Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցվածքային խաղեր

Մարտ 03,2000 15:55
karavarutyun

Ազգային համաձայնության հրավառության ֆոնի վրա, երբ հայրենիքը փրկելու առաքելությանը լծվեցին մի շարք կուսակցական նախարարներ, մեկնաբանները կարծես թե մոռացան, որ կառավարությունը նորացվել է ոչ միայն կազմով, այլեւ կառուցվածքով։ Այնինչ մեր պաշտոնյաներից ոչ ոք առայժմ չբացատրեց, թե կոնկրետ ի՞նչ նպատակներ է հետապնդում նախարարությունների խոշորացումը։ Ուստի այս հարցում հնարավոր է միայն վարկածներ առաջարկել։ Կարելի է, ասենք, ենթադրել, որ նախարարությունների կրճատումը վկայում է մեր պետության բուռն առաջընթացի մասին, կառավարման հոգսերը քչանում են, հետեւաբար, կարելի է բավարարվել 17 նախարարությամբ։

Համապատասխանաբար, պետք չէ ամեն մի ոլորտի համար առանձին նախարարություն պահել՝ դրանք կարելի է ղեկավարել զույգ-զույգ, միացնելով, ասենք, սոցապը եւ առողջապահությունը։ Զգո՞ւմ եք, վերջին ժամանակներս ինչպիսի առաջընթաց է նկատվում սոցիալական ապահովության եւ առողջապահության բնագավառում։ Եթե այսպես շարունակվի, ապա մոտակա տասը տարվա ընթացքում հնարավոր կլինի միացնել ոլորտները երեք-երեք կամ չորս-չորս։ Իսկ երբ ամեն ինչ շատ բարեհաջող կլինի, հնարավոր կդառնա միաձուլել բոլոր նախարարությունները, եւ այդ դեպքում հերիք կլինի ընդամենը մեկ վարչապետ առանց նախարարների։

Ճիշտ է, կարող է առաջադրվել կառուցվածքային փոփոխությունների ճիշտ հակառակ վարկածը։ Մեր պետության զարգացման մեջ որեւէ առաջընթաց չկա, եւ հենց այդ պատճառով էլ հարկավոր է տնտեսել ամեն ինչ՝ այդ թվում նաեւ նախարարներ։ Իսկապես, ինչի՞ համար է պետք պաշտոնյաների նման քանակությունը, երբ այն որեւէ ազդեցություն չունի աշխատանքի որակի եւ արդյունավետության վրա։

Ո՞ւմ են պետք առանձին առողջապահության եւ առանձին սոցապ նախարարությունները, երբ, միեւնույն է, երկու ոլորտներն էլ այնպիսի վիճակում են. որից դրանց կարող է հանել թերեւս միայն ֆինանսների եւ էկոնոմիկայի միացյալ նախարարությունը՝ այն պայմանով, որ ֆինանսներ է հայթայթելու պետական եկամուտների նույնպես միացյալ գերատեսչությունը։

Իհարկե, կարելի է միայն կռահել, թե ինչպիսի նպատակներ էին հետապնդում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հեղինակները, բայց պարզ է միայն մի բան. վարչական ապարատը դրանով պետք է որ կրճատվի, ինչը ինքնին դրական միտում է։ Իսկ թե կնպաստե՞ն այդ փոփոխությունները պետական կառավարման կտրուկ բարեփոխմանը, դժվար է ասել։ Ցավոք, նախարարությունների հերթական միաձուլումն ինքնին դրան չի կարող նպաստել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031