Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 18,2000 00:00

ԴՈՒՔ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ՉԵՔ, ՊԱՐՈ՛Ն ՋԱՆՈՅԱՆ «Հայոց տուն» ազգային հայրենասիրական միությունը երեկ իր օջախ էր հրավիրել փաստաբաններ Տիգրան Ջանոյանին եւ նրա տիկնոջը՝ Մարինա Հալաբյանին։ Վերջիններս ստանձնել են Վազգեն Սարգսյանի հարազատների շահերի պաշտպանությունը եւ նոր-նոր սկսել են ծանոթանալ հոկտեմբերի 27-ի գործի 40 հատորներին։ Թյուրիմացաբար կարծելով, որ հայ «լայն» հասարակությանն առավել հետաքրքիր են ոչ թե գործի մանրամասները, այլ իր՝ փաստաբան Ջանոյանի, առողջությունը, հանգստի նախընտրած վայրը, իր թերմոկայունությունը, պրն Ջանոյանը խնդրեց իրեն դիմել նմանատիպ հարցերով, քանի որ երեկվա հանդիպումն ինքը «այլ կտրվածքով էր ընկալել»։ Պրն Ջանոյանին ասել էին, որ ստեղծվել է հոկտեմբերի 27-ի պաշտպանության վերահսկողության խորհուրդ. «… Եվ մենք ցանկություն ունեցանք հանդիպել խորհրդի հետ, իմանալ՝ ովքեր են նրա անդամները, մենք ընդհանուր հայեցակետ ունենք, թե ոչ։ Մենք ձեր կողմից տրված հարցերին չենք պատասխանելու»։ Իսկ հարցերը, որոնք ինքն իրեն ընդհատելով տալիս էր «Հայոց տան» նախագահ Վարդան Պետրոսյանը, հետեւյալն էին՝ ինչո՞ւ կարճվեցին հայտնի գործերը, երբ ապացույցները, որոնք կալանավորելու համար բավարար հիմք էին, գործից չեն հանվել, սակայն այդ գործերը կարճվել են, կալանավորներն ազատ արձակվել, ինչո՞ւ անհիմն կալանքների համար ոչ ոք պատասխանա-տվության չի կանչվել, տուժողների հարազատները բավարարվա՞ծ են գործի ընթացքից, թե՞ ոչ եւ այլն։ Հարցերին չպատասխանելը պրն Ջանոյանը հիմնավորեց նրանով, որ ինքը իրեն հարգող մասնագետ է եւ չի կարող այդ հարցերին անդրադառնալ մինչեւ նյութին լիարժեքորեն ծանոթանալը։ Ապա համեստորեն նկատեց. «Մենք մեր 20-ամյա փորձով ցույց ենք տվել հանրապետությունում, որ մենք մեզ թույլ չենք տա այս կամ այն միջոցառումներին գալ, ինչ-որ անորոշ դերակատարումներով անցնել»։ Գործի հատորներին ծանոթանալու համար կոնկրետ ժամկետ տեր եւ տիկին Ջանոյաններին չեն տվել։ Ինչպես ասացինք, Սարգսյանների ընտանիքի շահերը պաշտպանելու են Տ. Ջանոյանը եւ «իմ կյանքի ընկերը՝ տիկին Ջանոյանը»։ Միրոյանների շահերը կպաշտպանի Արամ Կարախանյանը, Լեոնարդ Պետրոսյանի հարազատների շահերը՝ Վարդան Զուռնաչյանը, Դեմիրճյանների շահերը՝ Աշոտ Սարգսյանը։ Կրկին շեշտելով, որ ինքը՝ ի տարբերություն Ռուբեն Ռշտունու եւ Ռուբեն Սահակյանի, ծանոթ չէ հոկտեմբերի 27-ի գործի ընթացքին՝ Տ. Ջանոյանը չցանկացավ «ինչ-որ, ստեղ, նայել, ընդհանուր դատողություններ անել, պադյեզդից, փողոցից լսված տեղեկություններ հաղորդել։ Ճիշտ չի լինի»։ Բացի փաստաբաններից՝ նյութերին ծանոթանալու են նաեւ տուժողի ներկայացուցիչները, «նրանք էլ սեփական աչքերով են գործելու»։ Այն, որ դատախազությունը մինչ օրս չի կանչել գլխավոր վկաներից մեկին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ավելին՝ նրան պարբերաբար զեկուցվում է գործի ընթացքը, պրն Ջանոյանն այսպես մեկնեց. «Վերանանք անձանցից եւ ազգանուններից. նախաքննության համար հետաքրքրություն ներկայացնող պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները պետք է օբյեկտիվորեն ներկայացվեն, ուսումնասիրվեն։ Պետք է հարցաքննվեն բոլոր այն մարդիկ, ովքեր որեւէ առնչություն են ունեցել դեպքի հետ։ Ձեր կողմից մատնանշված անձը (պրն Ջանոյանի համար Ռ. Քոչարյանի անունը տաբու է- Լ. Ա.) առնչություն է ունեցել դեպքի հետ, բնականաբար, նա պետք է իր քաղաքացիական պարտքը կատարի»։ Պրն Ջանոյանին հայտնի չէ՝ նախագահը կատարե՞լ է իր պարտքը, թե՞ ոչ, սակայն, եթե դատավարության մասնակից կողմերն ան-հրաժեշտ գտնեն, միջնորդեն եւ դատարանը բավարարի միջնորդությունը, դատարանը լիազորություն ունի՝ հրավիրել ցանկացած անձի՝ որպես վկա, եւ հարցաքննել։ Պրն Ջանոյանը ստանձնել է այս գործը, որպեսզի իր փոքրիկ լուման ունենա արդարության հաղթանակի գործում։ Մինչ օրս նրա վրա ճնշում՝ գործից հրաժարվելու, չի եղել. «Ես հիմա ոչնչից չեմ հրաժարվում։ Ո՞նց կարող ենք գործից հրաժարվել, երբ մարդը նեղ վիճակում է»։ Ճիշտ է, քիչ անց մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ ինքը հրաժարվում է բոլոր գործերից՝ մինչեւ հոկտեմբերի 27-ի գործի ավարտը։ Նաիրի Հունանյանի փաստաբանը լինելու առաջարկ պրն Ջանոյանը երբեւէ չի ստացել, սակայն, եթե նման առաջարկ լիներ, նա կքննարկեր հարցը. «Ես որեւէ կաշկանդվածություն չունեմ, բայց հիմա արդեն ուշ է»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել