Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ եւ ԱԱ նախարարի պարզաբանումները

Փետրվար 17,1999 00:00
Serj Sargsyan

Փետրվարի 16-ին Ազգային ժողով էր եկել ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, որին միջանցքում անմիջապես շրջապատեցին լրագրողները։

Ակտիվ էր հատկապես «Ա1+» հեռուստաընկերության թղթակցուհին, որը ՆԳ եւ ԱԱ նախարարից հետեւողականորեն պարզաբանումներ էր ջանում ստանալ Արծրուն Մարգարյանի թիկնապահներից մեկի փաստաբանի հայտարարությունների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանն ասաց, որ Արմեն եւ Արսեն Խաչատրյանները որեւէ ֆիզիկական ներգործության չեն ենթարկվել եւ չեն էլ ենթարկվելու։ Թղթակցուհու հարցին, որ կա համապատասխան արձանագրություն, ՆԳ եւ ԱԱ նախարարը պատասխանեց, թե տեղյակ չէ նման փաստաթղթից։ Սովորաբար, արձանագրությունը կազմվում է դատական բժշկի մասնակցությամբ։ Տվյալ պարագայում, կասկածյալն ու փաստաբանը կարող են շատ բան ասել։

Սերժ Սարգսյանը բացառեց նաեւ թիկնապահների ինքնասպան լինելու հնարավորությունը՝ ասելով, որ ինքը նրանց կյանքի համար երաշխիքներ տալիս է։ Պարզվեց նաեւ, որ Արծրուն Մարգարյանն իբրեւ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար իրավունք չուներ ի պաշտոնե թիկնապահներ ունենալ։ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները նրան ուղեկցել են հենց Արծրուն Մարգարյանի հրամանով։

ՆԳ եւ ԱԱ նախարարը խոսելով նշյալ գործի հետաքննությանը ամերիկացիների եւ ռուսների մասնակցության մասին ասաց, որ աշխատանքն իրականացվում է համատեղ։ Ժամանել է մեկ ամերիկացի, իսկ ռուսները եկել են խմբով ու շատ ինտենսիվ աշխատում են։ Արծրուն Մարգարյանի կյանքն ընդհատող կրակոցները հնչել են գիշերվա 23.45-ի եւ 00.25-ի ընթացքում։

Նախարարը պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին։ Նա մեկ անգամ եւս հավաստեց, որ Արծրուն Մարգարյանի մատները ջարդված չեն եղել։ Իրեն 15 օր ԶՈՒ հրամանատարների կողմից ժամանակ տալու վերաբերյալ ասվեց հետեւյալը. «Օրագիր» թերթը, ինչպես միշտ, այս անգամ էլ իմ մասին հերյուրանք է տպագրել։ Հրամանատարների հետ հանդիպում եղել է, բայց այլ մթնոլորտում։ Խոսք չի եղել որեւէ ժամկետի մասին, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ ինձ ժամկետ կարող է տալ միայն հանրապետության նախագահը եւ ուրիշ ոչ ոք։ Այդպիսի բան չի եղել։ Դա հերյուրանք է»։

Սերժ Սարգսյանը անպատասխան թողեց «Առավոտի» հարցը, թե ԶՈՒ հրամանատարներից ովքեր են ներկա եղել։

Վանո Սիրադեղյանի նկատմամբ կիրառվելիք միջոցների մասին հարցին՝ եթե, իհարկե, խորհրդարանը համաձայնություն տա, նախարարը պատասխանեց. «Մենք օգտագործելու ենք բոլոր միջոցները»։

Խոսք եղավ նաեւ գեներալ Ռոմեն Ղազարյանի որոնման մասին «Ինտերպոլի» հայկական մասնաճյուղին հրահանգ չլինելու առնչությամբ։ Նախարարը հավաստեց, որ, իրոք, այդպիսի բան չկա, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը այդ ոլորտում համագործակցելու պայմանավորվածություն ունեն։ Սերժ Սարգսյանը բացառեց նաեւ այս վերջին տարվա ընթացքում Ռոմեն Ղազարյանի Հայաստանում եղած լինելու հնարավորությունը, ասելով, որ այդ պարագայում նա անպայման ձերբակալված կլիներ։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728