Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2000 00:00

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ Խորհրդային ժամանակներում աշխատանքային պլան չունենալը՝ պարզապես հանցագործություն էր։ Պլանները լինում էին հեռանկարային եւ ամսական։ ՀՀ 10-րդ կառավարությունը եւս որոշել է հենց այնպես, «բառադի» չաշխատել, այլ՝ պլանավորված եւ այս կապակցությամբ մշակել է միջոցառումների պլան։ Դեռեւս կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում։ Այժմ արդեն հստակեցված է թվով 282 միջոցառում։ Յուրաքանչյուրի համար նշված է կատարողը, ժամկետը, նպատակը։ Կատարողները պարտավոր են նշված ժամկետում զեկուցել վարչապետին, թե ինչն են արել եւ ինչու չեն արել։ Վարչապետն էլ, հավանաբար չանելու դեպքում պարտավոր է ձեռքը սեղանին խփել, դեմքին խիստ արտահայտություն տալ եւ ասենք արդյունաբերության նախարար պրն Ճշմարիտյանին ասել. «Ամենայն ճշգրտությամբ միջոցառումների պլան ենք մշակել. ինչո՞ւ չեք կատարում»։ Այս պարագայում ոչ մի ճշմարիտ պատասխան Ճշմարիտյանին պետք է որ չփրկի։ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանը երեկ մեզ հետ զրույցում շատ կարեւորեց. «Ծրագիրը ռեալ ենք փորձել անել եւ կարեւորն այն է, որ մենք մտածում ենք այսպես. դա մեր բոլորի ձեռքին կլինի եւ կստուգվի։ Սրանով մենք մեր բոլոր աշխատանքները համակարգում ենք եւ կարողանում ենք վերահսկողությունն ուժեղացնել, այսինքն՝ դառնում ենք ճիշտ չինովնիկների նման, նաեւ՝ վարչարար, որը կբերի այն բանին, որ կառավարության ամբողջ ապարատը, բոլոր նախարարները կսկսեն համակարգված, գրաֆիկով աշխատել»։ Միջոցառումների պլանի ժամանակացույցը մինչեւ այս տարվա վերջն է, սակայն կան խնդիրներ, որոնք սկսվել են եւ շարունակվելու են մինչեւ 2001-2002 թթ.։ Զադոյանի հետ զրուցել եւ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը չշոշափել՝ պարզապես անհնարին էր։ Վերջինս ուրախ էր, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծը եւ այս կապակցությամբ ասաց. «Սեփականաշնորհումն անհրաժեշտություն է։ Այստեղ հաճախ խոսում են՝ «ի՞նչ ա, մենք չե՞նք կարող կառավարել»։ Թռչունիչն էլ ասում ա՝ ուրեմն եթե չենք կարողանում, մեր կանանց տանք։ Լկտիություն եմ համարում, չի կարելի։ Մենք պետականը վերածում ենք սեփականի։ Այսինքն՝ տնտեսվարման ձեւն ենք փոխում, որովհետեւ տնտեսվարման ձեւն է կարեւորը։ Իսկ շատ-շատերը, որ չեն ուզում փոխել, համոզված եմ, որ հետին մտքեր ունեն, չեն կարողանա այդպես արտոնյալ օգտվել։ Խոսակցություն էր գնում, թե հաշվիչները դրսից ենք բերելու։ Կրկնում եմ, մենք մեր հաշվիչներն ենք դնում, դրսից հաշվիչ չենք բերում»։ Լուրեր են պտտվում, թե այս կառավարությունը եւ այս վարչապետը մեկ առաքելություն ունեն՝ գլուխ բերել բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը։ Եվ հենց որ այդ բանը տեղի ունենա, կառավարությունն ու վարչապետը շատ արագ կփոխվեն։ Դավիթ Զադոյանը, հասկանալի է, չէր կարող այս վարկածին համաձայն լինել. «Ինձ թվում է, երբ ԲՑ-երի սեփականաշնորհումը գլուխ բերվի, այս կառավարությունն արդեն այնքան հիմնավոր ու հմուտ կլինի, որ կկարողանա աշխատել, որովհետեւ դա, իրոք, մեծ օգուտներ է բերելու մեզ»։ Երբ ձեւավորվեց 10-րդ կառավարությունը, ինչ անուն ասես կպցրին՝ տեխնոկրատ, կոալիցիոն, խառը տիպի։ Սակայն ինչ անուն էլ կպցվի, կառավարությունը նույնն է անելու՝ ձեւ է անելու, թե աշխատում է ու վերջում պարզվելու է, որ սա էլ մի բան չարեց։ Իսկ որքան լավ կլիներ, երբ ծրագրերն ու միջոցառումները թղթի համար չլինեին, այլ՝ իրականության։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել