Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԸ ՓԱԿԵ՞Լ

Մարտ 03,2001 00:00
ashxatanqayin

Նախորդ համարում (1.03.2001թ.) «Առավոտը» անդրադարձել էր Սիսիանի մանկական գեղարվեստի դպրոցից ստացած ահազանգին։ Դպրոցի տնօրինությունը տեղեկացրել էր, որ հայտարարել է տասնօրյա գործադուլ։ Երեկ դպրոցի տնօրեն Աշոտ Ավագյանից հեռախոսով կարողացանք պարզել որոշ մանրամասներ։

Աշխատավարձի ձգձգումների պատճառով դպրոցի 11 ուսուցիչներից 5-ը ինքնակամ ազատվել է աշխատանքից։ Տնօրենը մտավախություն ունի, որ աշխատանքից ազատվելու դիմում կգրեն եւս երկուսը՝ դպրոցը թողնելով 4 ուսուցիչների հույսին։ Պրն Ավագյանը տեղեկացրեց, որ ուղիղ մեկ տարի է, ինչ ուսուցիչները աշխատավարձ չեն ստացել։ Ա. Ավագյանը խիստ զարմացած էր. «Եթե 2000-ին քաղաքապետարանը 48 մլն դոտացիայի դեպքում աշխատավարձերը բարձրացրեց 20%-ով, ապա ի՞նչն է պատճառը, որ այս տարի աշխատավարձերը 20%-ով իջեցրել է, այն դեպքում, երբ դոտացիան այս տարի ավելի մեծ է՝ 57 մլն դրամ։ Որտե՞ղ է ուղղված բյուջեն»։ Սիսիանում երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ՝ բյուջեի հաստատման խնդիրների շուրջ։ Ավագանու անդամներից մեկը առաջարկել է աշխատավարձերը 20%-ով բարձրացնել, բայց քաղաքապետի տեղակալը, ինչպես դպրոցի տնօրենն է շեշտում, «ատամներով պաշտպանում էր իրենց կազմած բյուջեն»։ Նիստը, թերեւս, ոչինչ էլ չտվեց, այլ միայն «օդի մեջ խոստումներ եղան»։ Ա. Ավագյանը հայտնեց, որ խնդիրը կարգավորելու նպատակով դիմել են Սիսիանում գործող կուսակցություններին (ՀԺԿ, ՀՅԴ, ԱԻՄ, ՀԿԿ, «Օրինաց երկիր», ՀՀԿ)։ Թեեւ 10 օր է նշանակված գործադուլի համար, բայց դրությունը չփոխվելու դեպքում ոչ միայն կերկարաձգվի գործադուլի տեւողությունը, այլեւ հնարավոր է՝ փակվի նաեւ դպրոցը։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031