Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՍԴՀԿ-ն համագումարով հակադրվեց կենտրոնին

Փետրվար 16,1999 00:00
yegia najaryan

Փետրվարի 14-ին գումարված Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հայաստանյան կազմակերպության չորրորդ համագումարը կրկին ներկուսակցական պառակտումների եւ անհամաձայնությունների արդյունք էր։

Դեռեւս 1998 թ. փետրվարյան իշխանափոխությունից հետո կուսակցության ցկյանս նախագահ Եղիա Նաճարյանը, որն անվերապահորեն նվիրված էր «ազգընտիր նախագահ» Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա վարած քաղաքականությանը, առժամանակ կասեցրեց կուսակցության ակտիվ քաղաքական գործունեությունը, եւ կազդուրվելու նպատակով մեկնեց Լիբանան։ Իրավիճակը հօգուտ իրեն օգտագործեց ԱԺ-ում ՍԴՀԿ մյուս ներկայացուցիչ Էռնեստ Սողոմոնյանը։ Դեռեւս 1996 թ. վերջից Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը լուրջ դժգոհություններ ուներ Եղիա Նաճարյանի վարած քաղաքական գծից։ Այդ էր պատճառը, որ կենտրոնն իր հայաստանյան կազմակերպությանն ավելի քան երկու տարի զրկել էր ֆինանսական օժանդակությունից։ Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվեց նաեւ կենտրոնական վարչության ատենապետ Վահրիճ Ջերեջյանը 1998 թ. մայիսի 7-ին նշանակելով ժամանակավոր վարիչ մարմին Էռնեստ Սողոմոնյանի ատենապետությամբ։ Այս մարմինը պետք է նախապատրաստեր եւ անցկացներ կուսակցության համագումարը։ Սակայն դրա փոխարեն նոյեմբերին տեղի ունեցավ կոնֆերանս։ Վահրիճ Ջերեջյանն այնքան էլ մեծ աջակցություն չէր ցուցաբերում կուսակցությանը, եւ Հնչակյան կուսակցությունը դատապարտված էր մեկ անձի կուսակցություն դառնալու։

Վիճակը կտրուկ փոխվեց 1998 թ. դեկտեմբերին, երբ Հայաստան այցելեց կենտրոնական վարչության փոխատենապետ, Եվրոպայում Հնչակյան կուսակցության կոորդինատոր Վազգեն Կասեմջյանը։ Վերջինս բավական ֆինանսական եւ ֆիզիկական ջանքեր գործադրեց իր շուրջը հավաքելու կուսակցությունից հեռացածներին կամ անգործության պատճառով մեկուսացվածներին։ Տարաձայնություններ ունենալով Վահրիճ Ջերեջյանի հետ, Կասեմջյանը խնդիր էր դրել ոչ միայն վերածնել Հայաստանի հնչակյան կուսակցությունը, այն դարձնելով լուրջ քաղաքական ուժ, այլ նաեւ կուսակցությունը դուրս բերել Վահրիճ Ջերեջյանի ազդեցությունից։

Փետրվարի 14-ին տեղի ունեցած համագումարը հենց Վազգեն Կասեմջյանի եռամյա գործունեության արդյունքն էր։ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր։ 16 մասնաճյուղերից մասնակցում էին 113 պատգամավորներ։ Համագումարի վերջում երդում տվեցին 164 նորագիր հնչակյաններ։ Համագումարին մասնակցում էին ՀՀՇ, ՀԱՄԿԿ, ՀՀՀԴ, ՀԺԿ ներկայացուցիչներ, արդարադատության փոխնախարարը եւ «Կրեդիտ- Երեւան» բանկի կառավարչի տեղակալները։ Վերջիններս եկել էին պարզելու, թե վերջապես ով է ներկայացնում ՀՍԴՀԿ-ն։ Պատճառն այն է, որ Էռնեստ Սողոմոնյանը չունենալով կենտրոնական վարչության կնիքը (այն գտնվում է Եղիա Նաճարյանի մոտ), ինչպես համագումարում հայտարարեց Էջմիածնի մասնաճյուղի ղեկավար Կարո Պողոսյանը, իրենից խաբեությամբ վերցրել է մասնաճյուղի կնիքը եւ գողացված բլանկներով ֆինանսների նախարարությունից «Կրեդիտ-Երեւան» է փոխանցել կառավարության կողմից տրամադրված 7,5 միլիոն դրամը, իսկ ապա յուրացրել այն։

Արմավիրի մասնաճյուղի ղեկավար Վարուժան Մխիթարյանն առաջարկեց Էռնեստ Սողոմոնյանին հեռացնել կուսակցությունից եւ արգելել նրան հանդես գալ կուսակցության անունից։ Այս առաջարկությունն ընդունվեց 84 «կողմ», 1 «դեմ» եւ 3 «ձեռնպահ»-ով։ Իսկ մինչ այդ, հրաժարական տվեց կուսակցության ցկյանս նախագահ Եղիա Նաճարյանը, համագումարին խնդրելով կուսակցության կանոնադրությունից հանել նախագահի պաշտոն սահմանող կետը։ Եղիա Նաճարյանի հրաժարականն ընդունվեց ընդամենը 5 «դեմ»-ով։ Եղիա Նաճարյանը հայտարարեց, որ իրեն որեւէ ուժ չէր կարող պարտադրել հրաժարական տալ, սակայն կա առողջության հանգամանքը, որն իրեն ստիպում է երկարատեւ բացակայել հանրապետությունից։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ սփյուռքում շատերը եւ հատկապես Վահրիճ եւ Եղիկ Ջերեջյանները ցանկանում են հայաստանյան կազմակերպությունը տեսնել գաճաճ վիճակում։ Ես ողջունում եմ ընկեր Կասմեջյանի գործունեությունը Հայաստանում, եւ հույս ունեմ, որ այն կվերածնի կուսակցությունը»,- հայտարարեց Եղիա Նաճարյանը, հույս հայտնելով, որ իր հրաժարականը կնպաստի կուսակցության առողջացմանը եւ դեմոկրատացմանը։

Կենտրոնական վարչության աշխատանքները գնահատելիս հնչակյան պատգամավորների ձայները գրեթե կիսվեցին։ Առավել ակտիվ էր ԳԱԱ փոխնախագահ, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որը կտրուկ պահանջում էր՝ այն անբավարար գնահատել։ Ի վերջո, այս տարբերակը չանցավ, աշխատանքը գնահատվեց բավարար, եւ համագումարը Եղիա Նաճարյանին շնորհակալություն հայտնեց կուսակցության հայաստանյան մասնաճյուղը հիմնելու եւ անմնացորդ ծառայելու համար։

Համագումարում բանաձեւ ընդունվեց «Հանրապետություն» միավորումից դուրս գալու մասին։ Պատասխանելով մեր հարցին, թե բանաձեւից հետեւում է, որ ԱԺ «Հանրապետություն» խմբից պետք է դուրս գա Եղիա Նաճարյանը, վերջինս ասաց. «Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ մենք ինքնուրույն չէինք կարող տեղ ունենալ խորհրդարանում։ Մենք օգտվել ենք դաշնակից կուսակցությունների հեղինակությունից, եւ այսօր իրավունք չունենք լքելու նրանց»։ Էռնեստ Սողոմոնյանն իշխանափոխությունից հետո «լքել էր նրանց»։

Կուսակցությունը, հավանաբար, կփոխի իր ռազմավարությունը։ Վերջին 10 տարիների ընթացքում ազգային անկախության ամրապնդումը համարելով առաջնային խնդիր, շեշտադրումներ չի արել սոցիալական ուղղվածությանը։ Եղիա Նաճարյանն այս հարցում եւս ընդդիմադիր է, կուսակցության սոցիալականացման միտումը համարելով վտանգավոր։ Համագումարը ընտրեց 15 հոգուց կազմված նոր վարչություն, որն էլ կընտրի նոր ատենապետ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728