Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՐ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԴԱՇՆԱԿ ՍԻՐԵ

Փետրվար 06,1999 00:00
Hyd

Կրթական շաբաթ՝ ազգային խտացումներով

Առանց վարանելու անցնող շաբաթը կարելի է կրթական որակել։ Նույնիսկ ազգիս «ընտրյալները» պատիվ արեցին խոսել կրթության մասին։ Ու քանի որ այդպես հազարից մեկ է լինում, ասենք Կրթության մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն արժանանալիս, հարկ է պատմական պահն անմահացնել։ Իսկ կրթության եւ գիտության նախարարի հարազատ կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, պահն այդ առավել ընդգծելու ցանկությամբ թերեւս, երեկ, երբ ԱԺ-ում պետք էր առաջին ընթերցմամբ ընդունվեր օրենքի նախագիծը (փակագծերում ասենք, որ ընդունվեց 104 կողմ, երկու ձեռնպահ եւ 0 դեմ արդյունքներով), հրավիրել էր Հայաստանի կրթական համակարգի հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողով։

Վերջինի նկատմամբ ուշադրությունը պակաս բուռն չէր. ԵՊՀ-ի Ե. Չարենցի անվան լսարանն այնքան լիքն էր, որ քիչ էր մնում ՀՅԴ-ից միակ պատգամավորը՝ Ռուբեն Հակոբյանը ոտքի վրա մնար։ Բարեբախտաբար, նման խայտառակություն թույլ չտրվեց։ Մանավանդ որ, դահլիճը մի քանի ելույթից հետո կամաց-կամաց դատարկվեց։ Ի՞նչ եք կարծում, ՀՅԴ-ի կազմակերպած գիտաժողովում գերիշխող բառը ո՞րը պիտի լիներ։ Ճիշտ է։ «Ազգային»-ը։ Ես միայն մի քանի զեկույցների վերնագրեր թվարկեմ։ Առանց մեկնաբանությունների։ «Ազգային համալսարանի գաղափարը», «Կրթական համակարգի ազգային բովանդակությունը», «Արմենիզմը որպես ազգային կրթության նպատակ», «Ազգային դպրոց եւ ազգային պետականություն», «Դպրոցը որպես ազգային դաստիարակության հիմնական դարբնոց» եւ այլն։

Ռադիկ Ջարդարար

Կրթության եւ գիտության նախարարի զեկույցի վերնագրում «ազգային» բառը չկար եւ որպես ազգային լրագրող դրան չե՛մ անդրադառնա (հիմնավորումս լուրջ չընդունողներին ասեմ, որ ասաց այն, ինչ ասում է բոլոր լսարաններում, եւ չենք ուզում կրկնել)։ Մանավանդ որ, հաջորդ զեկուցողները մտքի այնպիսի գոհարներով հիացրին, որ ընթերցողների հանդեպ հանցագործություն կլիներ դրանք պատմության համար չանմահացնելը։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նախագահողներից մեկը՝ ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը «կզարգացնի ազգային համալսարանի գաղափարը»։ Դեռ լավ էր, որ վերջինս համեստորեն փաստեց, թե՝ «Ազգային համալսարանի գաղափարը ես չէ, որ պիտի զարգացնեմ, դա հայտնի գաղափար է», թե չէ պարոն Մարտիրոսյանի ելույթը հայտարարված թեմային մոտ էր այնքանով, որքանով տեղին, առավել հաճախ՝ անտեղի, մի նախադասություն էր կրկնում, թե «համալսարանը միշտ բարձր է պահել մեր ազգային նկարագիրը»։ Որպես ապացույց (՞) մանրամասն ներկայացվեց համալսարանի պատմությունը ծննդյան օրից սկսած, բայց ամենացնցողը պարոն ռեկտորի մյուս «ապացույցն» էր։ Հաղթանակած զորավարի ինքնագոհությամբ պարոն Մարտիրոսյանը հպա՜րտ հայտարարեց, թե համալսարանում էր, որ կազմակերպվեց «Բլեյանի ու նրա դասագրքերի փառահեղ ջարդը»։

Արդեն քանի տարի կրթության թիվ 1 «թշնամու» տիտղոսը ոչ ոքի չզիջող Աշոտ Բլեյանի անունը համաժողովի ընթացքում բազմիցս կրկնվեց՝ հայ ազգի մյուս «թշնամիների»՝ Վանո Սիրադեղյանի, Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ այլոց շարքում։ Իսկ Ռադիկ Մարտիրոսյանն այդպես ջանում էր, որպեսզի հիմնավորի իր բողոքն այն առնչությամբ, որ այդքան լավ համալսարանին չեն տալիս հատուկ կարգավիճակ, ինչին այդպես ձգտում է։ «Անշնորհակալ զավակներ» որակվեցին ԱԺ-ի եւ նախարարության այն ներկայացուցիչները, որոնք, լինելով ԵՊՀ-ի շրջանավարտ, չեն աջակցում հարազատ համալսարանին իր այս ցանկության մեջ։ «Ապօրինի զավակներ»՝ այս ճշտող ռեպլիկն արդեն դահլիճից հնչեց։ Մի «անշնորհակալ» ու «ապօրինի» զավակ էլ կրթության եւ գիտության նախարարն է, որին, սակայն, պարոն Մարտիրոսյանը, անկախ դրանից, սիրում է։

Անանյանի վերջին հույսը

Իսկ այ, ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Գառնիկ Անանյանը սիրում ու հարգում էր Լեւոն Մկրտչյանին մինչեւ նախարար նշանակվելը, հիմա «հարգանքը պակասել է», քանի որ «առաջ խոստումներ էր տալիս, իսկ հիմա դրանցից հրաժարվում է»։ Բայց, դե, պարոն Անանյանը հասկանում է, որ նախարարի «ձեռքերը կապում են»։

Բայց այդ ամենը բոլորովին չխանգարեց, որ Գառնիկ Անանյանը գովեստի քաղցր խոսքեր շռայլի ոչ միայն նախարարի, այլեւ ՀՅԴ-ի հասցեին ընդհանրապես՝ համեմելով դրանք ՀՀՇ-ի եւ «տերպետրոսյանական-բլեյանական ազգադավ քաղաքականության» բուռն ու անզիջում քննադատությամբ։ Մի պահ նույնիսկ զարմացավ՝ «Որ ՀՀՇ-ական նախարարը չէր դիմանում (ճնշումներին – Ն. Հ.), հասկացանք, բայց որ դաշնակցական նախարարն էլ չի դիմանում, էլ հույսներս ո՞ւմ վրա դնենք»։ Ու ո՞ւմ մտքով կանցներ, որ բանաստեղծական հուզախռով ոճով ու հնչեղ մակդիրներով սկսված ճառն այնպիսի՜ ընթացք կստանա։ Չնայած՝ հոգուս մեղք չանեմ, ու ասեմ, որ մի այդպիսի գուշակ դահլիճում գտնվեց, որը, երբ Գառնիկ Անանյանը բեմ բարձրացավ, կամացուկ ճշտեց՝ բա Վանոյի մասին չեն խոսելո՞ւ։ Անանյանը խոսեց։ Մի խումբ մտավորականների անունից։ «Համարյա բոլոր գրողների» անունից հանդես եկած Հրանտ Մաթեւոսյանին չներած Անանյանը։ Եվ ներկայացրեց «Հայաստանի թշվառ վիճակը»։ «Ողբամ զքեզ»,- արձագանքեց մեկը դահլիճից, չհասկացվեց՝ ո՞ւմ հասցեին։ Ու հնչեցրեց «շեն երկիրը» «Նոբելյան մրցանակի հույսով» քանդած մեղավորների անունները։ Քանի որ «5-րդ դարից մինչեւ մեր անկախացումը (հատկապես շեշտվեց դաշնակցական հանրապետության շրջանը – Ն. Հ.) կրթությունը եղել է պետական հովանավորության ներքո»։

Իսկ հիմա «25 հազար երեխա լքել է ոչ միայն դպրոցը, այլեւ ընտանիքը»։ «Ունես ուսուցիչ, ունես դպրոց, իսկ մենք գրեթե ուսուցիչ չունենք»,- այս կուռ տրամաբանությամբ եթե բուհերի մասին էլ դատենք… կստացվի, որ մենք հեչ բան չունենք։ Չէ, այս ամենի համար մի գլխավոր «մեղավոր» ունենք՝ Վանո Սիրադեղյանը։ «Մի օրում 100 դպրոցի տնօրեն փոխեց»,- դպրոցի ճակատագիրը «ավտարիտետներին» հանձնելու չարիքի վառ օրինակ իբրեւ հենց սա բերելով՝ արդարացավ, թե «այս օրինակը մինչ նրա (Վանո Սիրադեղյանի – Ն. Հ.) հիվանդանալն եմ գրել»։ Բայց նույնքան «նրբանկատ» չեղավ, երբ բուռն զայրույթով մեղադրում էր, թե «հյունդայիները բերեց-ծախեց, հետո էլ էդ փողերով գնաց արտասահմաններում բուժվելու»։ Լավ էր՝ գոնե Ռադիկ Մարտիրոսյանն այնքան համարձակություն ունեցավ երախտագիտորեն չուրանալ Վանոյին ու խոստովանեց, որ էդ հյունդայիներից մեկն էլ ԵՊՀ-ի ռեկտորն է նվեր ստացել։ Շատ չհամարեք, բայց մի մեջբերում էլ պարոն Անանյանի ելույթից։ «Էլեկտրական սալիկներ են բերել դպրոց, որ միացնելիս ատոմային ռումբի (՜) ուժգնությամբ պայթում են»։ Մինչդեռ դրանց վրա ծախսած փողով կարող էին կենտրոնացված ջեռուցում ապահովել։

Անկապ դիտարկում. հենց պարոն Անանյանը սկսեց իր ճառը, դահլիճի մի թեւը դատարկվեց, չգիտեմ որպես բողոքի՞, թե՞ այլ բանի նշան (նման ավանդույթ ունեցող պատգամավորները կիմանան)։ Իսկ երբ խիստ երկար ելույթն ավարտվեց, դատարկվեց դահլիճի կեսը։

Երեկ բենզին էին ծախում, այսօր՝ իշխում

Մանկավարժական ինստիտուտի ներկայացուցիչը՝ Մկրտիչ Սահրադյանը, չներեց Ռադիկ Մարտիրոսյանին ԵՊՀ-ն գովազդելու համար եւ, ի պատասխան նրա ինքնագովության, թե «համալսարանի գիտական պրոդուկցիան հանրապետության 40 տոկոսն է», խայթեց, որ համալսարանի դասախոսների 20 տոկոսը մանկավարժ չեն կարող կոչվել ու նաեւ կասկածեց, թե «համալսարանի զարգացրած բոլոր ուղղությունները հիմա մեզ պետք են»։ Կրթական համակարգը, ըստ նրա, ոտքի կկանգնի միայն վերջին տարիներին «թալանածը հետ բերելու» հաշվին։ Իսկ «ակադեմիկոսները տրանսպորտի փող չունեն». մինչդեռ «երեկվա բենզին ծախողներն են այսօրվա կառավարության եւ նախարարության աշխատակիցները»։

Ափսո՜ս

Պատկերացնո՞ւմ եք, այսպիսի ազգային խորհրդաժողովում (ասացին՝ հարգելի պատճառով) չհնչեց ամենաազգային պատմաբանի՝ Լենդրուշ Խուրշուդյանի՝ «Կրթական համակարգի ազգային բովանդակությունը» զեկույցը։ Իսկ մենք լավ ենք պատկերացնում, թե մտքի ի՜նչ գոհարներ ունկնդրելու հաճույքից ենք զրկվել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728