Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔԵՆԱՆ ԱՐԴԵՆ ԴԱԼԱՆՈՒՄ ԷՐ

Նոյեմբեր 26,1999 00:00
Azgayin joxov

Խորհրդարանական խմբակցությունների ու խմբերի ավանդական բրիֆինգը, կարելի է ասել՝ նվիրված էր որոշ հարցերի։ Տեղ-տեղ շեղումներ լինում էին։

Արշակ Սադոյանը եւ Արթուր Բաղդասարյանը դժգոհ էին Ստամբուլի գագաթաժողովի ընթացքի մասին աղքատիկ տեղեկատվությունից, որի պատճառով իրենք դեռ չեն կարող հրապարակել իրենց կուսակցությունների՝ գագաթաժողովի մասին գնահատականները։

Ա. Բաղդասարյանը «Օրինաց երկրի» անունից գնահատեց ու կարեւորեց ՀՀ նախագահի՝ Քլինթոնի, Ժակ Շիրակի, Դեմիրելի եւ Ալիեւի հետ շփումները, հանդիպումները։ Ստացվում է, որ Ա. Բաղդասարյանը գնահատում է փաստը, որպես զուտ տեսակցություն, քանզի հանդիպումների բովանդակության մասին իր ինֆորմացիան շատ աղքատ է։ Արտաշես Գեղամյանը գագաթաժողովի արդյունքները Հայաստանի համար միանշանակ դրական էր գնահատում, այսինքն, թե Ստամբուլինը սրբագրեց Լիսաբոնինը։ Դավիթ Լոքյանը եւս գագաթաժողովի արդյունքները խիստ դրական որակեց, ասելով, թե՝ Հայաստանի մեկուսացում չկա, եւ դա հետեւություն էր արվել ՀՀ նախագահի եւ աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպում-հարաբերություններից։ Կոմկուսը, որի կարծիքը ներկայացնում էր Գագիկ Թադեւոսյանը, մտածում է, որ կուլուարներում չպետք է որոշվի, թե ինչ կամ որ տարբերակն է ընտրվում Ղարաբաղի կամ Հայաստանի համար։ «Կայունություն» խմբից Վարդան Այվազյանը, որն առաջին անգամ էր նման ճեպազրույց տալիս, դարձյալ Ստամբուլի արդյունքները Լիսաբոնի համեմատ դրական որակեց։ Իսկ «Միասնություն» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը Ղարաբաղյան խնդրի լուծման տեսակետից այս գագաթաժողովի արդյունքները հաջողություն համարեց. «…Լիսաբոնի տգեղ հետքն անցավ»։ Մի խոսքով՝ Ստամբուլի գագաթաժողովի մասին մի քանի օրում արդեն կա ծեծված կարծիք՝ դրական է։ Բայց թե ինչո՞վ՝ այդ մասը չմեկնաբանվեց։

Ա. Բաղդասարյանը կրկնելով ժողովրդի ծոցից ելած խոսքը՝ «Ամեն աշխատանք գնահատվում է արդյունքում», ասաց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման փաթեթի եւ այլ հարցերի շուրջ եղած տեղեկատվությունը չի բավարարում եւ չի գոհացնում խորհրդարանական խմբակցություններին, եւ ՀՀ արտգործնախարարը պարտավոր է տեղեկացնել ավելի մանրամասն։ Լրագրողներին հուզում էր նաեւ, թե ինչու են պատգամավորները նիստերից այդքան բացակայում։ Հիմնականում մեկնաբանվում էր հոկտեմբերի 27-ի սթրեսով։ Ա. Բաղդասարյանը դա պատճառաբանեց հոգեբանական գործոնով՝ նույնիսկ հպանցիկ առաջարկ արեց նիստերի վայրը տեղափոխել ԱԺ շենքից դուրս։ Եվ նաեւ շեշտեց, թե կան մարդիկ (այսինքն՝ պատգամավորներ), որոնց համար առաջնայինը խորհրդարանական գործունեությունը չէ։ ԱԺ-ն վաղաժամկետ ցրելու վերաբերյալ հնարավոր վարկածների մասին Ա. Սադոյանն ասաց. «… Ոչ մեկի քմահաճույքով հնարավոր չէ ԱԺ-ն ցրել», Վ. Այվազյանը թե՝ «… Ի՞նչ է եղել մեր նախագահին, կամ ի՞նչ է եղել մեր պառլամենտին, որը 2 ամիս դեռ չի աշխատել։ Եկեք օգնենք պառլամենտին, նախագահին…»։

Ապա բրիֆինգի նյութ դարձավ ԱԺ նախագահի՝ Արմեն Խաչատրյանի, անվտանգությունն ապահովելու համար մոտ 280 հազար դոլարանոց զրահապատված BMW մակնիշի մեքենան։ ԱԺ-ի միջանցքային խոսակցություններից պարզվեց, որ 40 մլն դրամը (140 մլն դրամանոց մեքենա է) արդեն վճարվել է կառավարությունից, իսկ մյուս մասը կմարվի մինչեւ 2003 թվականը։ «Կայունություն» խմբից Վարդան Այվազյանի վերաբերմունքը հարցին դժվարամարս չէր. «…Եթե մենք փորձում ենք մարդկանց անվտանգությունը գնահատել ինչ-որ գումարների չափանիշներով, ապա երբ որ մենք մարդկանց կորցնում ենք՝ զգում ենք այդ կորցրածի արժեքների անհամեմատ ավելի մեծ մեծությունները», այսինքն՝ թվերի հետեւից չի կարելի ընկնել։ Լրագրողներն անկեղծ մտահոգություն հայտնեցին՝ բայց ինչո՞ւ միայն Արմեն Խաչատրյանի անվտանգության համար է մտածվում եւ այդքան գումար է ծախսվում միայն նրա անվտանգությունն ապահովելու համար, բա մյո՞ւս պատգամավորները։ Վ. Այվազյանի հաջորդ հարցն արդեն անսպասելի չէր. «Անվտանգության խնդիրը պետք է լուծել։ Դեպքը լինելուց հետո սկսեցին մեղադրել, թե ԱԺ-ը հրաժարվել է եւ ԱԺ-ում չկան համապատասխան անվտանգության մեխանիզմներ։ Եվ 5-10 վայրկյանում գլխատվեց տարիներով ստեղծվածը, կուտակվածը. իսկ ինչքա՞ն եք գնահատում դուք այդ գլխատումը…»։

Ինչեւէ, ՀԺԿ-ի անդամների մեծ մասը զայրույթով է լցված մեքենայի եւ նման քայլ թույլ տալու կապակցությամբ։ ԱԺ-ում խոսակցություն կա, որ մեքենան ԱԺ-ի տարածքում էր այդ պահին եւ, եթե Արմեն Խաչատրյանն այն հետ չվերադարձնի՝ ՀԺԿ-ն կպահանջի Ա. Խաչատրյանի հրաժարականը։ «Իսկ 280 հազար դոլարով գնված մեքենան, իհարկե, Հայաստանի համար շքեղություն է…»,- նաեւ ասաց Վ. Այվազյանը։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930