Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 18,1999 00:00

 8-րդ կառավարության 25 անդամներից հազիվ կեսն է իր ստացած կրթությամբ համապատասխանում իրենց տնօրինմանը հանձնված ոլորտներին։

Ընդունված է, թե նոր կառավարությունը մի 100 օր պիտի անձեռնմխելի լինի ու չպիտի քննադատվի։ Բայց մեր կառավարությունն (աննշան բացառություններով) նոր է այնքանով, որքանով լավ մոռացված հինն է այդպիսին։ Հետո, չենք կարծում, թե մարդուն սեփական կենսագրությունը հիշեցնելը քննադատություն է։ Անդրադառնալու ենք միայն մինչեւ 1988-ը նրանց կենսագրության փուլերին, քանզի դրանից հետո շատերը սկսեցին զբաղվել տրամագծորեն հակառակ գործունեությամբ։

Ասենք, ինչպես վարչապետ Վազգեն Սարգսյանը, որն այժմ կառավարություն պիտի ղեկավարի եւ երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնի, հիմնվելով ֆիզկուլտ ինստիտուտում ստացած կրթության վրա։ Կամ գուցե ավելի պետքական լինի 1983-86-ին Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղարի փորձառությունը։

Եվ կամ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որ իմ պես ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն է ավարտել ու հիմա, փաստորեն, հանրապետության գլխավոր հետախույզն է։ Գուցե ես էլ այդ վեհ առաքելությունն իրականացնեի, եթե պրն Սարգսյանի պես բուհն ավարտելուց հետո մի 4 տարի էլեկտրատեխնիկական գործարանում խառատ աշխատեի եւ հետո մի ինը տարի (մինչեւ 1988-ը) պաշտոնավարեի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում։

Բազմաթիվ հանելուկների տեղիք է տալիս արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանի պաշտոնական կենսագրությունը։ Նշել են, թե ավարտել է Աշգաբադի պետական համալսարանը եւ չեն մանրամասնել՝ ի՞նչ մասնագիտությամբ։ Արձանագրել են, որ 1965-1974-ն աշխատել է Թուրքմենստանի պետական մարմիններում եւ էլի չեն մանրամասնել՝ ո՞ր մեկի մասին է խոսքը։ Թերեւս ինչ-որ գաղտնի տվյալներ են, եթե հաշվի առնենք պրն Շիրխանյանի հետագա գործունեությունը ֆիզիկական հետազոտությունների եւ «Կոմետա» գիտահետազոտական ինստիտուտներում, Բյուրականի աստղադիտարանում՝ մի խոսքով, արտադրական ենթակառուցվածքներում։

Փորձենք մյուսներին ավելի համառոտ անդրադառնալ։

Գիտե՞ք արդյոք, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մասնագիտությամբ շինարար-ինժեներ է եւ մինչեւ 1986-ը աշխատել է մի շարք շինարարական ընկերություններում։

Տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը նույնպես ինժեներ-շինարար է։

Երրորդ ինժեներ-շինարարն էլ, բայց արդեն հիդրոտեխնիկ՝ քաղաքաշինության նախարար Հրայր Հովհաննիսյանն է։

ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը, չնայած իր աշխատանքային կենսագրությունը սկսել է ՀԽՍՀ ՆԳՆ քրեական գործերի վարչությունում, այնուամենայնիվ, պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է։

Սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը կրթությամբ պատմաբան է։

Այս փոփոխությունների արդյունքում վերջապես մի երկուսն էլ իրենց տեղերում հայտնվեցին։ Ասենք, Գագիկ Շահբազյանը չնայած գյուղատնտեսական ինստիտուտն էր ավարտել եւ մինչեւ 1991-ն այդ համակարգում աշխատել՝ է՛լ ԱՊՀ-ի, Եվրամիության եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար դարձավ, է՛լ ՌԴ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան՝ մինչեւ նորից վերադարձավ հայրենի գյուղատնտեսության գիրկը։

Կամ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում ունի, բայց պարենի եւ մթերումների նախարարությունն է ղեկավարել, հետո էլ տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերը տնօրինել՝ մինչեւ հայտնվեց այն տեղում, որին համապատասխանում է իր կրթությամբ։ …

Այնուամենայնիվ, անգերազանցելի է մնում վարչապետ Վազգեն Մանուկյանի ձեռամբ իրականացված նշանակումը, որը Երեւանի կերպարվեստի կոմբինատի ավագ վարպետ Գեւորգ Վարդանյանին ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ նշանակեց։ Եվ հետաքրքիր է, որ Վազգեն Մանուկյանի պաշտոնանկությունից հետո էլ պրն Վարդանյանը մնաց պետական համակարգում եւ նշանակալի պաշտոններ զբաղեցրեց։ Գուցե ե՛ւ նրա, ե՛ւ վերոթվարկյալ շատերի ուժը եւ երկարակեցության գաղտնիքը հենց ոչ արհեստավարժությո՞ւնն է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930