Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 17,2000 00:00

ԼՑՐԵՔ ԹԱՍԸ ԱՐԾԱԹՈՎ, ԵՎ ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ Մեր եկեղեցու սպասավորների մեծ մասի հետ առնչվելիս սկսում ես հասկանալ, թե որն է Հայաստանում աղանդների ծաղկման հիմնական պատճառներից մեկը։ Իրենց աշխարհիկ արտաքինով եւ հատկապես վարքուբարքով՝ քահանաներն առանձնակի վստահություն եւ հարգանք չեն ներշնչում, մանավանդ եթե ամուսնության կամ կնունքի հանդիսավոր, բայց հապճեպ ու մեխանիկորեն կատարած արարողությունից հետո փեսային եւ հավաքված հարազատներին են պարզում (ավելի ստույգ՝ պարտադրում) խաչհամբույրի համար նախատեսված թասը՝ աչքի պոչով հետեւելով այնտեղ դրվող թղթադրամների քանակին եւ խոշորությանը։ Թասի դերը մեր եկեղեցականների կյանքում, կարելի է ասել, անփոխարինելի է. այնտեղ լցվող գումարով են նրանք պահում իրենց, ապա եւ եկեղեցին։ Բոլոր եկեղեցիներում կան հանգանակության համար նախատեսված հատուկ արկղեր (ընդ որում՝ բավական տարողունակ), սակայն՝ հրեական հայտնի անեկդոտի նման, ուր փակ եւ գաղտնի տեղում ոչ ոք գումար չի գցում։ Այլ բան է, երբ քահանան կնքահորը կամ հարսանքավորներին կանչում է նորապսակներին շնորհավորելու, իսկ մի այլ սպասավոր բոլորի ներկայությամբ պարզում թասը. փոքր գումար նետելը կամ առհասարակ չտալը՝ անհարմար վիճակ է ստեղծում եւ առաջացնում տհաճ լարվածություն։ Դրանից խուսափելու համար էլ պարզված թասն անմիջապես լցվում է խոշոր թղթադրամներով։ Եկեղեցուց դուրս գալուց հետո թե՛ քահանային, թե՛ փող հավաքող եկեղեցականին բավականին զավեշտական ածականներով են հիշատակում հարսանքավորները։ Եթե որեւէ քահանայի փորձեք հարցնել, թե ինչո՞ւ են այդպես վարվում, անմիջապես կասի, որ խաչհամբույրը պարտադիր բնույթ չի կրում, որ դա հավատացյալ ժողովրդի կամավոր նվիրատվությունն է եկեղեցուն։ Նույն հարցով դիմեցի սբ. Սարգիս եկեղեցու քահանաներից մեկին՝ Բարսեղ քահանա Ղազարյանին։ Վերջինս խնդրեց այսօր առավոտյան ներկայանալ եկեղեցի, մասնակցել կնունքի մի քանի արարողությունների եւ նոր գրել տեսածս, ապա ավելացրեց. «Առավոտը» մի քիչ էքստրեմիստ է-ինչ է, քահանան, միեւնույն է, ինչ ասի-չասի, իր ուզածն է ասում։ Եթե իմ ասածը խեղաթյուրվի, ես ձեզ պատասխանատվության կկանչեմ»։ Քանի որ բազմիցս առիթներ եմ ունեցել մասնակցել տարբեր կնունքների եւ ամուսնության ծեսերի (ներառյալ՝ իմը) այսօր առավոտյան չգնացի սբ. Սարգիս եկեղեցի եւ չմասնակցեցի կնունքի արարողություններին։ Շաբաթ օրը ինքս անձամբ մասնակցել եմ կնունքի սբ. Զորավոր եկեղեցում։ Ինքը՝ կնունքը, մաքսիմում 15 րոպեանոց արարողություն էր։ Քանի որ 5 րոպե ուշացել էինք, կնունքը կատարեցին ոչ թե խորանում, ինչպես սովորաբար լինում է, այլ մոմավաճառի հետեւի սենյակում. բերվեց մի թաս՝ ջրով լիքը եւ բավական աշխարհիկ մթնոլորտում կատարվեց կնունքի ծեսը։ Ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ քահանայի աղոթքն ընդմիջվեց հեռախոսազանգով։ Բնական է, որ այս ամենը թասի պարզման արարողության վրա ստվեր չի գցում՝ խաչը պարզվում է, որ համբուրես, դրան զուգահեռ մեկնվում է թասիկը։ Չգիտեմ՝ այլ եկեղեցիներում ինչպես է, սակայն այստեղ թասի ինստիտուտը բարձր մակարդակի վրա է։ Նույնը՝ նաեւ հարսանեկան ծեսերի ժամանակ։ 15 րոպեն մեկ ընդունվում եւ ճանապարհ են դրվում ամուսնացող զույգերը՝ պարտադիր հանգանակությամբ ամրապնդելով իրենց ամուսնությունը։ Տարիներ առաջ արդեն սբ. Սարգիս եկեղեցում էի տեսել դեպի խորանը շրջված եւ փողերը հաշվող մի քահանայի, որի մասին այն ժամանակ տեղեկացրի այսօր արդեն Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Այն ժամանակ նա ասաց, որ եկեղեցականն էլ մարդ է՝ մարդկային բոլոր թուլություններով, եւ, որ տեսածս եզակի երեւույթ է եւ չի բացառվում, որ իմ հորինածը։ Եկեղեցու սպասավորներից շատերի արծաթասիրության եւ աշխարհիկ վարքի մասին ոչ առաջին անգամ ենք գրում եւ ոչ էլ՝ առաջինը։ Բացեք որեւէ հայ դասականի երկ (էլ Խորենացու մասին չենք խոսում), ուր եկեղեցականներն ամենեւին էլ հեզաբարո հովիվների կերպարով չեն հիշատակվում։ Բացի այն, որ եկեղեցու բյուջեն, ինչպես եւ պետության գանձարանը, լցվում է ժողովրդի (հավատացյալ) եղած կամ չեղած միջոցներով, թե՛ պետության, թե՛ եկեղեցու սպասավորների հանդեպ ամենեւին էլ միայն հավատով չէ, որ լցվում ենք։ Գնալով մեր կռվանները՝ ի պաշտպանություն եկեղեցու սպասավորների, նվազում են։ Այսպիսով, դառնում ենք կենդանի հումք աղանդավորների համար։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031