Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XXI ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հուլիս 21,1999 00:00
paraton

Առաջին օրերի խրոնիկա

Մոսկվայի կենտրոնական հատվածները ողողված են մոսկովյան միջազգային XXI կինոփառատոնի հսկայական աֆիշներով ու պլակատներով։ Մեկ ամիս շարունակ ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներով խոսվում եւ գովազդվում էր կինոփառատոնը… Հուլիսի 19-ին ժամը 19-ին «Պուշկինյան» կինոթատրոնում տեղի ունեցավ բացման պաշտոնական արարողությունը։ Ներկայացվեցին ժյուրիի անդամները՝ արգենտինացի հայտնի կինոռեժիսոր Ֆերնանդո Սոլանասը (ժյուրիի նախագահ), իտալացի ռեժիսոր Ֆլորեստանո Վանչինին, Ֆրանսիացի դերասանուհի Կատյա Չեկոն (որը ծագումով ռուս է, հիշողություններով՝ ֆրանսուհի, կրթությամբ՝ երգչուհի, աշխատում է նաեւ թատրոնում եւ հեռուստատեսությունում), ռեժիսոր, սցենարիստ, դերասան եւ պրոդյուսեր Վալերի Տոդորովսկին, Տոլոմուշ Օկեեւը՝ սովետական կինոյի դասական (ռեժիսոր Կիրգիզիայից), Իրանից կինոքննադատ Շալա Նախիդը, իսպանացի կինոռեժիսոր Անտոնիո Խիմենես Րիկոն եւ ազգությամբ լեհ օպերատոր Ադամ Գրինբերգը։

Ներկայացվեցին մրցութային ֆիլմերը։ Փառատոնի գործադիր տնօրենը 1995 թվականից կինոգործիչ Ռենատ Դավլետյարովն է։ Նիկիտա Միխալկովը փառատոնի նախագահն է։ Կինոփառատոնին արտերկրից հրավիրված են 25 հայտնի կինոգործիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, այլ փառատոների տնօրեններ։

Ռուսաստանի վարչապետ Սերգեյ Ստեպաշինն իր ելույթում կարեւորեց փառատոների դերը մշակութային կյանքում։ Նրա այդ խոսքից երեւում էր, որ ռուս ժողովրդի մի հատվածը եւս (հայերի պես) բողոքում է՝ այդքան մեծ գումարներ փառատոնի համար ծախսելու փոխարեն տվեք անապահով խավերին, թոշակառուներին, որոնք կամ չեն ստացել, կամ շատ քիչ են ստանում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Առավոտի» թղթակից, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031