Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ

Հունիս 26,1999 00:00

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ ընդունելի կարգավորման տարբերակի մշակման նպատակով բանակցություններ վարելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի նորանկախ պետությունների հարցերով ստորաբաժանման ներկայացուցիչ Ն. Ջոնսոնը։ Համաձայն ԼՂՀ արտգործնախարարության տրամադրած տեղեկատվության, Ջոնսոնի խոսքերով այս տարվա ապրիլին Վաշինգթոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հարցի քննարկումների ժամանակ իրենք կողմերին հավաստիացրել են, որ Միացյալ Նահանգները մնում են խաղաղ կարգավորման ակտիվ մասնակից։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահներ, լավ են համագործակցել գործընթացի շրջանակներում։ Նրանք ձեւակերպել եւ ներկայացրել են երեք առաջարկություններ։ «Մենք գտնում ենք, որ այդ առաջարկությունների տարրերը ամբողջական եւ իրական հիմք էին պարունակում կողմերի միջեւ բանակցություններ վարելու համար»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Առաջընթացի համար պատասխանատվությունը այժմ ընկնում է կողմերի վրա։ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են միջնորդների դեր կատարել բանակցություններում, բայց կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն։ Պատասխանելով այն հարցին, թե շարունակո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ն պաշտպանել ընդհանուր պետության սկզբունքը, որ մերժվել է Ադրբեջանի եւ ընդունվել Հայաստանի ու ԼՂՀ-ի կողմից, Ջոնսոնն ասաց. «Մենք գտնում ենք, որ անցած տարվա նոյեմբերին ներկայացված առաջարկությունները բխում են Մինսկի խմբի նախորդ երկու առաջարկություններից։ Դրանք հանդիսանում են իրատեսական փոխզիջում, որը կարող է հիմք ծառայել բանակցությունների համար։ Սկզբունքները որոշելիս ուշադրության են առնվում բոլոր կողմերի դիրքորոշումները, դրանք պարունակում են կարգավորման բոլոր տարրերը»։ Շարունակելով իր տեսակետը, այնուհետեւ նա նշել է, որ դա հավասարակշռված արդյունավետ մոտեցում է։ Համատեղում է միջազգային երկու սկզբունքներ. տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք։ «Մենք համոզում ենք կողմերին՝ թարմ հայացքով նայել այդ առաջարկություններին եւ ինչքան հնարավոր է շտապ վերսկսել բանակցությունները։ Եթե կողմերից մեկի մոտ ինչ-որ առարկություն ծագի, ապա այդ մասին պետք է հայտարարել բանակցությունների ժամանակ»։ Համանախագահները գտնում են, որ իրենք ներկայացնում են միայն կմախքը, որը պետք է մարմնավորում ստանա բանակցությունների ընթացքում, այլ ոչ թե՝ ավարտված տեքստ է, որ կողմերը կարող են ընդունել կամ մերժել առանց փոփոխությունների։ «Համանախագահները համոզում են կողմերին կենտրոնանալ հայեցակարգերի, գաղափարների եւ սկզբունքների վրա, այլ ոչ թե ընդհանուր պետություն կարգի առանձնահատուկ տերմինների վրա, որոնք կարող են մերժվել կամ նորացվել կողմերի համաձայնությամբ»,- ընդգծել է Ջոնսոնը։ ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել