Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽՈՂՈ՞ՒՄԸ

Դեկտեմբեր 07,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽՈՂՈ՞ՒՄԸ Մինչեւ Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը այդ կառույցի գրեթե բոլոր պաշտոնյաները, ժամանելով տարածաշրջան՝ փորձում էին հավաստիացում ստանալ, որ հակամարտող այս երկրներն իրենց վեճը չեն տեղափոխի ԵԽ ԽՎ եւ այն չեն դարձնի դրա համար ամբիոն։ Հայաստանի ԱԳՆ-ն էլ բազմիցս նշել էր, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բավարար է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ հարկ չկա, որ հիմա էլ Եվրախորհրդում քննարկվի այդ հարցը։ ԱԳՆ-ն էր անիրականանալի խնդիրնե՞ր առաջադրում, ԵԽ-ն էր փորձում տարածաշրջանում իր համար մի ոտատե՞ղ բացել, պաշտոնական Բաքվի դիվանագիտական հաղթանա՞կն էր սա, թե՞ այս երեքը միասին, բայց Ղարաբաղի հարցն այնուամենայնիվ քննարկվելու է ԵԽ շրջանակում։ Իսկ գուցե սա ուղղակի ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պարտությո՞ւնն է՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան այդ պատվիրակության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Ռուստամյանն ասաց. «Երբ որ մենք լսեցինք Ալիեւի ելույթը ԵԽ-ին անդամակցության ընթացքում՝ արդեն պարզ էր, որ փորձ է արվելու հարցը տեղափոխել Եվրախորհուրդ։ Անկախ ԵԽ-ում մեր պատվիրակության աշխատանքից, դա այնպիսի գործընթաց էր, որը տեղի էր ունենալու՝ ուզենք, թե չուզենք։ Եվ ԵԽ տեղափոխվեց հարցը. եթե դա իրենք համարում են Ադրբեջանի հաղթանակը՝ ուրեմն հաղթանակների մասին իրենց պատկերացումները շատ թյուր են»։ Արմեն Ռուստամյանը նշեց, ԵԽ ԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովը դեռ այս հարցի վերաբերյալ զեկուցող չի նշանակել, իսկ մինչ այդ նշանակումը անիմաստ է խոսել հարցի քննարկման մասին։ Թեեւ հնարավոր է, որ զեկուցողի թեկնածության հարցը փորձեն նախապես փոխհամաձայնեցնել դեկտեմբերի 11-13-ը Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում։ Արմեն Ռուստամյանը շեշտեց, թե այս առնչությամբ ձախողման մասին խոսելն անիմաստ է. «Եվրախորհուրդը չէր կարող ընդհանրապես մի կողմ քաշված մնալ»։ Բայցեւ նշեց, թե այս հարցում ԵԽ-ն չի կարող ունենալ նույն մանդատը, ինչ ԵԱՀԿ-ն։ «Մենք էլի՛ պատրաստ ենք Եվրախորհրդում հարցը քննելու, մեր փաստարկները շատ ավելի ամուր են՝ մանավանդ իրավական դաշտում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ վստահություն հայտնելով, թե քննարկումը դեռ ոչինչ չի նշանակում, եւ չափազանցություն է փոփոխական հաջողությունները որպես հաղթանակ գնահատելը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել