Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան

Մայիս 25,2001 00:00

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ «ՄՈՏԵՑԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ» Ամերիկյան շարքի առաջին դրվագը Սան Ֆրանցիսկոյի եւ Հայաստանի ջրի բարեմասնությունները, որոնց մասին մեծ ոգեւորությամբ խոսում է «Միմինոյի» հերոսը, իրականում առասպել է՝ Սան Ֆրանցիսկոյի մասով: Այդ դրվագը մտաբերեց իմ գործընկեր Վարդան Ալոյանը: Իմ կարծիքով, Սան Ֆրանցիսկոյի ծորակներից հոսող «սովորական» ջուրը անհամ է եւ խմելու համար անօգտագործելի: Խմելու ջրի շիշը, ի դեպ, արժե մեկ դոլար «plus taxes»՝ այստեղ ապրանքի «վերջին գինը» չի ասվում եւ չի գրվում, հավանաբար սպառողի հոգեբանության վրա ազդելու նպատակով՝ թե, իմացեք, այս «taxes»-ները մենք մեր գրպանը չենք դնում, այլ մուծում ենք պետությանը: Սակայն ջրի հարցում չէ միայն, որ մենք երբեմն հասնում եւ անցնում ենք Ամերիկային: Ընթերցողին ներկայացնեմ մերկ ճշմարտությունը: Երեւան-Փարիզ «Հայկական ավիաուղիների» ինքնաթիռը ուշացավ 15 րոպե, իսկ «United airlines»-ի Փարիզ-Սան Ֆրանցիսկո չվերթը՝ 8 ժամից ավելի: Փարիզում սպասարկող անձնակազմը գործադուլ էր անում՝ որից տուժում էին ուղեւորները: Ժողովրդավարության այդ հրավառությունը տեղի էր ունենում բոլորիս աչքի առաջ: Ուշացումով ներս թողնելով Բոինգ-777 ինքնաթիռը, անձնակազմը մեզ այնտեղ մի երկու ժամ «թթու էր դրել» եւ այդ ընթացքում մերթընդմերթ արհմիութենական ժողովներ էր գումարում՝ որոշելու մեր ճակատագիրը: Բազմաթիվ արտադրական խորհրդակցությունների արդյունքում որոշվեց թռչել ոչ թե Սան Ֆրանցիսկո, այլ Չիկագո՝ հետագա անորոշ հեռանկարով: Չիկագոյում գործադուլ անող անձնակազմը փոխվեց, եւ նորը մեզ հասցրեց մեր ցանկալի տեղը: Այդ 16 ժամվա սպասելու եւ թռչելու ընթացքում ուղեւորներից ներողություն խնդրեցին եւ շնորհակալություն հայտնեցին համագործակցելու, համբերելու եւ ըմբռնումով մոտենալու համար: Մարդիկ, նույնիսկ տարեցները, իսկապես ստոիկ ձեւով էին ընդունում դժվարությունները: Մեզ բաժանեցին նաեւ կտրոններ, որով կարելի է դիմել չվերթի ուշացման փոխհատուցումը ստանալու համար: Բայց խելոք մարդիկ բացատրեցին, որ այդ գումարը ստանալու համար պետք է անցնել բյուրոկրատական քաշքշուկ, ուստի անիմաստ է: Երեք հատ սենդվիչը այն միակ ուտելիքն էր, որ տրվեց Փարիզից մինչեւ Չիկագո ձգվող տանջալից ուղեւորության ժամանակ: Ճիշտ է, երբ ուղեկցորդուհուն հարցրի դրա մասին եւ պատասխան ստացա, թե էլ ոչինչ չի լինելու, նույն պահին իմ ուղղությամբ ձգվեցին սենդվիչներով ձեռքերը: Ամերիկացիներն անկեղծորեն սրտաբաց մարդիկ են, ոչ թե շինծու, ինչպես ոմանք կարծում են: Դրանով նրանք բավականին նման են ռուսներին: Գուցե դա ընդհանրապես մեծ ազգերի առանձնահատկությունն է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սան Ֆրանցիսկո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել