Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ Է ՄԱԶՈՒԹԸ

Նոյեմբեր 26,1999 00:00
loqyan

Գիտեմ, բայց չեմ ասում Դաշնակցական Դավիթ Լոքյանը, որը 1992-95 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է, բրիֆինգում թռուցիկ տեղեկատվություն շաղ տվեց՝ առանց անուններ կամ աղբյուրներ մատնանշելու։ Ասաց, որ հանձնաժողովը սկսել է 87 թվականից Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարության հարցերով զբաղվել, որն իրականացվում էր դեռ սովետական ժամանակաշրջանում, որի հետագա աշխատանքներն իրականացվել են վարկային ծրագրերով։ Ապա այդ համակարգն ամբողջությամբ դարձյալ կիսատ է մնացել եւ պահանջում է եւս 100 մլն դոլարի կարգի ներդրում։ Սկսված է 91 թ. էներգակիրների մուտքերի ստուգումը, մանրամասն ուսումնասիրված է 92 թվականինը։ «Կարող եմ մի տեղեկություն փոխանցել, որ էներգիա արտադրող մեր խոշոր ձեռնարկություններից մեկը 92 թվականից չի ստացել 1680 վագոն մազութ։ Այն պարագայում, երբ այդ մազութի արժեքը վճարված է եղել պետության կողմից, հայտնաբերվել են նաեւ փաստեր՝ հանրապետության ներսում անհետացած 45-50 վագոն մազութի հետ կապված»։ Դ. Լոքյանն ասաց նաեւ, որ մինչեւ ամեն ինչ չպարզեցվի, նա հանձնաժողովի կամ որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք կամ անուն չի հնչեցնելու։ «Այսօր ինչ ինֆորմացիայի տիրապետում է նախագահը, տիրապետում են հանձնաժողովի բոլոր անդամները եւ ներքին պայմանավորվածությամբ մենք մինչեւ չհստակեցնենք ամեն ինչ, որեւէ անուն կամ տեղերի ակունք չի հայտարարվելու…»։

Ո՞Վ Է ՎԱՆՈՅԻՆ ՏՎԵԼ ԻՐ ՆԱՄԱԿԸ

Vano Siradexyanva

Երեկվա խորհրդարանական բրիֆինգից առաջ քչերն էին ծանոթ «Հայկական ժամանակում» երեկ տպագրված Վանո Սիրադեղյանի 98 թ. նոյեմբերին Վազգեն Սարգսյանին գրած «Վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը» վերնագրված նամակի բովանդակությունը։ Այդ էր պատճառը, որ Արշակ Սադոյանի խոսքը դրան չհասավ, իսկ նամակում մեղադրանքներ էր հասցվում ԱԺՄ-ին, հատկապես Վազգեն Մանուկյանին։ Միայն «Միասնությունից» Տիգրան Թորոսյանը, որի ճեպազրույցը վերջինն էր ու արդեն հասցրել էր ընթերցել, դրան անդրադարձավ լրագրողների հարցերից ելնելով։ Նա ասաց, որ «… Կոռեկտ չէ նման բաներ հրապարակելն այս օրերին եւ կարելի է բազմաթիվ փաստաթղթեր, նամակներ, հանդիպումներից դրվագներ հիշել… հետադարձ հայացքով փորձում են խոսակցությունները հարմարեցնել կատարված դեպքերին…»։

Լրագրողներին եւ ԱԺ որոշ պատգամավորների հատկապես հետաքրքրում էր, թե հոկտեմբերի 27-ի դեպքերի հետաքննության ընթացքում ինչպես էր այդ նամակը Վ. Սարգսյանի աշխատանքային սեյֆից հետ վերադարձել հեղինակին։ Պատգամավորներից մի քանիսը ենթադրում էին, թե այդ նամակը վաղուց չի գրվել, այլ նոր է «սարքվել»։

ԱԹՈՌԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Tigran Hakobyan

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, երկար եւ հանգամանալից քննարկումից հետո, մոտ ժամը 2-ին որոշվել է՝ ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանին ազատել այդ պաշտոնից եւ տեղափոխել մեկ այլ աշխատանքի՝ ՀՀ գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետ։ Պրն Հակոբյանն առայժմ չուզեց իր այս տեղափոխության վերաբերյալ որեւէ բան ասել։

Պրն Հակոբյանի կարծիքով, իրեն գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետ նշանակելը հավանաբար նպատակ ունի կարգի բերել այդ ոլորտը։ Երեկվա դրությամբ դեռեւս պարզ չէր, թե կոնկրետ ո՞ւր կտեղափոխեն Էդուարդ Միլիտոնյանին։ Ակնհայտորեն, նա եւս անգործ չի մնա։ Կարելի է ենթադրել, թե Է. Միլիտոնյանին ինչ աշխատանք է սպասվում, քանի որ այդ մասին խոսողները խորհրդավոր շեշտում են, թե դա կլինի քաղաքական որոշում։ Մեզ մնում է ենթադրել, որ գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչությունը հնարավոր է կդառնա նախարարություն, քանի որ դժվար թե Տիգրան Հակոբյանի «կալիբրի» գործիչը պետից՝ պետ կդառնա։ Մինիմում՝ նախարար։

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՆԹԱԿԱ Է ՓՈՓՈԽՄԱՆ

gimishyan

Երեւի պետք է պատգամավորության լուծը թոթափել, հասկանալու համար ընդունված օրենքների անլիարժեքությունն ու անկատարությունը։ Սոս Գիմիշյանը նախկին պատգամավոր է եւ նաեւ նրա օրոք է ընդունվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը։ Բայց հենց նույն օրենքի անկատարության մասին պրն Գիմիշյանը կարող է ազատորեն խոսել միայն այսօր, երբ ինքն այլեւս պատգամավոր չէ։ Այս միտքը (նախկին լինելը) պրն Գիմիշյանը շեշտեց կարծես թե սրտի ցավով։ Թեքեյան մշակութային կենտրոնի երեկվա քննարկումներին մասնակցողները ակնհայտորեն հավաքվել էին զուտ «պտիչկա» նշանակելու համար։ Հավանաբար, հերթական հասարակական կազմակերպությունը հերթական անօգուտ գործն անելու համար հերթական դրամաշնորհն էր ստացել։ «Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը» սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացրել է հասարակական հարցում Հայաստանի մի շարք համայնքներում։ Հարցաթերթիկներ են ուղարկվել 900 համայնքներից 512-ին, պատասխան է եկել 159-ից։ Հարցումն անցկացնողները պնդում են, թե նպատակը համայնքների ղեկավարների վերաբերմունքը պարզելն է։ Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին հարցման արդյունքները։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930