Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱ ՎԱԽԵՑԱՎ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԷԼ ԿՍՊԱՆԵՆ, ԻՆՉՊԵՍ ՄՈՆԹԵԻՆ»

Փետրվար 11,1999 00:00
Sargis Cholaqyan

Ազգությամբ հայ Երջանիկ Չոլաքյանը Հորդանանի հանգուցյալ թագավոր Հուսեյնի անձնական օդաչուն էր։ Այժմ նա թագավորի ավագ որդու՝ Աբդալլայի օդաչուն է։ Այս մասին մեզ պատմեց Երջանիկ Չոլաքյանի եղբայրը, Երեւանի շտապօգնության բժիշկ Սարգիս Չոլաքյանը։ Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես…

– Մենք ծնվել ենք Լիբանանում։ 70-ականներին բնակվում էինք Անգլիայում, ուր եղբայրս ընդունվեց եւ ավարտեց Օքսֆորդի համալսարանի օդաչուական բաժինը։ Ավարտելուց հետո տեղափոխվեց Հորդանան։ Հանգուցյալ թագավորի տղան՝ Ֆայսալը, ցանկանում էր օդանավ վարել սովորել։ Եղբորս հանձնարարվեց այդ գործը։ Հետո Ֆայսալի կինը, Աբդալլան (Հուսեյնի ավագ որդին) եւ նրա կինը եղբորս մոտ եկան՝ նույն նպատակով։ Այսպիսով, մեր ընտանիքի կապը բավական ջերմացավ։ Ու եղբայրս դարձավ Հուսեյնի անձնական օդաչուն։ Ժամանակին եղբայրս օդաչուների ակադեմիան էր ղեկավարում, այժմ ավելի բարձր պաշտոն են վստահել։

-Ձեր եղբայրը հայերեն գիտի՞։

-Այո, նա շատ լավ է տիրապետում հայերենին։ Նա անցյալ տարի եկել էր Հայաստան։ Մոտ մեկ ամիս մնաց։

-Ներեցեք, սակայն զուտ հայկական մեկ հարց եմ ուզում տալ. Ձեր եղբայրը Հայաստանի համար որեւէ բան արե՞լ է։

-Նա միշտ օգտակար է լինում այն հայերին, որոնք գնում են Հորդանան։ 88-ի երկրաշարժին նա ցանկանում էր բարձած օդանավ ուղարկել Հայաստան։ Սակայն վերջին պահին, մութ պատճառով, այդ օգնությունը չեղյալ համարեցին ու զինվորական օդանավը դատարկեցին։

-Ձեր պատմածով՝ բավական հայրենասեր եղբայր ունեք։ Իսկ իր մասնագիտական հմտություններով չի՞ ցանկանում օգնել իր հայրենիքին։ Դրա կարիքը ինչ-որ ժամանակ եղել է։

-Ինքը միշտ պատրաստ է գալ, օգնել։ Բայց եթե իմանա, որ այդ օգնությունը լիարժեք պիտի լինի։

-Այսի՞նքն…

-Դե, եթե այդ օգնությունը դժբախտությունով պիտի ավարտվի։ Շատ մարդիկ Ղարաբաղում կռվում էին ազգասիրական ոգով, բայց, դժբախտաբար, ոչ թե թուրքն իրենց սպանեց, այլ հայը։

-Ինքը նման մտավախությո՞ւն ունի։

-Այո։ Ինքը մտավախություն ունի՝ արդյո՞ք իրեն որպես հայ ապահով կպահեն։ Մոնթեի օրինակը ձեզ համար լավ օրինակ է։ Ճի՞շտ է։ Լիբանանում արաբները չկարողացան Մոնթեին սպանել, իսկ Հայաստանում հայերը նրան սպանեցին։

-Նրան Հայաստան գալու առաջարկ եղե՞լ է, թե՞ պարզապես չի ցանկանում գալ՝ Ձեր նշած պատճառով։

-Եթե առաջարկ լինի, ինքը մեծ հաճույքով կգա, բայց ապահովություններով։

-Ձեր եղբայրը ընտանիք ունի՞։

-Նշանված է։ Հայուհու հետ։ Երջանիկը 42 տարեկան է։ Մեզ համար ամենակարեւոր պայմանն այն է, որ կինը հայ լինի։ Օտարազգի աղջկա հետ ամուսնությունը չենք ընդունում։ Ահա այսպիսի պատվի ու հարգանքի են արժանանում հայերն այլ երկրներում, այսպես անձնվիրաբար են ծառայում այլ երկրների ղեկավարներին։ Նրանք գոնե չեն սպանում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728