Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐՈՒՑՔԻՑ ՄԻ ԹԱՆՁՐ ԿԱԹԻԼ

Նոյեմբեր 17,1998 00:00
zinvor

Վերջերս մի առիթով, մի հավաքի ժամանակ բանակում որդի կորցրած ծնողները գոչում էին, թե բանակն ուտում է մեր ազգի սերուցքը։ Որքան էլ չուզենանք բարձրաձայնել այս մասին, այնուամենայնիվ, այդ ծնողներից ոչ մեկին չես կարող մխիթարել կամ հակառակն ապացուցել։

Իսկ սերուցքի մի կաթիլն էր Նոր Նորքի երկրորդ զանգվածի Թոթովենցի 11/1 շենքի բնակիչ Խաչիկ Պետրոսյանի որդին՝ Արտակ Պետրոսյանը՝ ծնված 1977 թվականին։ Նա ավարտել է ուսումը ԵՊՀ-ում եւ երկու օր անց մեկնել ծառայության՝ էջմիածնի N զորամաս։ Հուլիսի 12՝ Արտակը զինվորական երդում տվեց… Հուլիսի 25՝ տեսակցության օր էր։ Մայրը փոքր որդու հետ գնում է զինվորի մոտ, սակայն վերջինս զորամասում չի լինում։ Ղեկավարներից մեկը հայտնում է մորը, թե տղան փախել է տուն։ Հետո պարզվել է, որ Արտակը սույն ամսի 23-ի գիշերվանից զորամասում չի եղել, իսկ ղեկավարությունը ոչ ոքի ոչինչ չի հայտնել այդ մասին։ Մայրը զրուցել է ոմն Ղալեչյան Դավիթի հետ եւ պարզել, որ վերջինս «գործի» հետ առնչություն չունի… Հուլիսի 26՝ Արտակի հարազատները մտնում են զորամաս ու պահանջում երեխային։ Բոլոր պատասխաններն անորոշ էին։

Հարազատները հայտնում են Էջմիածնի զինվորական ոստիկանություն, որտեղից էլ համապատասխան անձինք մտնում են զորամաս, Դավիթին, «որպես գործին լավատեղյակ», տանում են ոստիկանություն, ծեծում, ահաբեկում, որպեսզի հայտնի ճշմարտությունը։ Դավիթն էլ սկսում է պատմություններ հորինել, միայն թե ազատվի։ Ըստ նրա մի վարկածի, Սամվել անունով մեկը Արտակին տարել ու պահել է. ստուգումները հերքել են այդ վարկածը։ Հետո ասել է, թե իբր ինքն անձամբ խեղդել է Արտակին ու գցել «կանալը»։ Հերքվել է նաեւ երկրորդ վարկածը։ Վերջապես Դավիթը խոստովանել է, թե այդ ամենը հորինում էր՝ իրեն հանգիստ թողնելու համար։ Արտակի հայրը շարունակեց պատմել. «Հետո զանգեցին մեր տուն եւ ասացին, թե ձեր երեխան կողքի գյուղերում է, չմտածեք…»։

Հուլիսի 29՝ նրանց տուն է գալիս հրամանատարը, թե՝ գնանք երեխային փնտրելու։ Կազմակերպվում է փնտրտուք՝ տարբեր ուղղություններով։ Հարազատները տղային գտնում են Արզնու մոտակայքում գտնվող իրենց հողամասում. «Հրամանատարը գիտեր, որ Արտակն այդտեղ է. մոտ չէր գալիս՝ ասելով, թե իրեն կտեսնի, կփախչի»։

…«Տան ապակիները կոտրված էին, տղաս ներսում՝ սոված, ձեռքերը կտրտված, հյուծված…»։ Հարազատները Արտակին տարել են Էջմիածնի զինվորական ոստիկանություն, սակայն տղան վախից ոչինչ չի պատմել («նրան սպառնացել էին՝ կսպանենք»)։ Հարցերի պատասխանները մինչ այսօր չեն ստացվել… Մինչեւ օգոստոսի 12-ը տղան մնացել է ոստիկանության վարչությունում՝ քննությունը շարունակելու համար, որտեղից էլ տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի «շտրաֆնոյ» զորամաս։ Այստեղ մի քանի անգամ Արտակին ինչ-որ մարդիկ են հարցրել, «քսիֆ» է եկել։ Հետո ծեծել են. «Կոտրված էր գլխի ձախ մասը եւ աջ ձեռքը։ Տարել են հիվանդանոց։ Քննիչը ոչինչ չասաց այն մասին, թե տղան վերջին րոպեներին ինչ է ասել, բուժքույրը, բժիշկը ոչինչ «չէին հիշում»։

Վեց օրից տղան մահացել է հիվանդանոցում։ Դիակը ծնողներին չեն հանձնել, միանգամից տարել են դիահերձման, որտեղից էլ մինչ այսօր բժշկական եզրակացություն չի եկել։ Այժմ այս գործը Երեւանի կայազորի դատախազությունում է, քննություն է գնում, ծնողներն ասում են՝ առաջընթաց չկա, գործը տեղից չի շարժվում։ Գուցե, այնուամենայնիվ, կշարժվի՞, բայց… «Տղաս համալսարան էր ավարտել, չորս լեզու գիտեր, կոմպյուտեր գիտեր…»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30