ցավոք, թուրք ժողովուրդը վարակված է ազգայնականությամբ։ Թուրքիայի քարոզչական մեքենան հնարավորություն չի տալիս մարդկանց ինքնուրույն մտածել. իմաստ ունի ատել հայերին կամ կոտորել քրդերին՝ կազմակերպելով նորանոր ցեղասպանություններ։ Ինչպես երեխային են վախեցնում, ասելով, որ՝ ա՛յ, գայլը կգա, այնպես էլ Թուրքիայում հայերով են վախեցնում։ Այնպիսի տպավորություն են ստեղծում, որ աշխարհում կատարվող ցանկացած վատ բան հայերի ձեռքի գործն է։ Հայ լինելը վիրավորանք է։ Թուրքերը Աբդուլլահ Օջալանին մեղադրում էին հայ լինելու մեջ, իսկ նա մեկ անգամ չէ, որ ասել է. «Եթե ես հայ լինեի, կհպարտանայի դրանով»։ Այսինքն՝ եթե Աբդուլլահ Օջալանը Սիրիայում չէ, նա ուրիշ որտե՞ղ պետք է լինի, եթե ոչ Հայաստանում։ Նման թշնամական կերպար են ստեղծում Իրանի եւ Հունաստանի համար։ Թուրքիան իր ողջ խնդիրները բարդում է իր հարեւանների վրա։ Վերջերս թուրքական թերթերը գրում են, որ Սիրիայից հետո հերթը հասնելու է Իրանին, Հունաստանին եւ Հայաստանին։

– Վերջապես, Աբդուլլահ Օջալանը գտնվե՞լ է Հայաստանում, թե՞ ոչ։

– Օջալանը կարող է լինել ցանկացած տեղ՝ Վաշինգթոնում, Մոսկվայում, Երեւանում։ Դա ոչ թե Թուրքիայի, այլ անձամբ Օջալանի եւ կուսակցության խնդիրն է։ Հայ ընկերները եւս այդպես դյուրագրգիռ չպետք է արձագանքեն եւ վախենան թուրքական ագրեսիայից։

– Դուք խոսում եք հայ-քրդական բարեկամությունից։ Մինչդեռ հայկական բանտերում գտնվում են քուրդ պարտիզաններ։ Մի՞թե դա տեղավորվում է բարեկամության շրջանակներում։

– Մենք շատ ենք ցանկանում, որ նման միջադեպերը չազդեն մեր հարաբերությունների վրա։ 1993-95 թթ. Հայաստանի պետական սահմանի մոտ տեղի էին ունենում ընդհարումներ, եւ մեր պարտիզանները ստիպված հատում էին սահմանը։ Սակայն այժմ սահմանի մոտ վիճակն ավելի կայուն է, իսկ բանտերում գտնվում են 8 ընկերներ, որոնք, հույս ունենք, որ շուտով դուրս կգան՝ նրանք իրենց բաժինը նստել են։ Այո՛, Հայաստանի քաղաքական շրջանակներում շատ են եղել մարդիկ, որոնք խոչընդոտել են մեր բարեկամությանը, բայց դա՝ անցյալում։

– Նշանակո՞ւմ է, արդյոք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Հայաստանի քաղաքականությունը քրդերի եւ PKK-ի հանդեպ փոխվել է։

– Ես չէի ասի, որ քաղաքականությունը կտրուկ փոխվել է։ Մեր հոգում եւ սրտերում ինչ-որ բան փոխվել է, մենք տեսնում ենք փոփոխություններ։ Դա կապված է ոչ թե Քոչարյանի գալով, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալով։ Նրա փոխարեն ով էլ որ գար, մեր հարաբերությունները ջերմանալու էին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031