Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Փետրվար 20,1999 00:00
partq

Միլիոնավոր դոլարների անարդյունավետ տնօրինողներ

«Սկադենի» մասին գրելը լրագրողական հետաքննության խնդիր չէ։ Փաստերը շարադրված են ԱԺ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցում, մնում է գործող անձանց ու հարակից իրադարձությունների մասին տեղեկություններով խճապատկերը հավաքել։ Ճիշտ է, «Սկադենը» տանիք է ծառայել շուրջ կես միլիոն դոլարի «անարդյունավետ տնօրինման» համար, ինչը համեստ ցուցանիշ է, բայց մասնավոր օրինակով կարելի է եւ ընդհանուրի մասին դատել։

 Ով ռիսկի չի դիմում՝ նա շամպայն չի խմում

1993-ի փետրվարի 13-ին, գրեթե նախօրեին վարչապետի պաշտոնը ստանձնած Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանի կաբինետի դեռ չփոփոխված կազմը գումարում են կառավարության նիստ ու կայացնում մի շարք որոշումներ։ Դրանց թվում՝ թիվ 42 որոշումը, որի 6-րդ կետով սահմանվում է. «Տեխնիկական օգնության ծրագրերի կատարման ընդհանուր հսկողությունն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»։ Մի քանի օր անց ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվում Արմեն Եղիազարյանը։ Բագրատյանն իբրեւ իր հոգեզավակ նախարարների ակնառու արժանիք՝ նշել էր «օտար լեզուների իմացությունը եւ ֆաքսով աշխատելու կարողությունը»։

Նույն 1993-ի ապրիլին Հայաստանին է տրամադրվում, ըստ էության, առաջին արտասահմանյան վարկը՝ «Կառուցվածքային համակարգի բարեփոխումների վարկ» 12 մլն ԱՄՆ դոլար, (տրամադրում է Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկը)։ Էկոնոմիկայի նախարարությունը Արմեն Եղիազարյանի գլխավորությամբ ի կատարումն 42 որոշման 6-րդ կետի, պետք է վարկային միջոցների օգտագործման նկատմամբ ընդհանուր հսկողության իրականացման մեխանիզմ ստեղծեր։ Ի՞նչ է արվում։ Փոխարեն նախարարության կազմում ստեղծելու ենթակառույց (ստույգ՝ Ծրագրերի իրականացման գրասենյակ), անկախ կառույց է ստեղծվում նախարարության կազմից դուրս։ Կառույցն անվանվում է Արտասահմանյան օգնության կոորդինացման կենտրոն, գրանցվում է էկոնոմիկայի նախարարությանը կից, օժտվում է պետական ձեռնարկության կարգավիճակով, ղեկավար է նշանակվում Թարվերդյան ազգանվամբ մեկը (արտասահմանյան վարկային ծրագրերի նախկին բաժնի պետը էկոնոմնախում) եւ… ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում՝ էկոնոմնախն այդ Կենտրոնին է վերահասցեագրում 42 որոշման 6-րդ կետով իրեն վերապահված ընդհանուր վերահսկողության լիազորությունը։

Նախարարությունն իրավասու չէր կառավարության որոշում փոփոխել, ոչ էլ դրան հակասող իրավաբանական ակտ ընդունել ու գործադրել։ Իշխանազանցությունն ինքնին քրեական հանցանք է։ Բայց առավել ուշագրավ է կատարված քայլի վիրտուոզությունը՝ լիազորությունը վերահասցեագրվում է մի մարմնի, որն իրավասու չէ՞, դա գործադրել։ Արդյունքում էկոնոմնախը տեխնիկական օգնության ծրագրերի կատարման ընդհանուր հսկողություն չէր իրականացնելու դե ֆակտո (կենտրոնն է վարկերով զբաղվում), կենտրոնն էլ դե յուրե օժտված չէր նման լիազորությամբ (կառավարության որոշմամբ՝ հսկողություն իրականացնող սահմանված էր էկոնոմնախը)։ Վերահսկողության մեխանիզմի փոխարեն անհսկելիության լաբիրինթոս է ստեղծվում։ Արմեն Եղիազարյանի վիրտուոզ քայլով պատերազմի, ցրտի ու խավարի մեջ ընկղմված Հայաստանում կանաչ լույս է վառվում արտասահմանյան վարկերի «անարդյունավետ տնօրինումների» առջեւ։

Երբ ծովը ծնկներից է

Ասպարեզում «Կառավարման համակարգի բարեփոխումների վարկն էր, եւ «անարդյունավետ տնօրինելու» համար նպատակահարմար է թվում վարկային համաձայնագրի իրավական բարեփոխումների ծրագիրը։ Ծրագրի կատարման պատասխանատու սահմանված էր ՀՀ արդարադատության նախարարությունը։ Մինչդեռ Արդարադատության նախարարության մասնակցությունը սկսվեց եւ ավարտվեց… «Սկադենի» ընտրության դեմ առարկությունով։ Իսկ շքահանդեսի հրամանատարությունը ստանձնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Արմեն Եղիազարյանի գլխավորությամբ։

Սկսել հարկավոր է իհարկե այնտեղից, որ Հայաստանը նորմատիվային իրավունքի երկիր է, հետեւաբար որեւէ իրավական բարեփոխում իրագործելի էր Սահմանադրության ընդունումից հետո։ Բայց մինչեւ Սահմանադրության ընդունումը «ով ողջ, ով՝ վախճանվա՜ծ»… Այնպես որ, հայտնի ասույթի ոգով, թե Մուհամեդը չգնա սարի մոտ, սարը կգա Մուհամեդի մոտ, որոշվեց, որ իրավական բարեփոխումը կարող է նախորդել Սահմանադրության ընդունմանը։ Մնում է հայտարարել միջազգային մրցույթ խորհրդատվական օժանդակության համար։ 1998-ի Կոնյակի սկանդալի ժամանակ Արմեն Եղիազարյանն ասել էր. «Կոնյակի գործարանը գնելու համար պետք է «Ֆայնենշլ թայմս» կարդալ»։

1993-ին նա երեւի պատճառ ուներ ընդհանրապես չծանուցելու, թե ինչ կարդալ, այնպես որ, մրցույթում միայն երկու կազմակերպությունների հայտ գրանցվեց՝ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից։ Բրիտանական ընկերության՝ «Սկադենի» դեմ (լրիվ անվանումը՝ Սկադեն, Արփս, Սլեյթ, Մառ եւ Ֆլոմ) առարկում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ իրավական բարեփոխումների ծրագրի հայաստանյան պատասխանատուն։ Անգլո-սաքսոնական եւ մայրցամաքային իրավական համակարգերի տարբերությունը սպորտային համանմանությամբ նույնն է, թե ֆուտբոլի թիմի համար ռեգբիի մարզիչ հրավիրվի կամ, ասենք, հոկեյի համար՝ կրիկետի։ Այդուհանդերձ, էկոնոմնախին ներհատուկ էր մարտնչող տգիտությունը, թե՞ դոլարներն էին ոսկու փայլ ստացել ու շլացրել, վերջինս Արդարադատության նախարարությանն իր առարկությունների հետ թողնում է նավախելից դուրս, ինքն է մրցույթի մասին տալիս եզրակացություն եւ ընտրում է… «Սկադենին»։ 1994-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության տնտեսագիտական վարչությունը «Սկադենի» հետ կնքում է 857 հազար ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիր։ Ծովը դառնում է ծնկներից։

Բառացիորեն տասը օր անց՝ նոյեմբերի 1-ին, «Սկադենը» 90720 ԱՄՆ դոլարի վճարային պահանջագիր է ներկայացնում։ Իհարկե, գումարը «Սկադենը» ստանում է, եւ, ի՞նչ եք կարծում, ո՞ր ծառայության համար։ Տասը օրում քանի՞ իրավաբան էր հասցրել Բրիտանիայից ժամանել, որ դեռ խորհրդատվություն ծավալեր։ Ի՜նչ Բրիտանիա, ի՜նչ իրավաբան, ի՜նչ խորհրդատվություն… 90720 դոլարից 47 հազարը վճարվում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնի տնօրեն Բաբկեն Վարդանյանին։ Ուղղակի վիրտուալ իրականություն՝ մարդը, գտնվելով Վաշինգթոնում, օրենսդրություն է մշակել Երեւանում՝ ինքն էլ չլինելով իրավաբան։

Մոտավորապես 26000 դոլար էլ Արեւմուտքում բանկային հաշվեհամար է նստեցվում ոմն Հենրի Հոլի անունով (պայմանագրով նրան վճարվելու էր 15000 դոլար)։ Մի տասնհինգ հազար դոլար էլ վճարվում է փարիզաբնակ Իսահակ Շապիրոյի՝ անշուշտ, ոչ իրավաբան, դարձյալ ԱՄՆ քաղաքացի։ Վերջապես, խղճուկ 1000 դոլար էլ փոխանցվում է Էվելին Գարդների, վերջինս պաշտոն, քաղաքացիություն, բնակության վայր չի ունեցել (եթե ոչ բնության մեջ ընդհանրապես, ապա գոնե «Սկադենի» թղթապանակներում)։ Երեւակայեք միայն։ Չասենք Արմեն Եղիազարյանի կամքով, ասենք՝ Աստծո կամքով, «Սկադենում» հավաքագրված վերոնշյալ անձինք պայմանագիրը ստորագրելուց չորս ամիս առաջ (1.07.94 թ. մինչեւ 31.10.94 թ.)… արդեն ձեռնամուխ էին եղել պայմանագրով նախատեսվող աշխատանքների կատարմանը։ Պայծառատեսության ի՜նչ բնատուր օժտվածություն։ Արդյունք, ամփոփիչ որեւէ փաստաթուղթ, իհարկե, գոյություն չուներ, բայց երբ ծովը ծնկներից է, արդյունքների մասին ի՞նչ մտահոգություն։

ՀՀ կառավարությունը «Սկադենի» առաջին վեց ամսվա գործունեությունը Հայաստանում գնահատում է «անբավարար», եւ այդ անբավարար աշխատանքի համար էկոնոմնախը «Սկադենին» վճարում է 104000 դոլար։ «Սկադենի» «աշխատանքը», իհարկե, նույն ոգով էլ շարունակվում է՝ երբեւէ չդառնալով բավարար, էկոնոմնախն էլ «Սկադենին» վճարում է հարյուր հազարավոր դոլարներ այդ աշխատանքի դիմաց։ Պատշաճ ձեւականություն ապահովելու համար հաշվետվություններ են ներկայացվում «Սկադենի» խորհրդականների կողմից, իբրեւ թե ՀՀ օրենքների նախագծեր մշակելու վերաբերյալ՝ «Անշարժ գույքի մասին», «Գովազդի մասին», «Բանկային գաղտնիքների մասին» եւ այլն։ Դրանց փորձաքննությունից էլ պարզվել է, որ նախագծերի եւ ԱԺ-ում ընդունված օրենքների միջեւ կան, մեղմ ասած, «էական տարբերություններ» (ԱԺ իրավաբանական ծառայության գնահատականն է)։ Նույնն է, թե չկատարելով որեւէ օգտակար գործ (ՕԳԳ-ն նույնը կլիներ, եթե «Սկադենի» խորհրդականները օճառե պղպջակներ արձակելով զբաղվեին), այս կառույցը Հայաստանին տրամադրված վարկային միջոցներից փոշիացրել է գումարներ, ի դեպ, վերջին 64000 դոլարը նույն սցենարով, ինչ առաջին 92700-ը։

«Սկադենի» հաշվետվություններում նշվող վերջին ամսաթիվը 1996-ի մարտն է։ 1996-ի ապրիլի 23-ի զեկուցագրով Համաշխարհային բանկի վերահսկիչ առաքելության կողմից «Սկադենի» աշխատանքները գնահատվում են անբավարար, պայմանագիրը վաղաժամկետ լուծարվում է։ Այդուհանդերձ, 1995-ի նոյեմբերից հետո ընկած ժամանակահատվածի համար, ներառյալ 1996-ի ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսները, վճարվում է նույն Բաբկեն Վարդանյանին 19000 դոլար, ինչ-որ Անն Պոլոկին՝ 15000, անհայտ ծագման Դուգլաս Վայնբերգին՝ 16930, եւ արդեն անանուն պրն Ու.-ին (փաստաթղթերում Ու. Ուիքս)՝ 10350 դոլար։ Վճարումները կատարում է էկոնոմնախը, իբրեւ նախարար պաշտոնավարում էր Վահրամ Ավանեսյանը։

Это лишь цветочки

Շատերն այն մարդկանցից, ովքեր տեղյակ են Հայաստանում արտասահմանյան վարկերին վիճակվող ճակատագրերին, «Սկադենի» կապակցությամբ ասում են՝ ето лишь цветочки։ Նրանք, թերեւս ճիշտ են։

«Կառավարման համակարգի բարեփոխումների վարկը» անարդյունավետ օգտագործման ծավալով եւ ցուցանիշներով նույն կարգում է, ինչ ասենք «Ոռոգման համակարգի վերականգնման վարկը», «Մեծածախ շուկայի կառուցման», «Կարգո տերմինալի» մասին է խոսվում, սակայն դրանց կողքին կան կետաձկներ։ Շքերթը գլխավորում է «Հրազդան ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման վարկը», որի 57 մլն դոլար արժեքից 45 միլիոնը արդեն օգտագործվել է, իսկ բլոկը կառուցված չէ։ Սակայն էականը անարդյունավետ օգտագործումների ծավալները չեն, այլ գործողության մեխանիզմը՝ մասնավոր օրինակով կարելի է եւ ընդհանուրի մասին դատել։ Դեռ 1997-ին ԱԺ Վերահսկիչ պալատը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու «Սկադենին» առնչվող օրինախախտումների փաստերի առթիվ։ Գործ չի հարուցվել։
1998-ին եւս երկու անգամ Մաքեյանի գլխավորած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն է դիմել՝ դարձյալ ապարդյուն։ Դատախազությունն ընդունում է, որ ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը, բայց դրանցում հանցակազմ չի տեսնում։ Դատախազությունից կբացատրե՞ն, թե ինչ տարբերություն են տեսնում «Սկադենին» կատարված վճարումների պայմանների (թեկուզ 90000 դոլարի վճարումը պայմանագիր կնքելուց տասը օր անց, երբ կատարված աշխատանքի կամ արդյունքների ամփոփիչ փաստաթղթեր չկան) եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 90, 901 91 հոդվածների դիսպոզիցիաների միջեւ։ Եթե տարբերություն չեն տեսնում, ինչո՞ւ հոդվածների սանկցիաները չեն կիրառում։

Արդյո՞ք դեր է կատարում այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի որ հոդվածներով էլ մեղադրանքներ ներկայացվեն Արմեն Եղիազարյանին, նույն մեղադրանքները պետք է ներկայացվեն Վահրամ Ավանեսյանին։ Իսկ «պրոֆեսորը», ինչպես նրան կոչում են կառավարական շրջանակներում, գործող անձ է ոչ միայն ինչ-որ իշխանազանցության կամ «Սկադենի», «Արմավենու» գործարքներում, այլ, ասենք, «ԱրմենՏելի», կոնյակի եւ մնացյալ սկանդալներում։ Ո՞վ կարող է պնդել, թե Ավանեսյանը իր վերադասի վերաբերյալ նույնքան տպավորիչ դոսիեի չի տիրապետում, որքան սըր Ռոբերտ Գրինը՝ «Անգլիա կոնսալթինգից»։

Ինչեւէ, առաջիկա եռօրյայում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որ ուսումնասիրում էր արտասահմանյան վարկերի օգտագործման արդյունավետությունը, թերեւս կներկայացնի իր հաշվետվությունը, ինչպես իրենք են կատակում՝ վերջապես կանցնեն փաթեթային տարբերակի։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ անարդյունավետ տնօրինողների շարքում հնչելու են նաեւ ներկա կառավարության անդամների եւ գործող մարզպետների ազգանուններ։ Իսկ խորհրդարանական show-ները ընդդեմ Սիրադեղյանի, մասնակցությամբ գլխավոր դատախազի, պատվերով ՀՀ նախագահի, այլեւս չեն կարող փրկօղակի դեր կատարել հասարակական ուշադրությունը տնտեսական հանցագործություններից շեղելու խնդրում։ Վանիկ Սմբատիչը հանրապետությունում չէ, մինչդեռ տնտեսական հանցագործությունների թեման օրակարգում է։ Եվ ողջ հանրապետությունն ականատես կլինի, թե որքանով է հանրապետության նախագահը նախանձախնդիր ոչ թե քաղաքական հաշվեհարդարներ կազմակերպելու, այլ պատժելու տասնյակմիլիոնավոր դոլարների վատնումներ, յուրացումներ, հափշտակումներ, եթե նույնիսկ դրանք լինեն իր մերձավոր շրջապատի կողմից իրագործված։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728