Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Դեկտեմբեր 05,1998 00:00
Vazgen Manukyan

Ազգային ժողով այցելած Վազգեն Մանուկյանը, որն ընդամենը մի պահ երեւաց խորհրդարանի նիստերի դահլիճում, անմիջապես շրջապատվեց լրագրողներով։ Առաջին հարցով, բնականաբար, նա անդրադարձավ այն դրդապատճառներին, որոնք իրեն Ազգային ժողով էին բերել։

ԱԺՄ վարչության նախագահն ասաց, որ իր այցելությունը շատ պարզ պատճառ ունի։ Տվյալ պահին խորհրդարանում քննարկվող հարցը խիստ կարեւոր նշանակություն ունի ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ մեր երկրի համար ընդհանրապես։ Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ խորհրդարանը կողմ կլինի այն օրենսդրական նախաձեռնությանը, որը ներկայացվել է քննարկման։ Հիշեցնենք, որ այն վերաբերում էր էլեկտրաէներգիայի սակագների սառեցմանը։ ԱԺ նիստերին իր հետագա մասնակցության վերաբերյալ Վազգեն Մանուկյանն անորոշ պարզաբանում տվեց. «Այսօր կարեւոր էր, ես եկա, հետագայի մասին որոշումներ չեմ ընդունել։ Ուղղակի չէի կարող այսօր չգալ»։

Անդրադառնալով ընտրությունները բոյկոտելու հեռանկարին, Վազգեն Մանուկյանն ասաց, թե դա չի բացառվում. «Մի քանի անգամ ասել եմ, որ կողմ եմ պայքարին, որպեսզի օգտագործվի անգամ մեկ միլիմետր առաջընթաց ապահովող հնարավորությունը, բայց կարող է այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծվել, որ բոյկոտն ավելի ճիշտ լինի։ Այդ հարցին, կարծում եմ, նույնիսկ ԱԺՄ դեկտեմբերյան համագումարը չի պատասխանի, որովհետեւ ամեն ինչ նախեւառաջ կախված է նրանից, թե ինչպիսի ընտրական օրենսգիրք կընդունվի եւ ինչպիսի իրավիճակ կստեղծվի Հայաստանում»։

Վազգեն Մանուկյանը հնարավոր համարեց նաեւ նախընտրական նոր միավորումների ստեղծումն ինչպես ընտրությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Բայց մի՞թե անցած 5 տարիների ընթացքում մենք դրանով չէինք զբաղված։ Ես ամբողջությամբ չէ, որ համաձայն եմ Քաղաքական խորհրդի գնահատականներին։ Նախորդ իշխանության գնահատականը մենք բազմիցս ենք տվել ու թեպետ մեզ մեղադրել են, որ միակողմանի ենք գնահատում, սակայն միշտ էլ տարբերակել ենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Մենք նշել ենք այն օբյեկտիվ հիմքերը, որոնք ցանկացած իշխանության օրոք ծառանալու են։ Նշել ենք նաեւ, թե ինչ հետեւանքներ են ունենալու։ Մատնացույց ենք արել այն սխալները, որոնք հիմնականում կատարվել են մարդկանց անփորձության պատճառով։ Երրորդը՝ մենք իշխանություններին մեղադրանքներ ենք ներկայացրել, որ նրանց միտումնավոր քաղաքականությունը կործանարար հետեւանքներ է ունենում երկրի եւ նպաստավոր արդյունքներ՝ իրենց անձնական շահերի համար»։

Ցանկանալով խուսափել իրեն հարցախեղդ անող լրագրողներից, իսկ բազմաթիվ չտրված հարցեր, իրոք, մնացին, ԱԺՄ վարչության նախագահը խոսքն ամփոփեց այսպես. «Ժողովուրդ, ես միշտ պատասխանել եմ ձեր հարցերին, հիմա հասկանալի է ձեր հետաքրքրությունը՝ երկու տարի է, Ազգային ժողով չէի եկել, հիմա եկել եմ ու ասում եմ՝ ես ելույթ չեմ ունենալու, քվեարկելու եմ իմ խղճին համապատասխան, մեր կուսակցության որոշմանը համապատասխան։ Ընդունվելիք որոշումից պարզ կդառնա նաեւ ԱԺ-ն փոփոխվելու հեռանկար ունի, թե՞ շարունակելու է մնալ մեր ժողովրդի համար կարծր ու անպիտան կառույց»։

Քաղաքական դիտորդներն, այնուամենայնիվ, այն տեսակետին են, որ Վազգեն Մանուկյանն այսուհետեւ երբեմն կայցելի ԱԺ, մանավանդ կարեւոր հարցերի քննարկումների ժամանակ, որովհետեւ դեռեւս մինչեւ նախընտրական մեծ մեկնարկը, հանրապետության գլխավոր քաղաքական խոսափողը ոչ թե Թատերական հրապարակում, այլ խորհրդարանում է լինելու։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031