Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊ

Հունվար 23,1999 00:00
Alvard Barxudaryan

Մինչ Հայաստանի «զմրուխտը» շարունակում է արագ լճանալ` արդեն իսկ գոյություն ունեցող Սեւանի հարյուրավոր լճակ ու ճահճուտներին ավելացնելով հարյուրավոր նորերը, հայոց բանակը շարունակում է զորանալ: Օրեցօր: Որովհետեւ, ինչպես ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ «բանակը մեր կայացած միակ ինստիտուտն է»: Ղուկասյանից առաջ, անշուշտ, շատերն են նույն ճշմարիտ միտքն արտահայտել պատեհ առիթների ժամանակ: Մարզպետին մեջբերեցինք, որովհետեւ, ի թիվս այլ հյուրերի, հունվարի 17-ին նա էլ էր ներկա բանակի տոնական մի իրադարձության, որ կոչվում է «մարտական դրոշի հանձնում»: Ու թեեւ սպասվում էր, որ զենիթահրթիռային գնդի ստեղծման 5-ամյա հոբելյանին պիտի գային զորականներ Լեոնարդ Պետրոսյանը, Գագիկ Գեւորգյանը, Մուրադ Կիրակոսյանը եւ էլի ուրիշներ, դա տեղի չունեցավ: Բայց, քանի որ տոնակատարությանը արդեն հասել էին գեներալներ Անատոլի Զինեւիչը, Ալիկ Գեղամի Պետրոսյանը, Էնրիկո /Դատո/ Ապրիամովը, ուրիշ բարձրաստիճան սպաներ եւ պաշտոնյաներ, իսկ գնդի ողջ կոլեկտիվը սրտատրոփ սպասում էր, հանդիսությունը ճիշտ ժամանակին սկսվեց: Գնդի հրամանատարը՝ փոխգնդապետ Արթուր Պողոսյանը հուզված էր:

Բուն արարողակարգ

Նկատել եմ, որ թե՛ Ղարաբաղում, եւ թե՛ Հայաստանում այս հուզիչ /իրոք հուզիչ/ հանդիսությանը նախորդում են արարողակարգի որոշ ճշգրտումներ: Վերջին պահին կրկին բացվում է «ուստավը» եւ մատնացույց արվում այն տողը, որում նշված է, թե, ասենք, դրոշը պատյանից ինչպես պետք է հանվի, կամ այն քանի վայրկյանում պիտի բացվի: Ըստ երեւույթին դրանք շատ կարեւոր են զինվորականների եւ երկրորդական հանդիսատեսի համար: Երբ Մարտունու գնդի հրամանատարը ծնկի իջավ ու համբուրեց մարտական դրոշը, չգիտես ինչու հիշեցի Վեհափառ Հայրապետի օրհնությունը նման մի տոնակատարության ժամանակ: ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակի առաջին մարտական դրոշը հանձնեց ԼՂՀ Կենտրոնական Պաշտպանական Շրջանի գնդին : 1995-ի մայիսն էր: Ըստ էության, բանակի տոնակատարությունների սցենարները բազմազանությամբ այնքան էլ աչքի չեն ընկնում: Հանդիսության սկիզբը ազդարարում է հրամանատարը իր զեկուցման մեջ, հնչում է Հայաստանի պետական եւ հայկական բանակի օրհներգը:

Զինվորական «պրիսյագի» օրերին երդում է տալիս յուրաքանչյուր զինվոր, իսկ այս տիպի տոներին «երդում են ուտում» գնդով, հրամանատարի հետ միասին: Նույնպես միասին «ուռա» են հնչեցնում: Ընթերցվում է ՀՀ նախագահի հրամանագիրը կամ ՊՆ նախարարի հրամանը: Զինվորական պաշտոնյաները, հրամանատարը, երբեմն նաեւ ծնողները ողջույնի խոսք են ասում, որից հետո սկսվում է հանդիսության երկրորդ մասը: Այս ընթացքում շնորհվում են զինվորական կոչումներ, սպաները, զինվորները ստանում են պարգեւատրություններ, դրամական կամ թանկարժեք նվերներ, արձակուրդ, կամ ուղղակի շնորհակալական նամակ՝ ծնողներին: Սա, ինչ խոսք, հանդիսության ամենահաճելի հատվածն է: Տոնակատարություններն ավարտվում են ամենահուզիչ տեսարանով՝ հանդիսավոր երթերով եւ երգերով:

Մի գնդի պատմությունից Հայկական բանակի ստորաբաժանումների մեծ մասի տարեգրությունը սկիզբ է առնում պատերազմական տարիներից, թեեւ ինքը՝ Հայաստանը, ինչպես որ պնդում էինք, ամենեւին էլ պատերազմի մեջ չէր: Գունդը, որի հոբելյանին ներկա էինք մի քանի լրագրողներով, ստեղծվել է 1993 թվին, այն ժամանակ, «երբ թշնամին մարտական գործողություններ էր ծավալել Արցախի դեմ, երբ հրամայական պահանջ դարձավ հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանների պաշտպանությունը հակառակորդի օդուժի ոտնձգություններից: Իր կարճ պատմության ընթացքում գունդը ոչ միայն կարողացավ, այլեւ դարձավ ՀՀ հյուսիս-արեւելյան օդային սահմանների հուսալի պաշտպանը»,- այսպես էր գրված հակաօդային պաշտպանության զորքերի պետի հրամանագրում: Երկու տարի անընդմեջ 5-ամյա այս գունդը ամփոփիչ ստուգումների ժամանակ ստացել է բարձր գնահատականներ եւ այսօր ոչ միայն ՀՕՊ զորքերի, այլ հայկական բանակի լավագույն գնդերից մեկն է:

«Հինգ տարի առաջ՝ մեր ժողովրդի համար պատերազմական ծանր տարիներին, մեր հայրենիքի օդային տարածքի պաշտպանության համար ստեղծվեց զենիթա-հրթիռային այս գունդը: Զինվորները, ենթասպաներն ու սպաները, հրամանատարները պատվով եւ արժանապատվությամբ պաշտպանում էին Սեւանի ավազանի երկինքը: Փառք եւ պատիվ ձեզ: Նկատի առնելով գնդի մեծ ծառայությունները, մարտական բարձր պատրաստականությունը, նախագահի անունից ձեզ հանձնեցի այսօր մարտական դրոշը… Խաղաղ երկինք ձեզ»,- ողջույնի իր խոսքում ասաց գեներալ-լեյտենանտ Զինեւիչը: «Այսպիսի փոխադարձ կապ կա մեր մեջ» Ավելացնենք, որ գնդի ծննդյան տոնակատարությանը նվերներով հանդերձ ժամանել էին նաեւ մարզային իշխանության ներկայացուցիչները, որոնք այնքան բարյացակամ էին, որ անկաշկանդ պատասխանեցին մեր հարցերին:

Մարզպետ Ռուդիկ Ղուկասյան /նվիրել է Shivaki հեռուստացույց/

-Իհարկե, հիշում եմ պատերազմը, տեսել եմ նաեւ այս գնդի հաջողությունները: Բանակն այսօր մեր միակ կայացած ինստիտուտն է: Ցավոք, նույնը չի կարելի ասել քաղաքացիական կառույցների մասին, մինչդեռ այսօր մեծ անելիք ունեն նաեւ քաղաքացիական ինստիտուտները՝ մարզպետը, քաղաքապետարանը, համայնքները, ազգաբնակչությունն, ընդհանրապես: Գեղարքունիքի մարզն ունի 149 կիլոմետր ընդհանուր սահման հարեւան հանրապետության հետ: Մարզպետի հիմնական խնդիրներից մեկը մարզում տեղակայված զինվորական ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքն է: «Որպես զորակոչային հանձնաժողովի նախագահ, ես չեմ կարող հեռու մնալ բանակի կազմավորման, կառուցման խնդիրներից: Մարզի հնարավորությունների սահմաններում օգնում ենք մեր զինված ուժերին»: Պարոն Ղուկասյանը, որպես մարզի թիվ մեկ խնդիր նշեց աշխատատեղերի ստեղծման խնդիրը, որպես լուծված համարելով ենթակառույցների, բյուջեով սպասարկվող մյուս հարցերը:

Մարտունիի քաղաքապետ Ռաշիդ Մհերյան /նվիրել է Dewoo հեռուստացույց/

-Հաճախ եմ լինում զորամասերում, քանի որ մենք ընդհանրապես մեր տղաներին մեր ուշադրության կենտրոնում ենք պահում: Հպարտություն է մեզ համար, որ քաղաքից /Մարտունիից/ այսօր մեր հայկական բանակում ծառայում է 300 զինվոր: Զորամասը մեր կողքին է, ցանկացած հարցում մեզ օգնում է: Քաղաքի բնակչությունն էլ իրոք կանգնած է եւ պատրաստ է աջակցել զորամասին: Մայիսի 9-ի տոնակատարության ժամանակ զինվորները պատշաճ հարգանքի տուրք են մատուցում մեր հայրենական պատերազմի մասնակիցներին: Մեր մանկապարտեզի երեխաները հաճախակի են լինում զորամասում, այսինքն, փոքր երեխաները հագնում են զինվորների շորեր, համերգներ են տալիս զինվորների համար, զինվորներն էլ, իրենց կողմից, նույնիսկ խնայողություններ են կատարում օրապահիկից, նվերներ են տալիս մեր մանկապարտեզի երեխաներին: Այսպիսի փոխադարձաբար կապ կա մեր մեջ:

Մարզպետից ու քաղաքապետից բացի Մարտունիի գնդին մեկական մագնիտոֆոններ էին նվիրել

Էլեկտրացանցի տնօրեն Մարտուն Մելքոնյանը եւ հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը, իսկ մի գյուղապետ եւս իր սրտի խոսքը ցանկացավ արտահայտել: Գեղահովիտ գյուղի համայնքի ղեկավար Ուրարտու Սաֆարյանն էր. «Գյուղը բանակին այսօր 180 զինվոր է տվել, գյուղի շատ տղաներ եղել են մարտիկներ եւ իրենց կյանքն են տվել մեր անկախ պետությանը: Էսօրվա դրությամբ մենք պատրաստ ենք մեր եղած բոլոր սահմանները տրամադրել հանուն մեր հայկական բանակի, հանուն մեր զինվորների՝ մեզ պաշտպանողների: Հաճախակի միջոցառումներ են լինում, մենք մեր հիմնական հնարավորության մոմենտից ելնելով, թե՛ ֆինանսական, թե՛ նյութական միջոցներ ենք տրամադրում: Մեզ մոտ կան երկու ազատամարտիկ, որոնք զոհված են: Մենք հույս ունենք, որ մեր բանակը լրիվ ձեւով կհիմնվի, ոնց որ կա, ըտենց էլ կմնա, ավելի լավ, այսինքն, կլինի»:

Բարեւ, Վազգեն

Հ.Գ. Մինչ Հայաստանը պատրաստվում է պաշտպանության նախարարի կողմից ստեղծվող իշխանության կուսակցության անդրանիկ համագումարին, երկրի զինված ուժերը ապրում են իրենց սովորական առօրյայով, որը միշտ չէ, որ տոն է: Հանդիսությունների ժամանակ, անգամ եթե հստակ գիտեն, որ նախարարը չի գալու, նրան սպասում են: Հրամանատարը, զինվորները, հյուրերը, լրագրողները: Որովհետեւ, այս ինստիտուտի թե առօրյան, թե տոնը, առաջին հերթին Վազգեն Սարգսյանինն է: Զորամասերից շատերում նախարարի դիմանկարը կա, որտեղ Վազգենն իր բանակի պես ջահել ու պայծառ է: Ու թվում է, թե այդ լուսանկարները վաղուց, շատ վաղուց են արված…

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031