Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱԴԱԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՇՈՒՐՋ ԶՐՈՒՅՑՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ»

Նոյեմբեր 30,1999 00:00
Sergey Badalyan

Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի մահը մի քանի հարցեր առաջադրեց՝ ի՞նչ հանգամանքներում նա մահացավ, ո՞վ կլինի Կոմկուսի նոր առաջին քարտուղարը, արդյո՞ք կորցնելով իր առաջնորդին, կուսակցության ներսում խմորումներ կլինեն, թե ոչ, եւ այլն։ Այս հարցերի պարզաբանումները որոշեցինք ստանալ ԱԺ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանից։

Ըստ պրն Հակոբյանի՝ «Կոմկուսի անդամները այժմ զբաղված են ընկեր Բադալյանի հետ կապված հարցերով եւ նոր առաջին քարտուղարի մասին դեռ չեն մտածում»։ Կոմկուսի նոր առաջնորդի անունը պարզ կլինի կենտրոնական կոմիտեի պլենումից հետո, որի ժամկետները դեռեւս անհայտ են։ Առայժմ առաջին քարտուղարի պարտականությունները կատարում է Կոմկուսի երկրորդ քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ Ինչ վերաբերում է պրն Բադալյանի մահվան բժշկական եզրակացությանը, ռուս բժիշկների հետազոտման արդյունքը պարզ է, եւ բժշկական եզրակացությունը դիվանագիտական ճանապարհով Հայաստան կհասնի 15-20 օրվա ընթացքում։ Պարզ է նաեւ հայ բժիշկների եզրակացությունը, սակայն դրանք հանրագումարի կբերվեն եւ կներկայացվեն մամուլում՝ երկու շաբաթ անց։ Ըստ Լեոնիդ Հակոբյանի՝ դա կարվի պատասխան տալու համար Սերգեյ Բադալյանի մահվան շուրջ ծագած խոսակցություններին։ Իսկ ինքը՝ պրն Հակոբյանը, համոզված է, որ բոլոր պտտվող խոսակցություններն անհիմն են։

Սերգեյ Բադալյանի մահով ԱԺ կոմկուսի խմբակցությունը՝ համաձայն կոմկուսի ցուցակի, կհամալրի Գեղարքունիքի փոխմարզպետ Խորեն Սարգսյանը։ Իսկ Կոմկուսն այսօր, ինչպես հավաստում է Հակոբյանը, առավել քան միասնական է։ Ըստ չճշտված լուրի՝ Սերգեյ Բադալյանն ինչ-որ ժամանակ իբր ասել է, թե իրենից հետո Կոմկուսի առաջին քարտուղար է տեսնում Հրանտ Ոսկանյանին։ Վերջինս առաջին անգամ էր նման բան լսում, իսկ Լեոնիդ Հակոբյանն ասաց. «Ես դա չեմ լսել, սակայն չեմ կարծում, թե Սերգեյ Բադալյանն այդպիսի բան ասեր։ Սա ասում եմ՝ չնսեմացնելով ընկեր Ոսկանյանի բոլոր արժանիքները, նա շատ մեծ քաղաքական եւ պետական գործիչ է։ Նշեմ, որ դա ասելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ մահն այնքան անակնկալ էր…»։ Այն, որ Կոմկուսի առաջին քարտուղարի ամենահնարավոր թեկնածուն ինքն է, Լեոնիդ Հակոբյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով, թե դա կորոշի Կենտկոմի պլենումը։ «Իսկ կանխորոշել, թե նա ինչ կորոշի, կարծում եմ՝ լուրջ չէ»։

ԾԱՂԿԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Aleqsandr arzumanyan

Ալ. Արզումանյանի կարծիքով, լավ կլիներ, որ քաղաքական գործիչները իրենց կողքին այնպիսի իրավաբաններ ունենային, որոնք, բացի ծաղիկ ծախելու վերաբերյալ խորհուրդներից, նաեւ խելքները կպատեր խորհուրդ տալ այլեւայլ, ավելի կարեւոր բաների վերաբերյալ։

ԵՐԿՈՒ ԺԱՆՐ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով ժամանակակից հայ լրագրությունը պարզապես դեն գցելու բան է։ Այսօր երկու ժանր է գործում լրագրության մեջ՝ հարցազրույցի ժանրը, որը կարող է վարել հայերեն իմացող եւ սղագրել կարողացող ցանկացած մեկը։ Իսկ հաջորդ ժանրը՝ բամբասանքը, կարծես թե ներկայացնելու կարիք չունի։ Պրն Արզումանյանը վերջին մի քանի տարիներին չի կարդացել որեւէ լուրջ, վերլուծական ժուռնալիստական նյութ։ Հայ լրագրողներն իրավունք են վերապահում խոսել եւ գրել իրենց չիմացած թեմաների շուրջ։ Նա կոչ արեց լրագրողներին «մի քիչ տիրապետել նյութին, չի կարելի տեքստին ծանոթ չլինելով» որակումներ տալ։ «Իրեն անկախ համարող» թերթերից մեկը լիսաբոնյան գագաթաժողովը որակել է «խայտառակություն», իսկ ստամբուլյան գագաթաժողովը որակվեց այսպես. «Լիսաբոնի խայտառակությունից հետո մենք վերջապես հաղթանակ տարանք»։ Ցավով խոստովանում ենք, որ կիսով չափ կիսում ենք պրն Արզումանյանի կարծիքը։ Պարզապես չէր խանգարի, որ քաղաքական ներկա եւ նախկին գործիչները իրենք իրենց շուրջն էլ նայեին նույն ուշադրությամբ։

«ՎԱՆԴԱԿՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ

vandak

Իսկ երեկ ահա Շենգավիթի առաջին ատյանի դատարանում սկսվեց Աշոտ Աղաբաբյանի եւ 13 ամբաստանյալների քրեական գործի դատաքննությունը։ Դատարան դարձավ 3-րդ մասի հայտնի Պիոներ պալատի դահլիճը, որտեղ միայն վանդակներն էին պատրաստ։ Տեղեկացնեմ միայն, որ 20 տուժողներից դատարան էին ներկայացել 2-ը, ինչի կապակցությամբ էլ պաշտպանական կողմը միջնորդեց որպեսզի բոլոր տուժողներն ու քաղաքացիական հայցվորները մասնակցեն եւ այսու ներկայանան դատավարությանը։ Մեղադրական եզրակացությունը 64 էջից է բաղկացած, 8 հատորից։ Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ պաշտպանական կազմում։ Օրինակ, Աշոտ Աղաբաբյանի պաշտպանությունը կիրականացնեն միաժամանակ երեք փաստաբաններ՝ Սամվել Միրզոյանը, Վլադիմիր Յավրումյանը, Գարիկ Մարգարյանը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930