Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 18,2000 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կառավարամերձ շրջանակներից ստացված հավաստի տեղեկություններ կան, որ կառավարության կազմում առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում։ Ըստ այդ տեղեկությունների, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստվում է տարածքային կառավարման համակարգող նախարար, կամ պարզապես, դե-ֆակտո փոխվարչապետ Լեոնիդ Հակոբյանին փոխարինել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանով։ Կադրային այս տեղաշարժը, քաղաքական իմաստով, անկասկած, բարենպաստ պայմաններ է ստեղծելու վարչապետ Ա.Մարգարյանի համար։ Բանն այն է, որ Ա.Բազեյանը, թեեւ հարգելով պետական կարգապահությունը, զերծ է մնում քաղաքական խաղերից, այնուամենայնիվ, բավականին ինքնուրույն գործիչ է։ Մինչդեռ հայտնի է, որ իշխանության վերին օղակներում ընդգրկված մանրումեծ պաշտոնյաների, քաղաքական, (այդ թվում նաեւ՝ ընդդիմադիր) գործիչների բիզնեսը հիմնականում Երեւանում է ծավալվում, ինչը փոքր լծակ չէ՝ վերջիններիս վրա քաղաքական ազդեցություն գործելու իմաստով։ Նրան նշանակելով համակարգող նախարարի պաշտոնում՝ վարչապետը, թերեւս, երկու հարց է լուծում՝ հեռացնել Ա.Բազեյանին քաղաքապետի պաշտոնից եւ նշանակել մեկին, որն ավելի պատրաստակամ կլինի իրագործել իշխանության «քաղտնտեսական» ծրագրերը։ Բայց, քանի որ Ա.Բազեյանը, գոնե առայժմ, իրական ազդեցություն ունի ԵԿՄ մի մասի ու խորհրդարանական «Հայաստան» խմբի գերակշիռ թվով պատգամավորների վրա, ուստի նրան պաշտոնազրկելը կարող է անզգույշ քայլ լինել։ Ի վերջո, առաջիկայում խորհրդարանական ուժերի վերադասավորումներ են սպասվում, եւ, այս իմաստով, Հանրապետական կուսակցության եւ վարչապետ Ա.Մարգարյանի համար պարզապես անհրաժեշտ է լինելու «Հայաստան» խմբի աջակցությունը։ Մյուս կողմից՝ Ա.Բազեյանը, թեեւ անպաշտոն չի մնում, բայց դառնում է անպորտֆել նախարար, քանի որ, ըստ էության, այս պաշտոնում մեծ հաշվով նրանից շատ քիչ բան կախված կլինի։ Առայժմ հայտնի չէ, թե Ա.Բազեյանն արդյոք ընդունե՞լ է վարչապետի այս առաջարկությունը, բայց, հաշվի առնելով նախադեպերը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվելը, այդ պաշտոնից հրաժարվելուց հրաժարվելը, քաղաքապետ նշանակվելը, կարելի է ենթադրել, որ նա այս անգամ էլ, թերեւս, կհամաձայնի առաջարկին՝ փաստարկելով, թե ինքը՝ հանուն քաղաքական կայուն զարգացման եւ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու, պատրաստ է լինել այն պաշտոնում, որը քաղաքական ղեկավարությունը՝ այն ժամանակ Վազգեն Սարգսյանը, այսօր՝ Ռ.Քոչարյանն ու Ա.Մարգարյանը, հարմար են գտնում։ Իսկ մինչ Ա.Բազեյանը կկողմնորոշվի, Երեւանի քաղաքապետի պաշտոնում նոր թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը, ըստ հավաստի տեղեկությունների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն է, որին վաղուց է պաշտոն խոստացվել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել