Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՆ, ԻՆՉՊԵՍ ԲԱԼԶԱԿՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՆԱՅՔ՝ ԼԱՎ ԵՆ ՊԱՀՊԱՆՎԱԾ

Մայիս 11,1999 00:00
vayoc dzor

ՀՀ արդյունաբերության (եւ այլն) նախարար Հ. Գեւորգյանը այցելեց Վայոց ձորի մարզ։ Նպատակը՝ տեղի արտադրական ձեռնարկություններին ծանոթանալն էր։

Իսկ մինչ այդ, նախարարն այցելեց Արենի եւ ծաղիկներ դրեց Հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողին։ Այնուհետեւ Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանի աշխատասենյակում հանդիպեց մարզի ձեռնարկատերերի եւ արտադրական հիմնարկությունների տնօրենների հետ։

Նախ ներկայացվեցին մարզի տնտեսական ցուցանիշները։ Վայոց ձորում կա 46 ձեռնարկություն, որից անցած տարի աշխատել են 23-ը։ 1998-ին թողարկվել է 1 մլրդ 86 մլն դրամի համախառն արտադրանք։ Այս ցուցանիշը 283 մլն դրամով պակաս է 1997 թվականինից։ Ընդ որում, լուրջ խնդիր է նաեւ պատրաստի արտադրանքի իրացումը՝ իրացվել է 389 մլն դրամի պակաս արտադրանք, քան նախորդ տարում։ Ձեռնարկատերերը հատիկ-հատիկ ներկայացրեցին իրենց խնդիրները։ Նախ, պարզվեց մի պարզ ճշմարտություն։ «Ջերմուկը», որի հետ Հայաստանը պահելու հույսեր էին կապված, իսկի Վայոց ձորի մարզը չի պահում։ Հանքային ջրերի շշալցումը արտադրանքի ամբողջ ծավալում կազմում է 65-70%-ը։ Իսկ դա, բնականաբար, չի լուծում մարզի բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները։ Խորհրդային տարիներին մարզի արտադրական ձեռնարկությունները 17 հազար աշխատատեղ են ունեցել։ Ներկայումս արտադրական հիմնարկություններում մոտ 1500 մարդ է աշխատում։ Տարբեր մարզերի արտադրական ձեռնարկություններին ծանոթանալու իր շրջագայությունները ներկայացնելիս արդյունաբերության նախարարը նշեց, որ դրանով նախարարությունը նպատակ ունի ինֆորմացիոն բանկ ստեղծել։ Միասնական ինֆորմացիան կնպաստի նաեւ արտադրական ձեռնարկությունների կոոպերացիային ներքին շուկայում։

Մարզն այսօր իր տնտեսական ծրագրերը կազմելիս նշել է զարգացման հետեւյալ ուղղությունները՝ ապակե տարաների արտադրություն եւ հանքային ջրերի շշալցում, գինեգործության եւ գյուղմթերքների վերամշակող արտադրության զարգացում։ Մարզում սեփականաշնորհված արտադրական բոլոր ձեռնարկությունները մեկ հիմնական խնդիր ունեին՝ ֆինանսական միջոցների քաղցը։ Համարյա առանց բացառության, բոլոր ձեռնարկատերերը նախարար Հ. Գեւորգյանից վարկային միջոցներ էին խնդրում ապահովել։ Բոլորը նշում էին, որ բանկային վարկեր ստանալու համար իրենցից Երեւանում կամ մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող անշարժ գույք են որպես գրավ պահանջում։ Բոլորը՝ ներառյալ մարզպետ Մանուկյանը, նշում էին, որ արտադրողների համար թիվ մեկ խնդիր է նաեւ ստուգողների համակարգը։ Ձեռներեցները բողոքում էին, որ հարկային համակարգը անհարկի բարդացված է։ Տնտեսավարողները ի վիճակի չեն մարզերում վարձել որակյալ տնտեսագետներ՝ հաշվառումը պատշաճ մակարդակում կազմելու համար։ Հետեւաբար, առաջին իսկ հարկային տեսուչը տույժ-տուգանքներ է դնում։ Հետաքրքիր էր, որ բոլոր ձեռնարկատերերը իրենց գործարանները ներկայացնում էին, ինչպես տարեց կնոջը՝ «լավ պահպանված»։ Այցի ժամանակ մենք էլ համոզվեցինք, որ դրանց մի մասը լավ է պահպանված, մի մասը՝ ոչ։ Եղեգնաձորի տրիկոտաժի գործարանը («Տարոն» ԲԲԸ) թեթեւ արդյունաբերության մյուս ձեռնարկությունների նման չինական վարկի-«Հայկոնտակտի»-«Հայթուրթրեյդի» զոհն է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Արենի գյուղում փակցված էր UNDP-ի ընտրությունների հետ կապված պլակատը, որի վրա գյուղացու լուսանկար էր ու «Իմ ձայնը պտուղ կտա» կարգախոսը։ Հավաքված գյուղացիները վիճելով քննարկում էին, թե ում ձայնը ինչ պտուղ է տալու՝ խնձոր, տանձ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31