Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՆԹ»-ԱՀԱՐՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ

Հոկտեմբեր 20,1998 00:00
shant

Մեզ անընդհատ վախեցնում են արտասահմանյան ներդնողներով։ Նրանց ամեն ինչ կարելի է. նրանք կարող են ոտնահարել մեր շահերը, քանդել մեր բնակարանները, հուշարձանները։ Իսկ մենք իրավունք չունենք դրա դեմ ըմբոստանալու, քանի որ նրանք կարող են նեղանալ մեզանից եւ հեռանալ Հայաստանից՝ մեր տնտեսությունը թողնելով այսպես թերզարգացած։ Նույնը վերաբերում է նաեւ իշխանություններին՝ նախագահից սկսած մինչեւ ԲՇՏ-ի տնօրեն։

Մհերյանների ընտանիքը Մաշտոցի շրջանի Առաքելյան 2ա տանը բնակվել է 1970-ից։ Տանն ապրող երեք տղաները եւ նրանց քույրը՝ Բելան, հետագայում ամուսնանում են եւ նույն բակում կառուցում իրենց փոքրիկ կացարանները, որոնց նույնիսկ բնակարան չես անվանի։ Եղբայրներից կրտսերը՝ Լյովան, 1992-ին իրենց բակում տեղադրում է մի մետաղյա տնակ։ «Ես դրամ չունեի քարե բնակարան կառուցելու համար։ Վերջին խնայողություններս դրեցի այս տնակը գնելու համար։ Մի կերպ հարմարվել, ապրում էինք, էլի։ Ճիշտ է, ձմռանը չի տաքանում, իսկ ամռանը սոսկալի տոթ է, բայց մի տեղ, այնուամենայնիվ, պետք է պատսպարվել։ Երկու աղջիկ ունեմ. մեծս յոթ տարեկան է, իսկ փոքրը՝ մեկ, նրանց հետ չէի կարող փողոցում ապրել»,- պատմում է մեր խմբագրություն այցելած Լյովա Մհերյանը։

Սակայն 1995-ին Մհերյանների բնակարանների կողքին կառուցվում է «Շանթ» պաղպաղակի գործարանը, որը ներկայացվում էր որպես ֆրանսահայ գործարարի սեփականություն, մինչդեռ շրջակայքի բնակիչները մեզ հավաստիացնում էին, որ իրենք ոչ մի ֆրանսիացի էլ չեն տեսել, եւ գործարանն աշխատեցնում են Յուրա եւ Մանվել Ղարիբյանները։ «Դեռ 1995-ից նրանք սկսեցին մեզ նեղել՝ պահանջելով ազատել բնակարանները։ Մենք չէինք ցանկանում հեռանալ, բայց ճարահատյալ համաձայնվեցինք։ 1997 թվականի ձմռանը Ղարիբյանները ինձ եւ քրոջս առաջարկեցին 20 հազար դոլար, որպեսզի ես թողնեմ տնակս, իսկ Բելան՝ իր բնակարանը։ Ես խոսեցի նրանց հետ եւ ասացի, որ համաձայն եմ, սակայն սպասենք գարնանը, քանի որ կինս հիվանդանոցում էր, եւ ես չէի կարող այդ վիճակում, երկու փոքր երեխաների հետ տեղափոխվել»,- մեր զրույցի ժամանակ ասում է Լյովա Մհերյանը, որը 1983-ից աշխատում է ՆԳՆ համակարգում, իսկ 1992-94 թթ. ՆԳ հատուկ գումարտակի կազմում մասնակցել է Արցախյան հերոսամարտին։

Սակայն գարնանը «Շանթի» ղեկավարությունը որոշում է հարցը կարգավորել ոչ թե տեղային մակարդակով, այլ իշխանությունների հետ։ Թաղապետարանում, բնականաբար, այն տարածքը, որի վրա տեղադրված է Լյովա Մհերյանի տնակը, վաճառվում է «Շանթին»։ Այժմ արդեն «Շանթի» տերերը սկսում են պահանջել, որ Լյովան ինքնակամ տանի իր տնակը, այլապես նրան իր երեխաների եւ կնոջ հետ դուրս կշպրտեն այդ տարածքից։ Բնականաբար, թաղապետարանն ու թաղապետը կանգնում են «Շանթի» ղեկավարների կողքին։ Տրամաբանական է, որ եթե «Շանթը» պատրաստ էր Լյովա եւ Բելա Մհերյաններին վճարել 20 հազար դոլար, ապա առնվազն դրա կեսը տված կլինի թաղապետարանի համապատասխան դիրքորոշման համար։

«Լավ, որ թաղապետը չի ցանկանում ինձ եւ իմ ընտանիքին պաշտպանել՝ ինչ-որ տեղ հասկանում եմ։ Բայց իմ անձը չեն ուզում պաշտպանել նույնիսկ ոստիկանությունը, իմ գործընկերները։ Քսան օր առաջ խնդրեցի ընկերոջս իր տեսախցիկով նկարել տնակս, որպեսզի հետո վեճերի ժամանակ պարզ լինի, թե մինչեւ «Շանթի» իրականացրած շինարարությունը, ինչպիսին է եղել վիճակը։ Յուրա Ղարիբյանը իր տղաներով ոչ միայն խանգարեց նկարահանմանը, այլ ուզում էր կոտրել տեսախցիկը։ Զանգահարեցի Մաշտոցի ոստիկանություն, նրանք մոտ մեկ ժամ չեկան։ Ստիպված զանգահարեցի քաղաքային վարչություն, որից հետո միայն մեր շրջանի ոստիկանները եկան։ Սակայն նախ զայրացան, թե ինչու եմ զանգել քաղվարչություն, ապա տանելով քաղմաս՝ պահանջեցին ստորագրություն տալ, որր «Շանթից» որեւէ պահանջ չունեմ»,- պատմում է ՆԳ հատուկ գումարտակի ոստիկան Լյովա Մհերյանը, որն ավագ սերժանտ է։

Ավագ սերժանտ Մհերյանը նամակներ է գրել Ռոբերտ Քոչարյանին, Դավիթ Վարդանյանին եւ իր նախարար Սերժ Սարգսյանին։ Միակ արձագանքը եղել է ՆԳ եւ ԱԱ նախարարությունից։ Նախարարը դիմումը մակագրել է քաղաքային վարչությանը։ Քաղաքային վարչությունից Առաքելյան 2ա հասցե է այցելել մայոր Քոսյանը եւ բացատրել, որ ամեն առիթով պետք չէ բորբոքվել։ Շատ հրաշալի խորհուրդ է, թե նկատի չունենանք նաեւ թաղային ոստիկան Լյովա Մադաթյանի տված ժամկետը՝ «Եթե մինչեւ հոկտեմբերի 12-ը ինքնակամ դուրս չգաք, ինքս եմ ձեզ վռնդելու»։

Մենք եղանք Առաքելյան 2ա հասցեում։ «Շանթի» կողմից իրականացվող շինարարությունն աշխույժ ընթացքի մեջ է։ Բելա Մհերյանի բնակարանը արդեն հայտնվել է պաղպաղակի գործարանի բակում եւ փողոց դուրս գալու համար պետք է օգտվել «Շանթի» բակից եւ դարպասից։ «Ասել են, որ ժամը 9-ից հետո պարետային ժամ է հաստատվելու, եւ դրանից հետո որեւէ մեկը չի կարող տուն գալ եւ տնից դուրս գնալ»,- ասաց Բելա Մհերյանը։

Ի գիտություն բոլոր երկրապահների, շինարարության արդյունքում անհետացել է նաեւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Հուշարձանի փոխարեն այժմ փողոց է։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Լրագրողներին հաճախ մեղադրում են միայն քննադատելու եւ ելք չառաջարկելու մեջ։ Մենք առաջարկում ենք 100 տոկոսանոց ելք։ Այս հարցը կլուծվի, եթե Լյովա Մհերյանը ստանա գնդապետի կոչում եւ դառնա փոխնախարար կամ նվազագույնը՝ վարչության պետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031