Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԱԳԻԾՆ ԻԲՐԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 04,1999 00:00
jragic

Ենթադրվում էր, որ այսօր Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը Վերին Արտաշատ գյուղում մասնակցելու էր ոռոգման ջրագծի բացման արարողությանը։ Այդպես էին կարծում բազմաթիվ լրագրողներ, որ հավաքվել էին արարողությունը լուսաբանելու համար։

Այդպես էին մտածում բազմաթիվ գյուղացիներ, որ դաշտ ու այգի թողած, հավաքվել էին ջրաբաժանի մոտ։ Այդպես էին մտածում բազմաթիվ պաշտոնատարներ, որ նույնպես եկել էին հանդիսությանը մասնակցելու համար։ Պաշտոնատարների ցուցակը սկսվում էր նախարարներ Վլադիմիր Մովսիսյանով, Դավիթ Զադոյանով, շարունակվում էր մարզպետ Հովիկ Աբրահամյանով, ավարտվում վարչապետական թիկնապահներով ու ոստիկաններով։ Մինչ հավաքվածները սպասում էին վարչապետին եւ Վուլֆենսոնին, լրագրողները «պաշարել» էին գյուղնախարար Վ. Մովսիսյանին, իսկ գյուղացիները՝ Դավիթ Զադոյանին։ Վ. Մովսիսյանը պատմում էր ջրագծի եւ ոռոգման վարկի մասին։ Մի փոքր տարօրինակ էր, որ գյուղացիները հարցեր չեն ուղղում գյուղնախարարին։ Փորձեցի պարզել պատճառը։ «Ի՞նչ հարցնեմ, էնենց տակից դուրս կգա, ուրիշ պատասխան կտա, որ»,- կարճ կապեց գյուղացին։

Վուլֆենսոնն ուշանում էր։ Սովորական ամառային օր էր։ Բոլորը ստվեր էին փնտրում։ Իսկ ստվերն Արարատյան դաշտում եզակի երեւույթ է։ Ոռոգման համակարգի վարկի ճակատագիրն է։ Վարկը մի քիչ դժվարություններով է իրականացվում։ Համաշխարհային բանկը իր խոստացած գումարը՝ 43 մլն դոլարի չափով, սկսել է հատկացնել 1994-ից։ Վարկային գումարների տրամադրումը պարբերաբար դադարեցվում էր, որովհետեւ հայկական կողմը այնքան էլ ծրագրային նպատակներով չէր ծախսում։ Այդ մասին որեւէ տեղեկատվություն ժամանակին դժվար էր ստանալ թե ՀԲ-ի հայկական գրասենյակից, թե ՀՀ կառավարությունից։ Հետո հայտնվեց Ազգային ժողովի վերահսկիչ պալատի աուդիտի արդյունքները՝ 98-ի գարնանը։ Պարզվեց, որ վարկի օգտագործման ընթացքում բազմաթիվ օրինախախտումներ են եղել։ Բազմաթիվ աշխատանքների կատարման ընթացքում պայմանագրային գումարները մեծացվել են։ Օրինակ, նույն «Արտաշատի ոռոգման համակարգի մայր ջրանցքի Գետազատի հատվածի աշխատանքների կատարման համար 229742 դոլար գումարի պայմանագիր է ստորագրվել, սակայն աշխատանքների կատարման ընթացքում գումարն ավելացել է 95 հազար 400 դոլարով կամ 41,5%»։ Նման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Վերստուգիչ պալատի որոշման մեջ կային նաեւ հետեւյալ ձեւակերպումները. «Փաստորեն 294087 ԱՄՆ դոլարի պայմանագրային գումարը չի ծառայել Հայաստանում ոռոգման համակարգի վերականգնման վարկային ծրագրով սահմանված նպատակներին»։ Զավեշտական էր նաեւ այն փաստը, որ ոռոգման համակարգի վարկի հաշվին «չորս խորքային հորեր հորատվել եւ երկուսը վերականգնվել են՝ Կոտայքի մարզի ամառանոցներին ջուր մատակարարելու համար»։ Իշխանության տղերքը Կոտայքի մարզում սկսել էին ամառանոցներ գնել ու կառուցել։

Ինչեւէ, վարկը ինչ-որ պահից կամ ինչ-որ չափով սկսեց օգտագործվել նաեւ ոռոգման ջրանցքների վերանորոգման եւ կառուցման համար։ Մանավանդ՝ ոռոգման համակարգի վերականգնման համար 1995 թ. երկրորդ վարկային պայմանագիրն էր կնքվել (8 մլն դոլարի չափով)։ Արդյունքում, երեկ հերթական, նոր ջրագիծն էր բացվում։ Նույնիսկ հուշաքար էր տեղադրված՝ «Վերին Արտաշատ ջրօգտագործողների սպառողական ընկերության ներտնտեսային ոռոգման համակարգ. բացված է 1999 թ. հունիսի 3-ին Համաշխարհային բանկի նախագահ Վուլֆենսոնի կողմից»։

Հետո վարչապետի աշխատակազմից զանգահարեցին եւ ասացին, որ պրն Վուլֆենսոնն ու վարչապետը չեն գալու։ Մինչդեռ ուղղաթիռների վայրէջքի 2 հրապարակ էր պատրաստվել եւ շրջապատը պարբերաբար ջրվում էր, որ փոշի չբարձրանա։ Կարմիր ժապավեն էր կապված։ «Գնանք էդ բանը կտրենք»,- առաջարկեց Զադոյանը Վլադիմիր Մովսիսյանին։ Նրանք հետները տանելով մարզպետ Աբրահամյանին, մոտեցան էդ բանը կտրելու։ Մկրատ չկար։ 5-10 րոպե սպասեցին։ Զարդարված մկրատը գտնվեց. սկուտեղի վրա մատուցվեց՝ ազգային տարազ հագած աղջկա կողմից։ Նախարարները ժապավենը կտրեցին՝ մկրատը մեկմեկու փոխանցելով։ Հետո գյուղացիներից մեկը պտտեց փականը։ Ջուրը գնաց։ Բնականաբար՝ ջրանցքով։ Դհոլ-զուռնեն հնչեց մի փոքր ուշացումով։ Սեղանը ստվերի տակ քաշեցին։ Արեւի տակ 4-5 ժամ տաքացած միրգ ու խմիչքը դրին սեղանին։ Ինչ-որ մեկը պայթեցնելով բացեց շամպայնը։ Բացողը հաստատ տեղացի էր՝ շիշն ուղղված էր մարզպետի ուղղությամբ, բայց շամպայնը չպայթեց։ Երեւի մերն ուրիշ է։

Վուլֆենսոնը չեկավ։ Հուշաքարը մնաց։ Մնաց որպես պատմության շարքային զեղծարարության վկայություն։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Որպեսզի չասեն, թե «Առավոտը» բարյացակամ է դարձել մարզպետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, ավելացնում եմ հետեւյալ հետգրությունը։ Ճանապարհին կանգնեցինք մարզպետի շենքի մոտ՝ ցայտաղբյուրից ջուր խմելու, եւ տեսանք։ Տեսանք, որ մարզպետը շենքի վրայից հանել չի տվել «Մարքսի փողոց» ցուցանակը։ Խառը ժամանակներ են։ Ռեստավրացիայից ոչ ոք ապահովագրված չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930