Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդ-ամենաբարդ-բարդագույն

Փետրվար 11,1999 00:00
Aleqsandr Agamalyan

Երեկ ՀՀ նախագահը պետք է մասնակցեր ՔԽ-ի հերթական նիստին։ Հանդիպումը տեղի պետք է ունենար նախագահի առաջարկով, այդ պատճառով թեման նախագահինն էր լինելու։

Իսկ մինչ այդ, ՔԽ-ի սոցիալ-տնտեսական հարցերի պատասխանատու Ալեքսանդր Աղամալյանը երեկվա բրիֆինգում շատ արագ եւ շատ շտապ լրագրողներին ներկայացրեց ՔԽ-ի սոցիալ-տնտեսական խմբի աշխատանքները։ Սրանով ՔԽ-ը լրագրողների հետ աշխատանքի նոր ոճ է որդեգրում։ Այսուհետեւ խորհրդի անդամները յուրաքանչյուր նիստից հետո կպատմեն ոչ թե հերթական վիճաբանությունների եւ անհամաձայնությունների մասին, այլ կփորձեն ներկայացնել որոշումների արդեն պատրաստի փաթեթ, կոնկրետ ոլորտի շուրջ։

Պարոն Աղամալյանի կարծիքով մամուլում հնչած ՔԽ-ի անգործության վերաբերյալ կարծիքների առիթն այն է, որ խորհրդի աշխատանքը ինչպես որ հարկն է չի ներկայացվում։ Ասվեց, որ սոցիալ-տնտեսական ոլորտում կատարված է մեծ ծավալի աշխատանք։ Մինչ այժմ մամուլում հրապարակվել են ՔԽ-ի երկու գնահատականները՝ էլէներգիայի սակագնի եւ ավանդների վերադարձման վերաբերյալ։ Կարծիք կա, որ այդ եզրակացությունները որեւէ օգուտ չեն տվել եւ չեն նպաստել դրական քայլերի։ Այս կարծիքի հետ, բնականաբար, Ալ. Աղամալյանը չէր կարող համաձայն լինել։ Նրան թվում է, թե նաեւ իրենց եզրակացության շնորհիվ է հսկողությունը էներգիայի ոլորտում կարգավորվում։ ՔԽ-ի լավատեսությունը հասավ գագաթնակետին, երբ պարոն Աղամալյանն ասաց, թե ապագայում սակագների հավանական (կամ՝ անհավանական) բարձրացումից առաջ էներգետիկայի հանձնաժողովը իրեն անպայման հարց կտա՝ անել այդ բանը, թե ոչ, որովհետեւ դեմ կառնի մասնագիտական հաշվարկների. «Մեզ թվում է այդ հոգեբանական պահը ապագայում շատ լուրջ կազդի»։

Սոցիալ-տնտեսական բլոկի հաշվետվությունը տալ եւ չխոսել ընտանեկան նպաստի համակարգի մասին, բանի նման չէր լինի։ Ըստ պարոն Աղամալյանի, համակարգը «այնքան էլ էֆեկտիվ չի լուծում այդ խնդիրը»։ Սակայն առայժմ ՔԽ-ը ոչինչ ձեռնարկել չի կարող։

Տնտեսական ոլորտի առնչությամբ խիստ կարեւորվեց «մի շատ հետաքրքիր ծրագիր»։ Ծրագիրը ներկայացրել է ՀՌԱԿ-ը, էությունը «Արաքս գետի ջրերի ծավալի 5 տոկոսն օգտագործել, ջրմուղով ջուրն ուղղել դեպի Արաբական երկրներ, որտեղ ջրի մեծ պահանջարկ կա»։ Ասենք, որ նախագիծն արժե մոտ 6 միլիոն դոլար։ Ասում են, թե գումարի վերադարձն ավելի արագ կլինի։ Թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ այդքան գումար կներդնի եւ ընդհանրապես ծրագիրը որքանո՞վ է իրականանալի, առայժմ չենք ուզում քննարկել։ Բայց «կառավարությունը դրական է վերաբերվել հարցին»։ ՔԽ-ը քննարկել է նաեւ ոչ շուկայական պարտատոմսերի ծրագիրը եւ դրական կարծիք է տվել։

Ընդհանրապես, պարոն Աղամալյանի ներկայացրած բոլոր հարցերը «բարդ էին, ամենաբարդ եւ բարդագույն»։ Իսկ մասնավորապես, ՔԽ-ն իր վերջին նիստում երկու եզրակացություն է արել. ա) առողջապահության արտոնությունների վերաբերյալ (անվճար բուժսպասարկվում են մինչեւ 7 տարեկանները, բայց երեխա են համարվում մինչեւ 18 տարեկանները)։ Բարդ է, իհարկե, եւ շտապ պետք է պարզել երեխայի կարգավիճակը հանրապետությունում։ Հաջորդը Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգն է։ Սրանով ՔԽ-ի անդամ կուսակցություններն ուզում են ցույց տալ, որ իրենք կարող են այլընտրանք առաջարկել եւ առաջարկում են։ Ըստ պարոն Աղամալյանի, «սա կառավարության ծրագրից ոչ պակաս ծավալուն ծրագիր է, ավելի ռազմավարական է, ավելի հեռանկարային»։

«Հայկական ավիաուղիների» լուրջ իրավիճակի, առայժմ վնասով աշխատող վարձակալած հայտնի ինքնաթիռի հարցը շոշափելով, պարոն Աղամալյանը փափուկ անցում կատարեց «Ամարանտ» ծրագրին, ասվեց, որ սա իսպանական բույս է եւ 1 հեկտարից 100 տոննա բերք է տալիս։ Եթե ծրագիրը ներդրվի, խոզերը, ըստ Աղամալյանի, անպակաս կլինեն եւ էժան։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728