Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Հուլիս 26,2001 00:00

ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ԱԺՄ-ում «Խորհրդարանական կառավարում» հաստատելու կամ կուսակցության կոլեգիալ ղեկավարման անցնելու փորձերը՝ ԱԺԿ վարչության նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. «Հասկանալի է, դրա իմաստը որն է. ուղղակի Վազգեն Մանուկյանն այնպիսի անհատականություն է, որ որեւէ մեկը որպես թեկնածու չի կարող նրան մրցակից լինել համագումարում։ Այս փորձերը բոլորովին այլ նպատակ են հետապնդում։ Օրինակ, ԱԺԿ-ն նման դրույթ ամրագրել է իր կանոնադրությունում, բայց դա բխում է մեր բոլոր պատկերացումներից։ Մենք նաեւ Սահմանադրությամբ ենք առաջարկում խորհրդարանական կառավարում։ Տվյալ պարագայում բոլորովին այլ խնդիր է լուծվում՝ Վազգեն Մանուկյանից ազատվելու խնդիրը։ Համենայն դեպս, ես մեծ ցավով եմ դրան վերաբերվում։ Բայց, մյուս կողմից, գտնում եմ, որ դա օրինաչափ է եւ, այն պահից, երբ այդ 6 հոգին համագումարում ստացան առավելագույն ձայներ, մեզ համար ակնհայտ էր, որ ԱԺՄ-ում արդեն որեւէ դրական գործընթաց սպասելը շատ դժվար է»։ ԱԺՄ վարչության այդ վեցյակը գուցե ունի սեփակա՞ն առաջնորդը՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան պրն Քոչարյանն ասաց. «Եթե ունենային՝ էլ նման հարցադրումներ չէին անի, թե՝ անցնենք կոլեգիալ ղեկավարման։ Նրանցից որեւէ մեկը, եթե որպես թեկնածու կանգներ Վազգեն Մանուկյանի կողքին՝ միանգամից կերեւար տարբերությունը»։ Շավարշ Քոչարյանը նաեւ նշեց. «ԱԺՄ-ն վառ անհատականությունների կուսակցություն էր։ Բայց ստացվեց այնպես, որ գորշությունը ջրի երես դուրս եկավ։ Իսկ գորշը երբեք չի կարողանում համակերպվել իր կողքին վառ գույների, երանգների առկայությանը։ Տվյալ պարագայում, ինձ թվում է, գորշության դար է»։ ԱԺՄ-ում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանից։ Նա պնդեց, թե ԱԺՄ վարչություն իրականում չի ձեւավորվել, քանի որ համագումարը որոշել էր թվաքանակը հաստատել 21-23 հոգի, իսկ այժմ որոշումներ են ընդունվում 6-8 հոգով. «Այնպես որ, ԱԺՄ-ում այժմ օրինական միակ մարմինը համագումարում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրված ԱԺՄ նախագահն է»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031