Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահների որոշումը՝ դիվանագիտական մեծ գաղտնիք

Փետրվար 23,1999 00:00
eahk

Փետրվարի 15-ին Վիեննայում, այնուհետեւ, 2 օր անց Մոսկվայում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումներ։

Ընդհանրապես, նման աշխատանքային հանդիպումներից հետո մամուլին է հասցվում տեղեկատվական որեւէ թողարկում, որտեղ համանախագահները հանդես են գալիս հարցի խաղաղ լուծման, իսկ հակամարտության կողմերը՝ իրենց շահը հաշվի առնելու հույսի արտահայտմամբ։ Վերոնշյալ հանդիպումներից հետո նման բան տեղի չունեցավ։ Ավելին, Վիեննայի հանդիպման հաջորդ օրը, մենք, փորձելով պարզել, թե ինչի մասին է խոսքը գնացել, նախ կապվեցինք ՀՀ ԱԳՆ-ի հետ։ Մեզ պատասխանեցին, որ քանի որ ՀՀ-ն բանակցության կողմ չէ, մեզ ոչինչ չեն կարող ասել, եւ խորհուրդ տվեցին կապվել համանախագահ երկրների դեսպանությունների հետ։

ԱՄՆ դեսպանությունը մեզ տեղեկացրեց, որ իրենք առայժմ հարցից տեղյակ չեն եւ խորհուրդ տվեցին կապվել Վիեննայում գտնվող համապատասխան մարմինների հետ։ Ֆրանսիայի դեսպանությունում այդ ժամանակ խորհրդակցություն էր, որի ավարտից հետո խոստացան կապվել մեզ հետ, եւ՝ չկապվեցին։ Ամենապարտաճանաչը Ռուսաստանի դեսպանությունն էր, քանզի նրանք մեր զանգից հետո ոչ միայն կապվեցին, այլեւ Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության ղեկավարը շատ երկար մեզ բացատրեց, թե ինչու իրենք չեն կարող մեզ տեղեկություններ հաղորդել աշխատանքային հանդիպման մասին։ Բնական է, մեզ մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ Վիեննայում ինչ-որ շատ «գեշ» բան է կատարվում։ Համենայնդեպս, Ադրբեջանի արտգործնախարար Վաֆա Գուլիզադեն արդեն հայտարարել է, որ Ադրբեջանի շահը ոչ մի դեպքում չի ոտնահարվի, իսկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նշելով, որ ինքը տեղեկություն չունի արդեն մոսկովյան հանդիպման ընթացքի եւ արդյունքների մասին, հույս հայտնեց, որ «Ընդհանուր պետության» դրույթը բանակցությունների ընթացքից դուրս չի մնա։

Փորձեցինք օգտվել «խորհրդապահական» աղբյուրներից։ Թերեւս՝ նույնպես ապարդյուն, եթե հաշվի չառնենք, որ, այնուամենայնիվ, վերոնշյալ աղբյուրներից մեկը հաստատեց մեր այն անհանգստությունը, որ «Ընդհանուր պետության» գաղափարն այլեւս բանակցությունների առիթ չի հանդիսանալու։ Այս փաստը ցավալի է, թեպետ, առայժմ ոչ ոքի չենք ճանաչում, որը կարողանար դույզն-ինչ բացատրել, թե ինչ ասել է «Ընդհանուր պետություն»։ Այսինքն, մենք այլեւս 20-րդ դարավերջի դիվանագիտական այս հանելուկը երբեք չենք լուծի։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728