Օրակարգում «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագիծն է Անցած շաբաթ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում կայացած «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագծի լսումներում հանձնաժողովի անդամների եւ բնագավառի մասնագետների կողմից արվել էին մի շարք առաջարկություններ։ Դրանց վրա արդյունավետ աշխատելու նպատակով որոշվել էր ստեղծել ԱԺ հանձնաժողովի անդամներից եւ ոլորտի մասնագետներից կազմված մի հանձնախումբ, որը պետք է քննարկեր եղած բոլոր դիտողությունները եւ առաջարկությունները եւ դրանք ամփոփելով վերստին ներկայացներ հանձնաժողովին։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում հանձնախումբն աշխատեց եւ փաստաթուղթը երեկ կրկին ներկայացրեց ԱԺ հանձնաժողով։ Կազմակերպված շահագրգիռ քննարկումից հետո հանձնաժողովը միաձայն տվեց դրական կարծիք եւ որոշվեց հաջորդ շաբաթ կառավարության հետ համատեղ աշխատելուց եւ փաստաթուղթն ավարտական տեսքի բերելուց հետո նախագիծը ներկայացնել առաջիկա եռօրյա նիստերից մեկի օրակարգ ընդգրկելու։ Ըստ ամենայնի, նախագծի հեղինակները փաստաթղթի վրա լավ են աշխատել, քանի որ թե՛ լսումների, թե՛ քննարկումների ընթացքում եղած առաջարկների մեծ մասը խմբագրական, ձեւակերպումների հղկման բնույթ ունեին։ Թերեւս, արված առաջարկներից կարելի է առանձնացնել այն, որով նպատակահարմար է գտնվում օրենքում առանձին հոդվածով նշել ֆեդերացիաներն, ինչպես նաեւ՝ մարզական ընկերություններն ու այլ մարզական-հասարակական կազմակերպությունները, յուրաքանչյուրն՝ իր իրավասություններով եւ պարտականություններով։ Օրենքն արժեւորվում է նաեւ նրանով, որ մեծ կարեւորություն է տրվում ֆիզիկական կուլտուրա առարկայի պարտադիր դասավանդմանը հանրակրթական դպրոցներում եւ բուհերում։ Սա եւս ամրագրվել է առանձին հոդվածով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


















































