Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբելոնի կործանումը, «Իրավունք եւ միաբանությունը» եւ բոլո՜ր-բոլո՜րը

Մարտ 31,1999 00:00
Artashes Geghamyan

Բաբելոնը կործանվեց, որովհետեւ մարդիկ դադարեցին իրար հասկանալ, ասում է «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արտաշես Գեղամյանը։ Նույն ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե «ՍԻՄ-ին հաջողվել է ձեւավորել այն ընտրական միավորը, որի մասին մենք մտածում էինք եւ երազում էինք»։ Դաշինքի հրավիրած ասուլիսում մարգարեաբար հիշվեց՝ «ոչ միայն հացիւ», ուստի դաշինքը իր գիրկն առնելով նաեւ հասարակական-քաղաքական «Գարդման» եւ «Արցախ-Հայաստան» կազմակերպություններին, ավելի ճոխացած ու փարթամացած, մղվում է դեպի առաջիկա խորհրդարան։ Այս մղումի ճանապարհին, եւ իր ասելով առանց փողի եւ առանց միջոցի, սակայն հայրենիքը փրկելու ազնիվ, բնավ ոչ շահադիտական նպատակներով, դաշինքի հետ ձեռք-ձեռքի է տվել նաեւ Աղասի Արշակյանը։ Ցուցակում նա գրավում է չորրորդ հորիզոնականը։ Նախընտրական հիթ-շքերթի իններորդ հորիզոնականը գրավել է Լենսեր Աղալովյանը, ազնվորեն իրենից առաջ տեղ հատկացնելով «Գարդման»-ցի Ռոբերտ Դաշյանին եւ «Արցախ-Հայաստան»-ցի Սերգեյ Մելքումյանին։

Շքերթի առաջին չորս հորիզոնականները զբաղեցնողները (Արտաշես Գեղամյան, Հրանտ Խաչատրյան, Հայկ Բաբուխանյան եւ Աղասի Արշակյան) դաշինքի ցուցակով հանդես գալը բավարար չհամարելով, կառաջադրվեն նաեւ մեծամասնականով։ Արտաշես Գեղամյանը, սակայն, դեռեւս չի կողմնորոշվել եւ խնդրեց, որ խորհուրդ տանք իրեն։ Ինչպե՞ս վարվի մարդը։ Իրոք, դժվար կացություն է։ Ուժերը ներդնի միայն դաշինքի՞ մեջ, թե՞ կողքից էլ աշխատի։ Սակայն, մյուս կողմից էլ, եթե դաշինքի գաղափարները խորհրդարան չմտնեն, ինքը մենակ ի՞նչ պիտի անի այնտեղ։

«Առավոտի» այն հարցին, թե պրն Գեղամյանն ինչպե՞ս կզգա իրեն մի խորհրդարանում, որտեղ, ենթադրենք, կլինի Դավիթաշենի համայնքապետ Ռուբեն Գեւորգյանը, պրն Գեղամյանը ասաց, որ կզգա այնպես, ինչպես հիմա, իսկ հիմա, պարոն Գեղամյանի ասելով, ինքը «բացարձակապես ոչ մեկից ոչ մի կախում չունի, ոչ մի պայմանավորվածություն անդրվարագույրյան» իր վրա ազդել չի կարող, իսկ ավելի որոշակի ասաց, թե իրենց լավ կզգան Հրանտ Խաչատրյանը եւ մյուսները։ Դրա փոխարեն պրն Գեղամյանը Յոհան Շտրաուսին շատ է հարգում, հարգում է նաեւ ֆիլհարմոնիկ նվագախումբը, բայց չի հասկանում, թե ինչո՞ւ «անհոգ պարում է պաշտոնյան, երբ ճնշող մեծամասնությունը չգիտի ինչ պետք է անի, ի՞նչ պետք է հագցնի իր որդուն»…

Իսկ ընդհանրապես «դաշինքը եկել է ոչ թե վերցնելու, այլ՝ տալու»։ Տվածները պիտի լինի «գիտելիք, կամք, կորով, վճռականություն, վերցնողների դարը վերջացել է», քանի որ վերցնելու բան էլ չկա։ Դաշինքի տվածը ընտրազանգվածը կուզի՞ վերցնել, թե՞ ոչ, պարզ կլինի ընտրություններից հետո։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031