Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՜Վ ԻՄԱՆԱ՝ Ո՛ՒՐ ԸՆԿԱՆՔ, ՔԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ «ՀՅՈՒՐ» ԸՆԿԱՆՔ

Մարտ 01,2001 00:00
datavor

Վճռաբեկ դատարանը՝ բեկանելով վերաքննիչ ատյանի որոշումը, արձանագրել էր, որ քաղաքացի Անահիտ Հակոբյանի մոր թողած սեփականություն- ժառանգությունը (Այգեստան 2ա տուն) իրական չէ, քանի որ Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանները ժառանգության իրավունքի վկայականներ չեն ստացել, ժառանգներն իրենց անվամբ «սեփականություն չեն գրանցել»։

-Մենք, հանդիսանալով վիճելի տան մշտական բնակիչներ, մեր հոր ընդունած ժառանգներ ենք հանդիսացել այն փաստացի տիրապետմամբ, որ ժառանգական գույքի սեփականության իրավունքի ծագումն էլ կախման մեջ չէ սեփականության իրավունքի գրանցումից եւ վկայական ձեռք բերելուց,- ասում էին Հակոբյանները (նույնն էին պնդել նրանք արդարադատության խորհրդին դիմելով)։

Հակոբյանների կարծիքով, վճռաբեկ դատարանի անդամների գործողություններում առկա են կարգապահական վարույթի հարուցման հիմքեր. «Մենք, դիմելով ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայություն, խնդրել էինք, որ քննարկման առարկա դարձվի արդեն իսկ եղած դատական ակտի ակնհայտ անօրինական լինելու հանգամանքը»,- երեկ նրանք տեղեկացրին մեզ, մինչդեռ վկայակոչվել էր «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքի 31 հոդվածը, այն էլ ոչ պատահական բաց թողնելով «արդարադատություն իրականացնելիս» բառակապակցությունը։ Եվ ստացվել էր, թե քաղաքացին դրդում է ԱՆ-ին՝ միջամտել «անկախ» եւ «արդար» դատավորների գործունեությանը։

Մինչդեռ, ըստ 31 հոդվածի, արդարադատության նախարարը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք է ձեռք բերում, եթե թույլ է տրվել օրենքի խախտում։ Երկար քաշքշուկներից հետո 09.02.98թ. Անահիտ եւ Ալբերտ Հակոբյաններին հաջողվում է իրենց սեփական տան… տերը դառնալ։ 19.03.98թ. գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան էլ իրենց սեփական տան… տեր համարեց քույր եւ եղբայր Հակոբյաններին, որոնք դատական քաշքշուկների ճանապարհին կորցրին իրենց մորն ու եղբորը։ Իսկ հանկարծահայտ ինչ-որ բանկիր, որը գտնվում է հետախուզման մեջ, փորձեց հանդես գալ նույն այդ տան… տեր։ Այգեստան 2ա հասցեի վրա աչք գցեցին անգամ նրա վարձակալները՝ հարեւան հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության մակարդակով։ Վեճի «ընթացքում» (սկսյալ 1995թ.) հայտնվեց եւ Գ. Սաֆարյանը, որը նույնպես պնդում է, որ վիճելի տունը 56 հազար դոլարով գնել է վերոնշյալ «հետախուզվող» բանկիրից։ Վճռաբեկ դատարանն էլ բեկանել է նախորդ դատական ակտերը, ցույց տալով ըստ Հակոբյանների՝ «նորմատիվային ակտերի իրենց անտեղյակության մասին», ինչպես նաեւ «այն սխալ մեկնաբանելու ակնհայտ դիտավորություն» դրսեւորելով։

Գործը «իջեցվել» է վերաքննիչ, վերջինս հօգուտ Հակոբյանների վճիռ է արձակել։ «Վերեւում»՝ վճռաբեկը նորից գլորել է կանգ չառնող այս բազմաչարչար քաղգործ-թափանիվը։ Հակոբյանները դիմել են ՀՀ արդարադատության խորհրդին ոչ միայն կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, այլ նույնիսկ՝ քրեական գործի հարուցման համար։ Տեսնենք՝ եռաստիճան դատարաններից որի՞ կայացրած վճիռը կհամարվի անօրինական։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031