Լրահոս
Օրվա լրահոսը

«4000 ԴՐԱՄ ՉՏՎԻՐ՝ 20 ՀԱԶԱՐ ԿՏԱՍ». ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ

Մայիս 13,1999 00:00
danak

Ամիսներ շարունակ մենք հետեւում էինք նախ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Ռ. Թովմասյան, մեղադրող՝ Է. Աստվածատրյան), ապա քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում (դատավորներ՝ Ա. Խաչատրյան, Ե. Դարբինյան, Մ. Արղամանյան) ընթացած մի դատաքննությանը։ Սպանվել էր 27-ամյա Կարեն Մկրտչյանը։

Սպանվել էր դաժանաբար, 1998 թ. հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, Մալաթիայի տարածքում։ Սպանողների մեջ էին 1979 թ. հոկտեմբերին ծնված Միսակ Խաչատրյանը (զորամասը 1998 թ. սեպտեմբերի 27-ից լքած մի անձնավորություն) եւ Կարեն Կարապետյանը՝ 1973 թ. դարձյալ հոկտեմբերին ծնված։

Կարեն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ի երեկոյան գնացել է Մալաթիայի գյուղմթերքների շուկա՝ հանդիպելու Կարեն Կարապետյանին (ծանոթին)։ Հանդիպել են։ Խմել մեկական բաժակ օղի եւ սուրճ՝ ի պատիվ Կ. Կարապետյանի ծանոթուհու, «որն աշխատանքի էր անցել այդ օրը քյաբաբանոցում»։ Նրանց շուտով միացել են Միսակ Խաչատրյանն ու Էդուարդ Բադիկյանը, որոնց Կարենն է հյուրասիրել օղի, ուտելիք, իսկ ընկերների ծանոթուհուն՝ Բալդիզար Մամոյանին տալիս է 500 դրամ գումար, ներողություն խնդրելով, որ մի քանի օր առաջ իր կողմից խոստացված 4000 դրամն ի վիճակի չէ տալ։ Նրանցից բաժանվելուց հետո Կարեն Մկրտչյանը հանդիպում է իր ընկերուհուն՝ Լուսինե Փաշիկյանին, նրա եղբայր Սիրեկանին եւ, չգիտես ինչու, վերադառնում կրկին շուկա…

Կարեն Կարապետյանը, երբ հանդիպում է Կարեն Մկրտչյանին, այդժամ սկսում է նրան մեղադրել 4000 դրամը չտալու համար։ Վերջինս, բնականաբար, արդարանում է, սակայն Կ. Կարապետյանը Կարենին ոչ միայն հայհոյանքներ է տալիս, այլ ստուգում գրպանները՝ հարվածներ հասցնելով նրան։

Կարեն Մկրտչյանը փորձում է դիմել փախուստի, սակայն՝ զուր, Կարեն Կարապետյանը հետապնդում է նրան, գցում գետնին։ Վերջինիս միանում են Միսակը, Էդուարդը… Որքան էլ զոհն աղերսում էր, խնդրում՝ «չեմ դիմանում, օգնեք», լսող չկար, տեսնող չկար, իսկ Միսակ Խաչատրյանն արյունն աչքերին ասում էր. «Սատկացնելու եմ… 4000 չտվիր՝ 20 հազար կտաս»։ «Մի խփեք», ցավից ոռնալով խնդրում էր Կարենը։ Կարեն Մկրտչյանն անզորությունից ու անպաշտպանությունից գին էր բարձրացնում, փորձելով… երկարացնել վայրկյաններ ընթացող իր կյանքը. «10 հազար կբերեմ, մի խփեք»։

«Որսին» արյան մեջ թողած՝ հանցագործները դիմում են փախուստի։ Երբ մարզադաշտի մոտ հայտնաբերված Կ. Մկրտչյանին տեղափոխում են հիվանդանոց, նա արդեն մահացած էր։ Սպանվա՛ծ։

Է. Բադիկյանն իր ցուցմունքում հետագայում այսպես պիտի ինքնախոստովանվեր. «Մենք չիմացանք, որ մահացել է։ Երբ կրակայրիչը քթին պահեցինք, տեսանք չի շնչում՝ փախանք»։ Կարեն Մկրտչյանի մայրը՝ Ռիմա Գրիգորյանը Վերաքննիչ դատարանում ընդամենը մի բան էր խնդրում (հերթական դաժանությունից սահմռկած). «Կխնդրեմ ձեզանից յուրաքանչյուրին բաց թողնել, միայն թե ճիշտը պատասխանեն. ո՞վ է Կարենի ձախ ձեռքին ծխախոտը հանգցրել»։ Դե, ինչպես ընդունված է դատական պրակտիկայում, իրենց ուսերին երկու եւ ավելի փետուրներ ունեցող ամբաստանյալներն ամբողջ մեղքը բարդեցին դատարանի, նախաքննական մարմնի վրա. «Ինձ մշակել են քննչական խորթ մեթոդներով», ուզում եմ հավատալ, բայց եւ չեմ կարող չհարցնել. իսկ ի՞նչ մեթոդներով էիք դատարկ-չեղած «պատմության» պատճառով ծեծում մեկին, սպանում, որն ընդամենը րոպեներ առաջ ձեր դեմ հաց է դրել՝ գրպանում ունեցած վերջին դրամներով։ Հա՛ց է դրել։

Ամբաստանյալ Կարեն Կարապետյանն իր հերթին դատաքննական ցուցմունքում ասել էր, թե ինքը Կարենից գումար չի պահանջել, «նրան սպանելու դիտավորություն չի ունեցել» ( ի դեպ, Վերաքննիչ դատարանում հայտնել էր, թե Կ. Մկրտչյանը մահացել է իր հարվածներից)։

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ, Կ. Մկրտչյանի մարմնի վրա հայտնաբերված բոլոր վնասվածքները (մոտ՝ 54) առաջացել են կենդանության օրոք, «բութ առարկաների ազդեցությամբ»։ «Կ. Մկրտչյանի մահը հետեւանք է գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարման, որն էլ պայմանավորված է եղել փակ, բութ գանգուղեղային տրավմայով»։ Ընդ որում, ինչպես փորձագետ Վիլեն Ադամյանն է տվել իր եզրակացությունում, նման վնասվածքների առկայության պայմաններում նույնիսկ անմիջապես բուժօգնություն ցույց տալու դեպքում նրա կյանքը փրկել քիչ հավանական է եղել։ Կարեն Մկրտչյանը մասնագիտությամբ կինոմեխանիկ էր, տան միակ տղան, որը պատվավոր ծառայել էր ազգային բանակում։ Սակայն կենցաղային ու մեղկ իրականության զոհ դարձավ նրանց ձեռքերից, ովքեր կշարունակեն ապրել թեկուզ՝ ուղղիչ-աշխատանքային գաղութում (գուցե թեթեւ սրտո՞վ -Ռ.Մ.)։ Կարեն Կարապետյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, Միսակ Խաչատրյանը՝ 14։ Ողբերգություն է տեղի ունեցել, սպանվել է երիտասարդ, եւ զղջումի ոչ մի կաթիլ։ Վերաքննիչ դատարանում անգամ, երբ տուժողի քույրը՝ Լուսինեն պատահաբար ուսով դիպավ Մ. Խաչատրյանի մոր ուսին, հետեւեց ամբաստանյալի սպառնալիքը. «Կպնում եք, որ փող աշխատեք, սատկացնելու եմ» եւ թքեց… սգավորների երեսին։ Մարդիկ, որոնք իրենց սուգն ու կորուստը թողած, դատարաններից կենդանի զավակ են պահանջում։ Թամաշա անողները չեն հասկանա, որ վերքը տիրոջն է ցավ պատճառում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31