Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդում գիտե՞ն այս մասին

Դեկտեմբեր 06,2001 00:00

Դատարանը՝ ձմռան շեմին Եվրախորհրդում գիտե՞ն այս մասին Վերջերս տեղեկացանք, որ ՆԳ Լոռու մարզային բաժանմունքը, որը գտնվում էր ՆԳ Վանաձորի քաղաքային բաժանմունքի հետ մեկտեղ նույն շենքում, առանձնացվել եւ տեղափոխվում է նախկինում թիվ 2 մանկական համաբուժարանի շենքը (օպտիմալացման արդյունքում ազատագրված)։ Ասել կուզի՝ իրավական ոլորտն ընդլայնելու անհրաժեշտությունն առկա է. չէ՞ որ ներքաղաքական լարված իրավիճակի եւ սոցիալական ծանր պայմանների արդյունքում հանցագործությունների պակաս չկա (հանաք բան չէ. տարվա 9 ամսվա տվյալներով մարզում 750 հանցագործություն էր գրանցվել)։ Հատկանշական է, սակայն, որ ոչ միայն ՆԳ համակարգի, այլեւ դատախազության կողմից հարուցվող քրեական գործերի «հանգրվան» հանդիսացող Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը մարզկենտրոն Վանաձորում արդեն 13 տարի գտնվում է տնակներում։ Եթե այդ գործերին ավելացնենք նաեւ պարբերաբար ավելացող զանազան քաղհայցերը, ապա մնում է զարմանալ, թե հերոսական ի՞նչ ջանքերի շնորհիվ է տնակներում պահպանվում դատական ողջ արխիվը՝ պարբերաբար ավելացող գործերով։ (Հետո՞ ինչ, որ պահպանման ժամկետը լրանալուց հետո գործերի մի մասը հանձնվում է պետական արխիվ կամ ոչնչացվում է)։ Տնակային պայմաններում է գործում նաեւ դատարանի հետ նույն տարածքում գտնվող փաստաբանական ծառայությունը։ Ի՞նչ ակնկալությամբ կամ պաշտպանվածության ի՞նչ զգացումով կարող է փաստաբանին դիմել քաղաքացին՝ այդ պայմաններում։ Ի դեպ, հատկապես ձմռան ամիսներին, փաստաբանների վիճակն այստեղ ամենածանրն է՝ դատավորների համեմատությամբ։ Դե պատկերացրեք, փայտի վառարանի (արդեն հանգչող կրակով) մոտ ծվարած, ցրտից դողացող, կիսասառած փաստաբան(ուհի), որն աշխատում է վերարկուի մեջ «կոլոլված» ու ձեռնոցներով։ Հետաքրքիր է, Հայաստան այցելող Եվրախորհրդի պատվիրակներին զեկուցվո՞ւմ է, թե որոշ մարզերում ինչ վիճակում են գտնվում դատարանները՝ 3 տարի առաջ սկսված դատաիրավական բարեփոխումներից հետո եւ այդ վիճակով որքանո՞վ կարող են նպաստել դրանք՝ դատավարության նորմերի պահպանմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, հրապարակայնության (՜) ապահովմանը։ Ավելացնենք, որ տնակներում է հանգրվանում նաեւ 2 տարի առաջ ստեղծված դատաիրավական նոր կառույցը՝ դատական ակտերի հարկադիր կատարման Լոռու մարզի բաժանմունքը՝ դատարանից բավականին հեռու, ինչը քաղաքացիների համար լրացուցիչ ճանապարհային դժվարություն է ստեղծում. չէ՞ որ դատաիրավական բարեփոխումների արդյունքում այժմ քաղաքացի-հայցվորներն իրենք են իրենց հայցերը բավարարելու վերաբերյալ կատարողական թերթերը հասցնում հարկադիր կատարողներին։ Հիշեցնենք, որ դատարանի կիսանորոգ, կիսաքանդ շենքը «անտերության է մատնված», եւ վտանգ կա, թե այդ վիճակով այն «մանրից» կարող է թալանվել։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31