Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ մեկ տարի է, ինչ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունները միացել են։ «Արդյո՞ք որեւէ զգալի փոփոխ

Մայիս 05,2001 00:00

Գործող փոստային բաժանմունքները 915-ն են Շուրջ մեկ տարի է, ինչ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունները միացել են։ «Արդյո՞ք որեւէ զգալի փոփոխություն տվեց այդ միացումը» հարցով դիմեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական բաժնի պատասխանատու Գայանե Դավթյանին։ – Միացումը բավականին մեծ առաջընթաց էր ե՛ւ կապի, ե՛ւ տրանսպորտի նախարարությունների համար, քանզի առանձին դրանք փոքր ձեռնարկություններ էին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ավիացիան եւ մետրոպոլիտենը այլեւս տրանսպորտի նախարարության ենթակայությամբ չեն գործում։ Եվ չնայած միացման պատճառով եղավ մոտ 30% աշխատատեղերի կրճատում, աշխատանքները դարձան առավել արդյունավետ եւ համակարգված,- ասաց տիկին Դավթյանը։ Փոստի եւ էլեկտրակապի տարանջատումից հետո փոստի բնագավառում «Հայփոստը» ներհանրապետական եւ միջազգային փոստային ծառայություններ է մատուցում հանրապետության տարածքում գործող 915 փոստային բաժանմունքների միջոցով, Երեւանում գործում է 89 բաժանմունք։ Քաղաքի ծայրամասերում որոշ փոստային բաժանմունքներ մի քանի ամիս է, ինչ հիմնովին վերազինվել եւ վերակազմավորվել են։ Վերջերս նոր փոստային բաժանմունքներ են բացվել նաեւ Լոռու մարզում եւ Գյումրիում։ Տարածաշրջանում փոստի փոխանակումը իրականացվում է բոլոր մարզերի հետ շաբաթական 5 անգամ՝ ավտոմեքենայով կամ փոստի վագոնով՝ համաձայն ներհանրապետական չվացուցակների։ Տիկին Դավթյանի խոսքերով, ընդհանրապես Հայաստանը համարվում է տարանցիկ փոստը փոխադրող երկիր։ Թվով 10 պետությունների՝ Աֆղանստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Լատվիայի, Քուվեյթի, Ֆրանսիայի, Ուկրաինայի համար փոստի փոխադրումը իրականացվում է օդային եւ վերգետնյա ճանապարհներով։ Տեղեկացանք, որ «Հայփոստը» իրականացնում է նաեւ ոչ ավանդական պայմանագրային ծառայություններ՝ կենսաթոշակների, ընտանեկան նպաստների վճարում, թերթերի, ամսագրերի վաճառք, հեռախոսային կապի եւ կոմունալ ծառայությունների վարձավճարների գանձում եւ այլն։ Ըստ Գ. Դավթյանի, փոստային կապի ծառայությունների սակագները իրականացվում են վարչապետի որոշման հիման վրա։ Միջազգային փոստային կապի նամակների միջին գինը, ըստ քաշերի, տատանվում է 250 դրամից մինչեւ 8000 դրամ (օդային տրանսպորտով)։ Օրինակ, 1 կգ ծանրոցը օդային տրանսպորտով մինչեւ ԱՄՆ՝ արժե 1110 դրամ։ ԱՊՀ երկրների հետ փոստային կապի ծառայությունների գները տատանվում են 170-600 դրամ։ Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում նամակներ առաքվում են սկսած 40-ից 1000 դրամ (ըստ քաշերի), փաթեթները՝ 30-ից 500 դրամ։ Իսկ ինչ վերաբերում է զեղչերին, տիկին Դավթյանը նշեց. «Դեռեւս որեւէ զեղչեր չկան, վարձ չի գանձվում միայն զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստը ծանրոցով ուղարկելու համար»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել