Սպիդի հակադեղի հայտնագործման մասին լուրը, դրա շուրջ ծագած աղմուկն ու բացատրությունները դեռ երկար կշողշողան սենսացիաների սիրահարների սրտերում։Ու մինչեւ առաջին բուժվողները որեւէ կերպ իրենց ի ցույց չդնեն եւ չապացուցեն, որ իրենք, իրոք, իմունային անբավարարություն ունեին եւ բուժվել են դրանից, հարցականները կմնան։
Հակասպիդի հայտնաբերման մասին լուրի բառացիորեն հաջորդ օրը խմբագրության դուռը թակեցին միանգամից մի քանի «լեյտենանտ Շմիդտի որդիներ», որոնք խիստ հաստատակամ եւ խիստ բորբոքված բացատրում էին, թե այն դեղը, որի մասին հայտարարվել է, իրենք են ստեղծել (յուրաքանչյուրն իր մասին էր պնդում)։ Հասկանալի է, յուրաքանչյուրին լսում էինք եւ առաջարկում համապատասխան գիտական հիմնավորմամբ ապացուցել իրենց ասածը։
Շմիդտի որդիներից ոչ մեկն այդպես էլ չվերադարձավ եւ որեւէ լուրջ հիմնավորում չներկայացրեց։ Մեր այցելուներից մեկին երբ հարցրինք, թե ինչո՞ւ նման կարեւոր դեղամիջոցի հայտնագործությունը գաղտնի է պահել, պատասխանեց. «Ինչո՞ւ իմ գաղտնիքը բացահայտեի. սուսուփուս բուժում էի մարդկանց։ Ես գիտեի, եթե իմանան, կգան ձեռքիցս կխլեն»։ Մեր այցելուներից մեկն էլ խոստովանեց, թե նույնիսկ վախեցրել են, բայց ինքը չի վախեցել։
Սպիդի հակադեղը, ասում են, փորձարկվել է ոչ թե 13, այլ 14 հիվանդի վրա։ Թե ով է այն մեկը, որին ՆԳ եւ ԱԱ նախարարը մոռացավ կամ չուզեց հաշվել, մեզ հայտնի չէ։ Թեպետ կարելի է ամենահավանական եւ անհավանական ենթադրություններն անել գաղտնի պահված տասնչորսերորդի մասին։
Կարդացեք նաև
Դեղի գոյությանը չհավատացողներն առնվազն անլուրջ են համարում այս ամբողջ աղմուկը։ Դեղի գոյությանը հավատացողներն այն մարդիկ են, ովքեր սրտի թրթիռով սպասում են իրենց սեռական ինքնարտահայտմանը։ Այս ամբողջ աղմուկը հասկանալի է, միայն Հայաստանում չի լսելի։ Ստամբուլի «Մարմարա» թերթը զարմանալիորեն օգտվել է ոչ թե հայկական լրատվամիջոցներից, այլ, թերեւս, ավելի վստահելի համարելով գերմանական աղբյուրները, մեջբերել է «Բիլդ ցայտունգ» թերթը, գրելով, թե «Արմենիկումը մոտ օրերս արտադրվելու իրավաթուղթ ձեռք կբերի»։
Իսկ ֆրանսիացիներից վերոհիշյալ դեղամիջոցի հայտնաբերմամբ առավել հետաքրքրված են Ֆրանսիայի սեւամորթները։ Մի կարճ հարցումը Փարիզի փողոցներում բացահայտեց, որ բուն ֆրանսիացիները թերահավատ են, իսկ նեգրերը՝ ոգեւորված։ Սա, թերեւս, զամանալի չէ, քանի որ աֆրիկյան երկրներում սպիդով հիվանդների եւ վարակակիրների թիվն ամենամեծն է։ Սպիդ-ո-մետրի սլաքը դեռեւս տատանվում է, այն որեւէ կետի դեռ չի հանգել։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































