Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Մայիս 25,2001 00:00

«ՄԵՆՔ ԻՐԱՐԻՑ ՉԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ» Ասում է համակարգող նախարար Դավիթ Զադոյանը Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնը հանրապետությունում գրեթե համազոր է փոխվարչապետի պաշտոնին։ Պարզապես անունն է ուրիշ։ Եվ որպես ավանդույթ, պաշտոնը զբաղեցնում են մարդիկ, որոնք իրենց կենսագրության մեջ խիստ ելեւէջումներ են ունեցել։ Նախկին նախարար Վահան Շիրխանյանից հետո արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգել սկսեց ԵԿՄ անդամ, ժամանակին ՀՀՇ, 1998-ից՝ ՀՀԿ անդամ Դավիթ Զադոյանը։ Պրն Զադոյանին խնդրեցինք գնահատել ՀՀԿ-ի գործադիր աշխատանքը։ Ըստ պրն Զադոյանի. «Եթե զուտ թվերի լեզվով խոսենք, ինչ խոսք, առաջընթացը կա, աշխատանք կատարվում է։ Սա բավարար է, թե ոչ, այդ մասին չեմ ուզում խոսել։ Կարճ ասեմ՝ ինչ խոսք, դեռ բավարար չէ, անելիք շատ-շատ կա»։ ՀՀԿ-«Հանրապետություն» կուսակցության հարաբերությունների մասին խոսելիս վարչապետը ասուլիսում փորձեց այնպիսի տպավորություն ստեղծել, թե նորմալ, ընկեր-բարեկամական հարաբերություններ են։ Եթե այդքան լավ էիք, ինչո՞ւ բաժանվեցիք։ Մեր բնական այս հարցին Դավիթ Զադոյանը պատասխանեց վարչապետանման. «Նախ, մենք իրարից չենք բաժանվել։ Որոշ հանրապետականներ դուրս են եկել եւ ստեղծել են նոր կուսակցություն։ Բոլոր կուսակցություններում էլ լինում են այդպիսի բաներ։ Սա ցավալի չէ, նորմալ երեւույթ է։ Ինչո՞ւ ենք ասում, թե «Հանրապետություն» կուսակցության հետ մենք առանձնապես պրոբլեմներ չենք ունենա, որովհետեւ ե՛ւ նրանց գաղափարախոսությունը, ե՛ւ մերը, կարծես թե նույնն է։ Եվ բացի դա, կարծես թե նույն հենքի վրա ենք։ Եվ այն, որ այնտեղ մեր ընկերներն են, մեր պես մտածող մարդիկ են, գտնում եմ, որ համագործակցության եզրեր միշտ լինելու են»։ Դավիթ Զադոյանը համակարգող նախարարի պաշտոնում իրեն փոխվարչապետ զգո՞ւմ է, ունի՞ բավարար լծակներ. «Ինչո՞ւ են ասում փոխվարչապետի պաշտոն, որովհետեւ այս նախարարը կարող է հանձնարարություններ տալ մյուս նախարարներին, եթե հանձնարարություն տալը վերապահված է վարչապետին, ապա, ինչ-որ մասով վարչապետը իր իրավասությունները փոխանցել է այս նախարարությանը։ Այսինքն, դուրս է գալիս, ոնց որ իրեն տեղակալ, իր գործը թեթեւացնելու համար»։ Դավիթ Զադոյանը որպես ԵԿՄ անդամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսակետը հայտնելիս հարկ համարեց վերհիշել, որ ինքը չորս տարի ղեկավարել է Երասխի ճակատը, այդ ժամանակ Դավիթ Զադոյանը նաեւ Արարատի գործկոմի նախագահն էր, եւ իր ասելով, ի պաշտոնե անընդհատ հանդիպումներ էր ունենում Ալիեւի հետ։ Ըստ Զադոյանի. «Գրավե՞լ ենք, թե՞ ոչ, ասում ենք՝ ազատագրել ենք։ Սա այնքան նուրբ հարց է։ Կարծեմ Սերժ Սարգսյանը շատ դիպուկ պատասխանեց՝ ինչո՞ւ ենք վախենում ասել, որ գրավել ենք։ Էդքան որ մեր հողերը գրավել են՝ կարելի է, մենք, որ մի քիչ գրավել ենք՝ չի՞ կարելի։ Վերջիվերջո, մենք դա արել ենք այն բանի համար, որպեսզի սահմանը հեռանա եւ Ղարաբաղը կարողանա հանգիստ ապրել։ Ինչ վերաբերում է հարցի լուծմանը, մենք պետք է լրիվ ինֆորմացիա ունենանք, որ կարողանանք ինչ-որ բան ասել։ Այդ ինֆորմացիան շատ քիչ մարդ գիտի։ Կգա ժամանակը, լրիվ կասեն, բոլորս կքննարկենք, մեր կարծիքը կասենք։ Ես, անձամբ, որպես «Երկրապահի» անդամ, շատ-շատ հարցերում, այո, իմ ձայնը բարձրացնելու եմ»։ Այնուամենայնիվ, փոխզիջումային ասվածը մի փոքր անհասկանալի է։ Եթե ընդունենք, պիտի մեր կողմից հանձնվեն գրավված տարածքները, այն անունները, որ թվարկեց Սերժ Սարգսյանը, ապա ի՞նչ է զիջելու Ադրբեջանը։ Դավիթ Զադոյանի բացատրմամբ՝ «88-ին, երբ շարժումը սկսվեց, մենք մի բան էինք ասում՝ ուզում ենք Ղարաբաղը միանա Հայաստանին կամ էլ դառնա անկախ պետություն։ Եթե իրենք այս նպատակը տալիս են, արդեն սա նշանակում է, որ զիջում են»։ Բայց մենք չսպասեցինք, որ դա իրենք տան, մենք պատերազմով հասանք մեր նպատակին։ Ուրե՞մն. «Հիմա ուզում ենք, որ դա լինի թղթի վրա, որպեսզի ամբողջ աշխարհն ընդունի դա։ Եթե չի ընդունում, այսպիսի կախյալ վիճակ է։ Եթե դա լինի, մնացած շատ հարցեր կարելի է նայել»։ Այդ դեպքում, ստացվում է, որ Աշոտ Մանուչարյանը ճիշտ է, երբ պնդում է, թե մենք տալիս ենք կոնկրետ բան, փոխարենը ստանում ենք թուղթ։ Ըստ Դավիթ Զադոյանի. «Բայց այսօր կա թուղթ, որ այդ տարածքը Ադրբեջանինն է։ Մենք ստանում ենք թուղթ, որ այդ տարածքը Հայաստանինն է։ Եկեք սա ստանանք, հետո կխոսենք։ Ես երազում եմ, որ սա ստանանք։ Էդ երազն էր, որ բոլորս դուրս եկանք պայքարի։ Որ դա ստանանք, կարող ենք մի կետով ասել՝ հաղթանակ տարանք, հաղթեցինք։ Իսկ դրանից հետո պետք է բանակցել, թե ինչը ոնց անել։ Մնացածը տեխնիկական խնդիրներ են»։ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն առայժմ թվով երրորդ կառավարությունն է, երկարակեցության իմաստով։ Ըստ իս, պատճառը երկրի ներքաղաքական վիճակը առայժմ չսրելու մտադրությունն է, չմոռանանք, որ Ղարաբաղի հարցն է մեջտեղում, մեկ էլ «Հոկտեմբերի 27»-ը, եւ ոչ թե ա՛յն, որ կառավարությունը լավ է աշխատում. «Տես, դուք ասացիք՝ չէի ասի լավ է աշխատում։ Որ բոլորդ սկսեք ասել, թե լավ է աշխատում, մենք էլ կոգեւորվենք ու լավ կաշխատենք։ Համենայնդեպս, փաստը մնում է փաստ, որ երբ խոսում ենք թվերի լեզվով, տեսնում ենք, որ շարժ կա։ Ինչ խոսք, այս շարժի համար նախկին կառավարությունները հիմքեր են դրել»։ Վերջում հարկ եմ համարում պարզապես հետեւյալն ավելացնել. պետական պաշտոնյայի հետ հարցազրույցը դժվար գործ է։ Վերջիններս ունեն պատասխանների գրեթե ոչինչ չասող իրենց շրջանակը, որից ոչ մի կերպ դուրս չեն գալիս։ Այ, երբ կլինեն սովորական քաղաքացի, այն ժամանակ ավելի հեշտ կխոսեն։ Ի դեպ, ռեպլիկը վերաբերում է բացառապես բոլոր պաշտոնյաներին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել