Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԱՑՆԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ

Հուլիս 11,2001 00:00

ԿԵՆԱՑՆԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ «Համանախագահողների Երեւան կատարած վերջին այցից հետո հայտնի դարձավ, որ ժնեւյան հանդիպման անցկացումը հարցականի տակ է։ Այսինքն, տրամաբաական այս շղթան հասկանալի է դարձնում, որ հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշումն արգելակեց բանակցային գործընթացը։ Այդ իսկ պատճառով, համանախագահողներն իրենց այս այցը սկսեցին Երեւանից»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը։ Երեկ Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն հայտարարել է, թե «ինչքան մոտենում ենք կարգավորման վերջնական փուլին, այնքան այն բարդանում է»։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միջնորդների հանդիպումն էլ պրն Քավանոն այսպես է գնահատել. «Սա շատ լավ քննարկում էր, բայց այն նորից ցույց տվեց, թե ինչքան դժվար է հարցի լուծումը»։ Քոչարյանի հետ հանդիպումը նախատեսված 1 ժամվա փոխարեն տեւել է 2,5 ժամ եւ Քերի Քավանոն ասել է. «Եթե մենք չշտապեինք Լեռնային Ղարաբաղ մեկնող ուղղաթիռին հասնելու համար՝ մենք կարող էինք Հայաստանի նախագահի հետ զրուցել եւս 2,5 ժամ»։ Զրույցի թեման մասնավորապես այս է ներկայացվել՝ փորձում են հղկել Փարիզի եւ Քի Ուեսթի համաձայնությունները՝ հակամարտող կողմերի համար դրանք ավելի ընդունելի դարձնելու համար։ Չնայած ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը փարիզյան սկզբունքներն արդեն իսկ ձախողված էր համարում՝ համանախագահողները երեկ հաստատել են, որ պահպանվում է Փարիզում եւ Քի Ուեսթում բանակցված ամբողջ սխեման։ Ի դեպ, Քերի Քավանոն երեկ ասել է. «Մենք շատ ենք ցավում ռազմաշունչ հայտարարությունների եւ պատերազմի վերսկսման խոսակցությունների համար եւ կարծում ենք, որ դրանք աղետալի հետեւանքներ կունենան բոլորի համար»։ Ժնեւի հանդիպման ժամկետները համանախագահողները խոստացել են հայտնել Բաքու այցելությունից հետո եւ ընդհանրապես խուսափել են որոշակի պատասխանից, թե արդյոք, խոստացվածի պես, հիմնահարցը կկարգավորվի մինչեւ տարեվերջ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել