Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք կարող ամեն ինչ վերահսկել, բայց այնուամենայնիվ կարող ենք ազդել մեզ շրջապատող աշխարհի, մեր հարաբերությունների, մեր ընտրությունների, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչ ենք պատրաստ ընդունել և ինչի համար արժե պայքարել․ սլովենացի գրող Սեբաստիան Պրեգել

Հոկտեմբեր 02,2026 13:08 Share

ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի՝ ±16 խորագրով նախագծի շրջանակներում «ԷՋ» հրատարակչությունը հրատարակել է սլովենացի գրող Սեբաստիան Պրեգելի «Էլվիսի սենյակում» պատանեկան վեպը։

Ստեղծագործության հերոսը՝ Յանը, մեծանում է 1980-ականների Լյուբլյանայում՝ մի աշխարհում, որտեղ մանկությունը ուղեկցվում է ընտանեկան ջերմությամբ, «Աստղային պատերազմներով» ու ընկերությամբ, այդ թվում՝ այլադավան ընտանիքից սերող Էլվիսի հետ։ Բայց շուրջն ամեն ինչ փոխվում է, երբ Հարավսլավիան սկսում է փլուզվել, և Յանի հասունացման պատմությունը վերածվում է սլովենական էպոպեայի, մինչդեռ վերապրման գաղտնիքը մանկական հիշողություններով լի Էլվիսի սենյակում է, որի դուռը երբեք չի փակվում։

Aravot.am-ը հարցազրույց վարեց մատենաշարում ընդգրկված «Էլվիսի սենյակում» վեպի հեղինակ Սեբաստիան Պրեգելի հետ։

-«Էլվիսի սենյակում» գիրքն այժմ ընթերցվում է հայերենով։ Երբ մտածում եք այն մասին, որ այս պատմությունը հասնում է Հայաստանի ընթերցողներին, արդյոք կա՞ն գրքի գլխավոր հերոսների՝ Յանի և Էլվիսի փորձառության մեջ այնպիսի տարրեր, որոնք, Ձեր կարծիքով, կարող են հատկապես ուժեղ արձագանք գտնել հայ ընթերցողների մոտ։

-Իր էությամբ՝ Յանի պատմությունը բավականին համընդհանուր է։ Մենք հետևում ենք նրան՝ սկսած 1980-ականներից՝ իր մանկությունից, Հարավսլավիայի փլուզման և պատերազմի միջով անցնելիս։ Հասունացմանը ուղեկցող հույզերը՝ ընկերությունը, առաջին սերը, ազատությունը, վախը, կորուստը և այն գիտակցումը, որ աշխարհն այնքան էլ ապահով կամ անփոփոխ չէ, որքան ժամանակին թվում էր, այնպիսի փորձառություններ են, որոնք կարող ենք ճանաչել՝ անկախ նրանից, թե որտեղ ենք մեծացել։

Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ սլովենացի և հայ ընթերցողների միջև կա պատմական յուրահատուկ կապ։ Ե՛վ սլովենացիները, և՛ հայերը ապրել են բազմազգ սոցիալիստական պետություններում, որոնք փլուզվել են պատմական խոշոր փոփոխությունների նույն ժամանակահատվածում։ Մենք հայտնվեցինք նոր երկրներում՝ տարբեր սոցիալ-տնտեսական համակարգերի և նոր իրականության պայմաններում։

Երեխան նման փոփոխությունները չի ընկալում որպես պատմություն։ Յանը պարզապես ապրում է իր կյանքով և միայն աստիճանաբար է սկսում հասկանալ, թե որքան մեծ ազդեցություն ունի արտաքին աշխարհն իր վրա։ Սա արտացոլված է նաև վեպի կառուցվածքում։ Սկզբում նրա աշխարհը հիմնականում ընտանիքն է, ընկերներն ու դպրոցը։ Տարիքի հետ պատմությունը գնալով ավելի մեծ ծավալով է ներխուժում նրա անձնական կյանք։

Կարծում եմ՝ թե՛ Յանի հասունացման պատմության համընդհանուր բնույթը, թե՛ այն, թե ինչպես են պատմական խոշոր իրադարձությունները դառնում անհատի կյանքի մաս, կարող են արձագանք գտնել հայ ընթերցողների մոտ։

-Յանը և Էլվիսը մեծանում են կայուն թվացող աշխարհում, սակայն բացահայտում են, որ իրենց շրջապատող աշխարհը կարող է կտրուկ փոխվել։ Այսօր հետ նայելով վեպին՝ արդյոք այլ կե՞րպ եք ընկալում դրա պատմությունը, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ գրում էիք այն։

-Ոչ այնքան։ Երբ գրում էի վեպը, ես նկարագրածս փոփոխություններին դեռ նույն կերպ էի նայում, ինչպես այն ժամանակ, երբ դրանք տեղի էին ունենում։ Դրանց մեծ մասը մեզ դրական էր թվում։ Իհարկե, գիտակցում էի, որ ոչ մի խոշոր հասարակական փոփոխություն չի կարող բոլորի համար լավը լինել։ Այնուամենայնիվ, մենք հավատում էինք, որ աշխարհը դեպի լավն է փոխվում։

Այսօր ինձ համար շատ ավելի դժվար է ասել, որ դեռ հավատում եմ դրան։ Երբեմն թվում է, թե մենք հետընթաց ենք ապրում։ Ժողովրդավարական համակարգերն ավելի թույլ են թվում, կասկածի տակ են դրվում արժեքներ, որոնք ժամանակին անվիճելի էինք համարում, իսկ իրավունքները, որոնք կարծում էինք՝ պաշտպանված են, կրկին անորոշ են դառնում։ Արևմտյան աշխարհը կրկին փոխվում է, և թեև միշտ չէ, որ վստահ եմ՝ ուր կտանեն այդ փոփոխությունները, այնուամենայնիվ, հուսով եմ, որ ի վերջո ողջախոհությունը կհաղթանակի։ Յուրաքանչյուր վատ շրջափուլ վաղ թե ուշ ավարտվում է։

Էլվիսի սենյակը շատ ավելին է, քան պարզապես ֆիզիկական տարածք․ այն ընկերության, ազատության, հուշերի և, ի վերջո, կորստի տարածք է։ Ունե՞ք արդյոք մանկության տարիներից որևէ անձնական վայր, որը ձեզ համար նմանատիպ հուզական նշանակություն ունի։

-Ինձ համար խնդիրն այնքան էլ ֆիզիկական վայրի մեջ չէ, որքան դրա հետ կապված հուշերի։ Նախընտրում եմ չվերադառնալ մանկությանս այն վայրերը, որոնք ինձ համար ուժեղ հուզական նշանակություն ունեն։ Վախենում եմ, որ դրանք կարող են չափազանց փոխված լինել, և ես կարող եմ հիասթափվել։

Նախընտրում եմ դրանք պահել հիշողությանս և սրտիս մեջ այնպիսին, ինչպիսին ժամանակին էին։

-Վեպի ամենաուշագրավ կողմերից մեկն այն է, որ Յանը՝ որպես երեխա, լիովին չի ընկալում իր շուրջը կատարվող իրադարձությունները, մինչդեռ ընթերցողը աստիճանաբար տեսնում է ամբողջական պատկերը։ Ինչո՞ւ էր ձեզ համար կարևոր թույլ տալ, որ երեխայի ընկալումը մնա թերի՝ փոխանակ պատմական իրադարձություններն ուղղակիորեն բացատրելու։

-Պարզապես որովհետև երեխան աշխարհն այլ կերպ է ընկալում, քան մեծահասակը։ Ինձ համար շատ կարևոր էր պահպանել այդ տեսանկյունը և թույլ չտալ, որ Յանն ավելին իմանա, քան իր տարիքի երեխան իրականում կարող էր իմանալ։

Ապրած փորձառությունների միջոցով նա աստիճանաբար սկսում է ավելի հստակ հասկանալ իր շրջապատող աշխարհը։ Ինձ համար այս գործընթացը վեպի կարևոր մասն է․ փոխվում է ոչ միայն Յանի շրջապատող աշխարհը, այլև այն ընկալելու և տեսնելու նրա կերպը։

Ընթերցողը, սակայն, միշտ մի փոքր այլ դիրքում է։ Վեպն ընթերցելիս նա հետ է նայում անցյալին և հաճախ արդեն գիտի, թե ինչ է կատարվում ֆոնին և ինչ է սպասվում։ Յանի համար այս ամենը նորություն է։ Ընթերցողի իմացածի և Յանի ընկալածի միջև եղած այդ տարբերությունն ինձ համար շատ կարևոր էր։

-Այժմ, երբ «Էլվիսի սենյակում» գիրքը հատել է ևս մեկ լեզվական ու մշակութային սահման և հասել Հայաստան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կմնա ընթերցողների սրտում գիրքը փակելուց հետո, հատկապես երիտասարդ ընթերցողների, ովքեր, հնարավոր է, ապրում են իրենց սեփական՝ արագ փոփոխվող աշխարհում։

-Հուսով եմ, որ երիտասարդ ընթերցողները պատկերացում կկազմեն այն աշխարհի մասին, որում մեծացել են իրենց ծնողները՝ փոփոխությունների մի ժամանակաշրջան, որը խորապես ձևավորել է մեզ, բայց նրանց համար այսօր կարող է հեռավոր կամ պարզապես սովորական թվալ։

Միևնույն ժամանակ հուսով եմ՝ նրանք կզգան, որ այն աշխարհը, որում ապրում են, անփոփոխ կամ վերջնական երևույթ չէ։ Այն անընդհատ փոխվում է, և մենք այդ փոփոխությունների լոկ դիտորդները չենք։ Մենք չենք կարող ամեն ինչ վերահսկել, բայց այնուամենայնիվ կարող ենք ազդել մեզ շրջապատող աշխարհի, մեր հարաբերությունների, մեր ընտրությունների, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչ ենք պատրաստ ընդունել և ինչի համար արժե պայքարել։

Այն աշխարհը, որում մենք մեծացել ենք, ժամանակին անփոփոխ էր թվում, սակայն այսօր այն այլևս գոյություն չունի։ Ոչ մի ժամանակաշրջան հավերժ չէ, նույնիսկ՝ վատը։ Ներկան միշտ բաց է հնարավորությունների համար, իսկ ապագան դեռ գրված չէ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «ԷՋ» հրատարակչությանը՝ իմ վեպը հայ ընթերցողին ներկայացնելու, և Հասմիկ Վարլ Ղազարյանին՝ դրան հայերեն ձայն տալու համար։

Զրուցեց Սամվել Դանիելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031