Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑԻ ԻՆՁՆԻՑ ՈՒՐԻՇ ՄԱՐԴ ՉԵՄ ԷԼ ՏԵՍՆՈՒՄ»

Հունիս 22,1999 00:00
Hmayak Hovhannisyan

Ասում է Հմայակ Հովհաննիսյանը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան դառնալու հայտ է ներկայացնում

«Եթե հաստատվեն պտտվող այն լուրերը, թե Մոսկվայում նոր դեսպան է նշանակվելու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ապա արդեն այժմ կարելի է դեսպանատան բակում Գագիկ Շահբազյանի կիսանդրին կանգնեցնել՝ որպես բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն դեսպանի»,- գրել էր «Ազգի» Մոսկվայի թղթակից, «Армения и мир» ամսագրի գլխավոր խմբագիր Լուսիկ Ղուկասյանը։

ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քաղաքական քարտուղար, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին «Առավոտը» դիմեց միայն մեկ հարցով, թե որքանո՞վ են իրական «պտտվող» լուրերը ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու վերաբերյալ, իրեն նման առաջարկ արվե՞լ է։

«Այդ կարգի հարցերի մասին մարդիկ միշտ իրազեկ են պահվում, երբ նախագահի համապատասխան հրամանագիրն է հրապարակվում։ Իմ նշանակման հարցը մամուլում է արծարծվել՝ դրական իմաստով «Առավոտում», բացասական իմաստով՝ «Ազգում» (այս մասին քիչ հետո)։

Ինչ վերաբերում է իմ ցանկությանը՝ չեմ թաքցնի, այո՛, այդպիսի ցանկություն կա եւ ես վստահ եմ, որ եթե այդ նշանակումը լինի, ապա կարդարացնեմ հույսերը։ Աշխատանքի մեծ փորձ ունեմ։ Երբ Պետդումայի գլխավոր փորձագետն էի, նախապատրաստել էի 1995-ի ապրիլի 10-ին Դումայում Ղարաբաղի խնդրի վերաբերյալ լսումները։ Այսօր անհրաժեշտություն կա ՌԴ-ում ունենալ քաղաքական դեսպան, որը ոչ թե տնտեսական գործունեությամբ զբաղվի, արձաններ կանգնեցնի՝ իրեն կամ իր հովանավորներին, այլ աշխատի ի նպաստ քաղաքական հարցերի լուծման։ Մանավանդ պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանում շուտով խորհրդարանական, մի փոքր ուշ՝ նախագահական ընտրություններ են եւ մեր հայրենակիցների ձայների նշանակությունը չափազանց մեծ է։ Այդ հսկայական կապիտալը պիտի ճիշտ եւ նպատակասլաց օգտագործվի եւ կարողանանք պետական մակարդակով ներազդել մեր հայրենակիցների կողմնորոշման վրա՝ նկատի ունեմ այն թեկնածուներին աջակցություն եւ առաջնահերթություն տալու գործում, որոնք իրենց ծրագրերում ամրագրում են հայ-ռուսական կապերի սերտացման խնդիրները եւ հայանպաստ դիրքորոշում ունեն ղարաբաղյան հարցի վերաբերյալ։ Այս խնդրի լուծման համար դեսպանատունը պիտի ակտիվ աշխատի նաեւ մեր հայրենակիցների հետ։

Կարծում եմ, որ ինչպես ՌԴ Պետդումայում է, մեր ԱԺ-ի կառույցում էլ պիտի ստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի հայրենակիցների հետ կապերի հարցերով։ Ինչպես Ռուսաստանում է, Հայաստանի խորհրդարանն էլ պիտի ընդունի օրենք հայրենակիցների մասին՝ առաջին հերթին նոր Սփյուռքի խնդիրների օրենսդրական ճիշտ ընկալման համար։

Սրանք շատ կարեւոր քաղաքական խնդիրներ են, որոնց լուծման համար բացի ինձնից ուրիշ մարդ չեմ էլ տեսնում։ Ես ամենեւին էլ սնափառությամբ չեմ տառապում եւ Ռուսաստանում արձանների շինարարությամբ չեմ զբաղվելու։

Իսկ «Ազգի» հրապարակումը ես համարում եմ սկսված պայքարի արտահայտություն։ Դեսպանի դերակատարությունը երեւի թե նաեւ մոսկովյան որոշ խմբավորումների շահերի է առնչվում։ Ես չափազանց վնասարար եմ համարում, երբ նեղ խմբակային շահերի տեսանկյունից են հարցերը դիտում։

Ինչ վերաբերում է ինձ, նորից ասեմ, որ բավական է միայն մեր եւ Ռուսաստանի վերջին տարիների մամուլը նայել, որ հասկանալի լինի՝ ով իր մասնագիտական կարողություններով կարող է այդ աշխատանքը պատշաճ մակարդակով վարել։

Իհարկե, դա ինձ համար նաեւ մեծ զոհաբերության հետ է կապված՝ գիտեք իմ լուման ՀԺԿ-ի կառույցների ստեղծման, գաղափարախոսության մշակման գործում։ Եվ ինձ համար սա, իրոք, նաեւ մեծ զոհաբերություն է, քանի որ այժմ չափազանց հետաքրքիր խնդիրներ կան։ Սակայն, կարծում եմ, ընկերները կշարունակեն այդ գործը պատշաճ մակարդակով եւ կուսակցությունը կկատարի հետագա անհրաժեշտ քայլերն իր կայացման ճանապարհին»։

Դեսպանի թեկնածուի նախընտրական ծրագիրը գրի առավ

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930