Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի Եվրոպայի 2-րդ անհատական առաջնության նախավերջին՝ 12-րդ տուրում առաջատարները հանդիպեցին միմյան

Հունիս 15,2001 00:00

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ Շախմատի Եվրոպայի 2-րդ անհատական առաջնության նախավերջին՝ 12-րդ տուրում առաջատարները հանդիպեցին միմյանց հետ։ Լյուկ վան Վելլին ու Յուդիթ Պոլգարը, Ռաֆայել Վահանյանն ու Աշոտ Անաստասյանը, Սերգեյ Տիվյակովն ու Գեորգի Տիմոշենկոն բաժանեցին միավորը։ Իսկ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովն ու իսրայելցի Էմիլ Սուտովսկին պարտության մատնեցին համապատասխանաբար Վադիմ Միլովին եւ Կոնստանտին Սակաեւին ու, վաստակելով 9-ական միավոր, միասին գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Պոլգարն ու Վելլին 8,5-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը։ Միանգամից յոթ գրոսմայստերներ, որոնց մեջ են նաեւ հայաստանցիներ Ռաֆայել Վահանյանն ու Աշոտ Անաստասյանը, իրենց անվան դիմաց գրանցել են 8,0-ական միավոր եւ զբաղեցնում են 5-ից 11-րդ հորիզոնականները։ Ընդ որում, Ռաֆայելը անհատական գործակիցներով 7-րդ տեղում է, իսկ Աշոտը՝ 10-րդում։ Չեխիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Սերգեյ Մովսիսյանը 7,5 միավորով 14-րդն է։ Ցավոք, վերջին տուրերում մի փոքր տեղի տվեց գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Նախավերջին տուրից հետո նա 7,5 միավորով 24-րդն է։ Նույնպիսի ցուցանիշով 27-րդ հորիզոնականն է զբաղեցնում Կարեն Ասրյանը։ Արտաշես Մինասյանը 204 մասնակիցների մեջ 84-րդն է (6,5 միավոր), Վլադիմիր Հակոբյանը՝ 94-րդը (6,0), Արսեն Եղիազարյանը՝ 106-րդը (6,0), Լեւոն Արոնյանը՝ 127-րդը (5,5), Գաբրիել Սարգսյանը՝ 132-րդը (5,5), Արա Մինասյանը՝ 158-րդը (5,0)։ Առաջնությունում մարզական լարվածությունը հասել է գագաթնակետին եւ բազմաթիվ հարցերի պատասխանը տալու է միայն եզրափակիչ՝ 13-րդ տուրը։ Մրցանակային տեղերի համար կարող են պայքարել 11, նույնիսկ ավելի շախմատիստներ, այդ թվում նաեւ մեր երեք հայրենակիցները՝ Վահանյանը, Անաստասյանը եւ Մովսիսյանը (Չեխիայից)։ Աշխարհի անհատական առաջնության ուղեգիր ապահովող մինչեւ 46-րդ տեղերին ռեալ հավակնում են Լպուտյանն ու Ասրյանը։ Եթե այս երկուսը գործնականում լուծել են իրենց առջեւ դրված խնդիրը (մնում է, որ վերջին տուրում չպարտվեն), ապա տեսականորեն հույսը դեռ չի կորցրել Արտաշես Մինասյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել