Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ՄՈԱԲԻՏՅԱՆ ՏԵՏՐԵՐԻՑ»

Նոյեմբեր 07,1998 00:00
Dmitri Martirosyan

Առաքելություն ըստ Շեւարդնաձեի

Նախկին ԽՍՀՄ արտգործ- նախարարի պաշտոնում Շեւարդնաձեի գործունեությանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: ԽՍՀՄ բարեփոխման եւ «վերակառուցման» ընթացքում, պարոն Շեւարդնաձեն մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի այլասերվի երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը, Ռուսաստանը կորցնի իր ինքնուրույնությունը միջազգային ասպարեզում եւ բոլոր առանցքային հարցերում հանդես գա Ամերիկայի Միացյալ Նահանգների հնազանդ արբանյակի դերում: Համաշխարհային քաղաքական անցուդարձի գաղտնիքներին քաջատեղյակ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին առաջնորդ Էրիխ Հոնեկերը, մահից առաջ, իր գրառումներում ուղղակիորեն մեղադրում էր Շեւարդնաձեին դավաճանության մեջ: Կոնկրետ փաստերի վրա հղվելով, նա մեղադրում էր Գորբաչովին ու Շեւարդնաձեին՝ «համայնավարական համակարգի փլուզման» գործում ԱՄՆ եւ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հետ գործարքի մեջ մտնելու համար:

Հոնեկերը գտնում էր, որ ինչպես «ԳԴՀ նորացման» գործընթացը, որն ավարտվեց երկու Գերմանիաների վերամիավորմամբ, այնպես էլ ԽՍՀՄ-ում իրադարձությունների հետագա զարգացումը, ծրագրավորված էր Վաշինգթոնում՝ ԱՄՆ ղեկավարության հետ Գորբաչովի եւ Շեւարդնաձեի անդրկուլիսյան բանակցությունների ընթացքում: Եւ այդ ամենը, դեռեւս «վերակառուցման արշալույսին: Բայց նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր վարկաբեկել ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող համակարգը, թուլացնել կուսակցական ղեկավարությունը: «Գործընթացի սկիզբը խորհրդանշող բանալին թրծվել էր արդեն 1985թ.»,- գտնում էր Հոնեկերը: Շեւարդնաձեին երկար ժամանակ հաջողվում էր ստվերում մնալ: Բայց իրականությունը բացահայտվեց պատահականության քմահաճույքով:

1993թ. օգոստոսին Թբիլիսիի մերձակայքում հրազենից սպանվեց 45-ամյա ամերիկացի Ֆրեդ Վուդրաֆը՝ Վրաստանի ղեկավարի օտարերկրյա խորհրդականը: Հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ ամերիկացին Կենտրոնական հետախուզական վարչության կադրային սպա է: «Թորոնթո սթար» կանադական թերթը, 1993թ. օգոստոսի 16-ին հրապարակեց «Գործակալի մահը բացահայտում է հետախուզության էկզոտիկ կապերը» վերտառությամբ հոդվածը, ուր մանրամասներ հաղորդեց սույն սենսացիոն փաստի վերաբերյալ: Մասնավորապես, թերթն ընդգծել էր, որ ԱՄՆ կառավարությունն առաջին անգամն է, որ չի ժխտում այն փաստը, որ սպանվածն իսկապես ԿՀՎ գործակալ է եւ որ նա, գտնվելով օտար երկրում, կատարում էր ԿՀՎ առաջադրանքը: Այսպիսով, արձանագրում էր «Թորոնթո սթար» թերթը, Վուդրաֆի սպանությունը հաստատում է, նախկինում մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, գաղտնի հրահանգով, հանձնարարել է ԿՀՎ-ին եւ «կոմանդոսների» հատուկ զինվորական ստորաբաժանումներին, գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի Վրաստանում Շեւարդնաձեն մնա իշխանության գլուխ:

Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարեր Շեւարդնաձեն «կոմանդոսների» պաշտպանության ներքո. մարդը, որն Արեւմուտքում հայտնի է իբրեւ «առանձնապես վստահելի քաղաքական գործիչ» եւ մարդը, որը մեծ դեր է խաղացել արեւելյան կայսրության փլուզման գործում: Հարցի պատասխանը ստանալու համար, մեջբերենք մի հատված, ռուսական հատուկ ծառայությունների օտարերկրյա գործակալներից մեկի գաղտնի հաղորդագրությունից. «ԱՄՆ-ը ներկայումս մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի եւ Հայաստանի իշխանության մարմիններում իր ազդեցության ուժեղացման վրա: Այս նպատակով, տարածաշրջան են գործուղվում տարաբնույթ խորհրդականներ եւ մասնագետներ, որոնք, սովորաբար, տեղերում բարեկամական կամ ընկերական կապեր ունեն: Նրանց մի մասը նախապատրաստական փուլ է անցնում ԿՀՎ քողարկված կենտրոններում: Այս անձանց գործունեությունն ուղղված է, նախեւառաջ, Վրաստանի եւ Հայաստանի տարածքում ապակայուն իրավիճակների ստեղծմանն ու նրանց սահմաններին ռազմական բախումների հրահրմանը, որպեսզի «կապույտ սաղավարտների» քողի տակ տարածաշրջան ներխուժեն ամերիկյան զորքերը, հաջորդ քայլով նշված հանրապետություններում տակտիկական միջուկային զենք տեղադրելու նպատակով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ ԱՄՆ-ը ձգտում է իր վերահսկողության տակ վերցնել միջուկային զենքի կրճատման ու ոչնչացման գործընթացը, որպեսզի հետագայում նրան թելադրի իր կամքը, շահարկելով Կովկասում տեղակայված տակտիկական միջուկային զենքի գործոնը: ԱՄՆ-ում կարծիք կա, որ այս ռազմավարությունը մշակվել է Բուշի վարչակարգի կողմից եւ իբրեւ ժառանգություն պարտադրված է Քլինթոնին, քանզի սույն հարցում առանձնապես շահագրգռված են խոշոր ֆինանսական շրջանակները ու նրանց թիկունքում կանգնած ռազմա-արդյունաբերական համակարգը»: Այս կապակցությամբ, ներկայացնենք օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցներից քաղված որոշ տեղեկատվություն: Նախ՝ «կապույտ սաղավարտների» վերաբերյալ: 1994թ. մարտին Շեւարդնաձեն այցելեց ԱՄՆ եւ այցի ընթացքում համոզում էր Քլինթոնին, թե որքան նպատակահարմար է Վրաստանի տարածքում միջազգային ռազմական ներկայության ապահովումը: «Վաշինգթոն փոսթ» թերթը մեջբերել է Շեւարդնաձեի խոսքերն այն մասին, որ միջազգային ռազմական ուժերը պետք է տեղակայվեն Աբխազիայում, որպեսզի «ապահովեն գաղթականների խաղաղ վերադարձը»:

«Առանց ԱՄՆ վճռորոշ մասնակցության… շատ դժվար է պատկերացնել հակամարտության կարգավորումը»,- ասաց Շեւարդնաձեն «Վաշինգթոն փոսթի» թղթակցին: Շեւարդնաձեն վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման հիմքերը դրեց, երկկողմ հայտարարություն ստորագրելով պաշտպանության նախարար Ուիլյամ Դերրի հետ: Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների ռազմական ներկայացուցչությունների բացում եւ «ռազմական համագործակցության ծրագրի» իրականացում, որն իր մեջ ընդգրկում է ամերիկյան աջակցություն եւ ֆինանսական օգնություն Վրաստանի զինված ուժերի վերակառուցմանը: «Կենտրոնական հետախուզական վարչությունը, նախկին խորհրդային հանրապետություններից, ամենաժամանակակից զենքի գնման գաղտնի ծրագիր է իրականացնում», – հաղորդեց «Բոստոն գլոբ» թերթը, հղվելով «ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնական անձի» խոսքի վրա: Նույն աղբյուրի համաձայն. «այդ ուղղությամբ ԿՀՎ ջանքերն ապշեցնում են իրենց արդյունավետությամբ՝ արդեն իսկ ԱՄՆ տրամադրության տակ են նախկին խորհրդային բալիստիկ հրթիռները եւ նորագույն ռազմական ինքնաթիռները»:

Թերթը գրում է, որ իրականացնելով այս ծրագիրը, ԿՀՎ-ն մի շարք հիմնական նպատակներ է հետապնդում. «վկայություն ձեռք բերել, որ ԱՄՆ-ը, ռազմական տեխնիկայի առումով գերազանցում է Ռուսաստանին, ինչպես նաեւ պահովել ամերիկյան զինված ուժերը արժեքավոր տեղեկատվությամբ՝ «երրորդ աշխարհի» երկրների սպառազինությունում գտնվող խորհրդային ռազմական տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ»: Թերթը գրում է, որ նման սպառազինության մեծ մասը ԱՄՆ է ներմուծվում նախկին ԽՍՀՄ հարավային հանրապետությունների միջոցով, քանզի նրանք ունեն դաշտային եւ հակաօդային ժամանակակից տեխնիկա: Այս խնդրում, ԱՄՆ հետ ամենաակտիվը համագործակցող հանրապետությունների շարքին են դասվում Ադրբեջանն ու Վրաստանը, իսկ վերջինիս նախագահի կապակցությամբ ընդգծվում է, որ «Շեւարդնաձեն ԱՄՆ վերջին երկու պետքարտուղարների մոտ ընկերն է»: Ամերիկյան «պաշտոնական անձը» նշում է, որ խորհրդային նախկին սպառազինությունը գնելու համար, ԿՀՎ-ն սովորաբար կապի մեջ է մտնում տեղական հատուկ ծառայությունների հետ: «Նախ որոշվում է անհրաժեշտ սպառազինության տեսակը, ապրանքի գինը՝ դոլարով, իսկ հետո այն դուրս է բերվում երկրից «անձրեւանոցի ու դաշույնի» ասպետների աշխատանքին հատուկ դասական ոճով: Մթության քողի տակ վայրէջք է կատարում որեւէ ինքնաթիռ, առանց տարբերանշանների կամ դրա նման մի բան… Այդպիսի օպերացիաներից նվազագույնը մեկի իրականացման ժամանակ, երկրի նախագահը անձամբ է հավանություն տվել գործարքին»: Կարծում ենք, որ տվյալ դեպքում մեկնաբանություններն ավելորդ են եւ ամերիկյան «կոմանդոսները» ծանրակշիռ հիմքեր ունեն Շեւարդնաձեին առանձնահատուկ պահպանելու համար…

Շարունակելի

Դ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30