Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ

Փետրվար 09,2000 00:00
Ruben Gevorgyan

Խորհրդարանում պատգամավորներից բացի, շրջում է նաեւ Ռուբեն Գեւորգյանի քնարական հոգին։ Երեկվա խորհրդարանական հայտարարությունների ծաղկաբույլի մեջ բանաստեղծներից ամենաերեսփոխան եւ երեսփոխաններից ամենաբանաստեղծ Ռուբեն Գեւորգյանի հայտարարություն-ելույթը արժե հատուկ ծաղկեպսակով ներկայացնել։ Ելույթի առաջին նախադասությունն անզգուշաբար չհասցրի ձայնագրել, բայց բուն էությունը կերեւա ամբողջ տեքստում. «… Ինչ խոսք, որ էդ ամենը նախկիններից ստացած ժառանգություն է։ Կարծես թե այդ ամենի համար չկան պատասխանատուներ։ Այնինչ, պատասխանատուներն այսօր էլ հանգիստ ու անամոթաբար զբաղեցնում են քաղաքական բարձր պաշտոնները»։ Այսուհետեւ, բառերի մի խումբ է, անհասկանալի, եւ հետո. «Միշտ իր հոգում ցանկացել է զգալ հայ ժողովրդի օրհնանքը եւ ոչ երկրի այսօրվա ծանր իրավիճակը եւ համատարած արտագաղթը իր խնդրով»։

Պաթոսը զգացվո՞ւմ է, հո՞գին, պետք է որ զգաք, քանի որ ելույթից անմիջապես հետո դահլիճից դուրս եկած Ռուբեն Գեւորգյանին հարցրի. «Ինչո՞ւ եք այդպես ոգեշնչված»։ «Որովհետեւ հոգիս է խոսում»,- եղավ պատասխանը։ Շարունակենք լսել ազգային երեսփոխանի հոգու պոռթկումը. «Մեր ժողովրդի գոյությունը երբեք այնքան լուրջ կերպով վտանգված չի եղել, որքան այսօր, ինչպես եւ երբեք մեր ժողովուրդը այնքան հրամայաբար չի զգացել կայուն խոսքի իր նվիրյալներին»։ Տեսնես այս ելույթից հետո ժողովուրդը կշարունակի՞ «հրամայաբար զգալ կայուն խոսքի իր նվիրյալներին»։ Շարունակենք մեջբերումը. «Տխուր եւ ամոթալի է նման պարտվողական հոգու տեր ղեկավարների պատկերը, որոնք լավ հասկանում են, որ իրենց ներկայությունը երբեք հույսի եւ անպարտելիության հավատ չի ներշնչում մեր ժողովրդին, դրանցից շատերը հաշտվել են ժողովրդին լիովին կորցնելու մտքի հետ եւ այսօր գործում եւ աշխատում են մահվան դատապարտվածի հոգեբանությամբ»։ Եզրակացությունը՝ «շուտափույթ պետք է ազատվել նմանատիպ ղեկավարներից, այսինքն՝ այրված հոգու մնացորդներից»։ Եվ քանի որ այսօրվա «իրավիճակը պահանջում է կտրուկ եւ որոշիչ քայլեր», երեսփոխան Ռուբեն Գեւորգյանը ելույթից հետո կտրուկ դուրս եկավ դահլիճից եւ կարծես թե ինքն իրենից դժգոհ չէր։

Դե արի ու այս պաթոսից հետո ասա, որ պատգամավոր Գեղամ Գասպարյանը խոսեց Սեւան քաղաքի ցրտի, չջեռուցվող բնակարանների մասին։ Նաեւ այն մասին, որ պատգամավոր Սերգո Երիցյանը բոլորին հրավիրեց փետրվարի 10-ի «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» օրենքի լսումներին։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829