Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-Ն «ԽԱԲԱՐ ՉԻ՞»

Դեկտեմբեր 12,2001 00:00

ԿԲ-Ն «ԽԱԲԱՐ ՉԻ՞» Կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցների մի մասը փորձնականորեն վճարվում է՝ ըստ աշակերտների թվի։ Դպրոցների մի մասը ֆինանսավորվել է մեկ տողով՝ տարվա կտրվածքով ստանալով հասանելիք գումարը։ Հայտնի է, որ ըստ աշակերտների թվի ֆինանսավորվելու էքսպերիմենտին մասնակցել են նաեւ Կենտրոն համայնքի դպրոցները, որոնք ֆինանսական գործարքներ իրականացնելիս օգտվել են որոշ բանկերի ծառայություններից։ Սակայն պարզվում է, որ նրանց սպասարկող ոչ անհայտ բանկերից մեկը լուրջ խնդիրներ ունի, ինչը չի կարողացել հաղթահարել անգամ բաժնեմասերի ու սեփականատերերի փոփոխությունից հետո։ «Առավոտի» տեղեկություններով, մի շարք դպրոցներ իրենց հաշիվները վաղուց տեղափոխել են այլ բանկեր՝ դժգոհ նշված բանկի ծառայություններից։ Քանի որ այն չի կարողացել պատշաճ մակարդակով սպասարկել դպրոցներին, ինչի արդյունքում դրանց տնօրենները բանկից դժվարությամբ գումարներ ստանալու պատճառով արժանացել են շարունակ ուշացող աշխատավարձերի սպասող ուսուցիչների դժգոհությանը։ Զանազան կոմերցիոն հետեւանքներից խուսափելու համար չենք նշում բանկի անունը։ Բացի այդ, չենք կարծում, թե Կենտրոնական բանկը տեղյակ չէ բազմաթիվ դժվարությունների շրջապտույտում հայտնված բանկի մասին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դա այդպես է, պատրաստ ենք հրապարակելու այն՝ ի շահ այնտեղ խնայողություններ ունեցող ավանդատուների եւ ԿԲ-ին ի վերջո իրազեկելու համար։ Ի դեպ, նշված բանկի սպասարկման վարչությունը շարունակում է հերքել իրենց բանկից դպրոցների հաշիվները այլ բանկեր տեղափոխելու մասին լուրերը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել