Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՅԱԿ, ԿՈՆՅԱԿ, ԿՈՆՅԱԿ ԷԼ ԿՍՏԱՆԱՍ

Նոյեմբեր 18,1998 00:00
Perno ricar

Եթե ֆրանսիացիները նույնիսկ որոշեն հրաժարվել հայկական կոնյակից, ապա Հայաստանի ընդդիմությունը դրա հետ որեւէ կապ չունի

Հայկական կոնյակի համար պայքարը շարունակվում է։ Եթե այդ պայքարի առաջին փուլին բնորոշ էր «Տարան, տարան, մեր կոնյակը տարան» կարգախոսը, ապա այժմ իրադրությունը նոր, անսպասելի երանգներ է ձեռք բերում եւ չի բացառվում, որ մենք փոխենք մեր կարգախոսը, ասենք, այսպես՝ «Տարեք, տարեք մեր կոնյակը», բայց տանելու ցանկացող չմնա։ Ուրբաթ օրը «Պեռնո Ռիկար» ֆրանսիական ընկերությունը, որը, ինչպես մենք բոլորս համոզված էինք, վերջնականապես գնել էր Երեւանի կոնյակի գործարանը, հայտարարեց, որ դեռ կմտածի՝ արդյո՞ք արժե գնել հայկական կոնյակը։

Ոգելից խմիչք արտադրող եւ վաճառող ֆրանսիական խոշորագույն ընկերության նախագահ Պատրիկ Ռիկարը Փարիզում հայտնեց, որ չնայած ըստ պայմանագրի, վերջնական որոշումը պետք է ընդունվեր մինչեւ այս տարվա վերջը, հայաստանցի գործընկերները ըմբռնումով են մոտեցել ընկերության մտահոգություններին ու եւս կես տարի ժամանակ են տվել մտածելու։ Եթե կարծում եք, որ Պատրիկ Ռիկարի եւ նրա ընկերության մտավախությունը կապված է այն աղմուկի հետ, որը մեր ընդդիմությունը բարձրացրել է կոնյակի գործարանի շուրջ, շոշափելով նույնիսկ նախագահի պաշտոնազրկման հարցը, չարաչար սխալվում եք։ Պատճառը տնտեսական ճգնաժամն է Ռուսաստանում, իսկ ավելի կոնկրետ դրված է մի հարց՝ արդյո՞ք վատթարացած պայմաններում կվաճառվի հայկական կոնյակը։

Դեռ այս տարվա հունիսի 12-ին, երբ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը Փարիզում ստորագրեց «Պեռնո Ռիկարի» ղեկավարության հետ պայմանագիրը, ընկերությունը մի տեղեկանք հրապարակեց, ըստ որի հայկական կոնյակի 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստան։ Եվ ընդհանրապես, Ռուսաստանում վաճառվող կոնյակի 86 տոկոսը հայկական է։ Եվ այն հույսերը, թե ֆրանսիացիները կտանեն, կտարածեն մեր կոնյակն աշխարհով մեկ, մեղմ ասած, արդարացված չեն։ Կոնյակն ընդհանրապես հիմա աշխարհում վատ է վաճառվում։ Մարդիկ գերադասում են մատչելի գարեջուրը, գինին եւ օղին։ Իսկ կոնյակը թանկ է, մրցակցությունն էլ՝ մեծ։ Օրինակ, ինչպես պնդում է մոսկովյան թերթերից մեկը, մի քանի տարի առաջ Երեւանի կոնյակի գործարանի տնօրինությունը Իսրայելին է վաճառել երկու կոնյակի պատրաստման արտոնագիրը, եւ «Արարատ բրենդի» կոչվող այդ ընկերությունը հիմա իր կոնյակն է վաճառում Ամերիկայում։

Իսկ ընդհանրապես կոնյակն արագ վաճառվող ապրանքներից չէ։ Ընդամենը մի ամիս առաջ կոնյակի հայրենիքում՝ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում, գործադուլ էին անում տեղի կոնյակագործները, արգելափակելով ճանապարհները՝ ի նշան բողոքի կոնյակի արտադրության կրճատման դեմ։ Մի խոսքով, ֆրանսիացիները, բնականաբար, հրաշքներ չեն գործելու, այլ վաճառելու են մեր կոնյակը հիմնականում այնտեղ, որտեղ այն մինչեւ այժմ էլ վաճառվում էր։ Բայց հարցն էլ հենց այն է, որ ավանդական սպառողը՝ Ռուսաստանը, այժմ ծանր հիվանդ է եւ պարզ չէ, թե երբ է ապաքինվելու։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ օգոստոսից ի վեր, երբ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ սկսվեց, հայկական կոնյակն այլեւս գրեթե չի առաքվում այնտեղ։ Իսկ, ինչպես գործակալությանը հայտնել են «Պեռնո Ռիկարի» կենտրոնակայանում, Երեւանի գործարանը գնելով, ընկերությունը, որն անընդհատ աշխատում է ընդլայնել իր գործունեության աշխարհագրությունը, նպատակ ուներ հենց ռուսական շուկա մտնել։ Այսինքն՝ կարելի է ասել, որ հայկական կոնյակը պարզապես ճանապարհ էր դեպի ռուսական շուկա, իսկ եթե չկա այդ շուկան, հայկական կոնյակն էլ, կարելի է ենթադրել, ինչ-որ չափով կորցնում է իր հետաքրքրությունը ֆրանսիացիների համար։ Եվ այսպես, «Պեռնո Ռիկարը» մտածելու է կես տարի։ Իսկ հետո՞։ Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպես կզարգանա Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ձեւավորված իրադրությունը՝ պատասխանում է Պատրիկ Ռիկարը։ Իսկ մինչ այդ, ավելացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, համարվելու է, որ «Պեռնո Ռիկարը», այսպես ասած, վարձակալում է Երեւանի կոնյակի գործարանի արժեթղթերը եւ ապահովում է ձեռնարկության ընդհանուր կառավարումը։

Այսինքն՝ այժմ Երեւանի կոնյակի գործարանի ճակատագիրը անմիջականորեն կախված է ռուսաստանյան զարգացումներից։ Եվ եթե տնտեսական իրադրությունն այդ երկրում վատթարանա, ու «Պեռնո Ռիկարը» որոշի հրաժարվել մեր կոնյակից, մեր ընդդիմությունը, իհարկե, կարող է հաղթանակ տոնել, բայց ներդրումների տեսակետից Հայաստանը ծանր հարված կստանա։ Առանց այն էլ մեզ մոտ ներդրումներ կատարել ցանկացողների թիվը այնքան էլ մեծ չէ։ Անցած շաբաթ ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման գործակալությունը հրապարակեց, այսպես կոչված, Աշխարհի ներդրումների ամենամյա զեկույցը։

1996 թ. օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են ընդամենը 18 միլիոն դոլար։ Համեմատեք՝ Վրաստանում 103 միլիոն, Ադրբեջանում՝ 600 միլիոնից ավելի։ Անցած տարի հայաստանյան ներդրումները կազմել են 43 միլիոն դոլար՝ ողջ Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ավելի քիչ եղել է միայն մի երկրում՝ պատերազմող Տաջիկստանում։ Մռայլ երանգներով չավարտենք։ Մենք էլ զանգահարեցինք Փարիզ եւ «Պեռնո Ռիկարի» կենտրոնակայանում մեզ հայտնեցին, որ, իրոք, վերջնական որոշման կայացումը հետաձգվել է, բայց, մեջբերում եմ, «մենք շատ գոհ ենք թե՛ հայկական կոնյակից, թե՛ Երեւանի գործարանից»։

Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է գործարքի վերանայումը, հետեւեց այս պատասխանը. «Դա այն չէ, ինչ մենք ունենք մեր մտքում»։

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30