Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Աղաջանյանի հաշմանդամության հարցը լուծեք

Ապրիլ 06,2002 00:00

Սասուն Աղաջանյանի հաշմանդամության հարցը լուծեք Երեկ, ի պաշտպանություն դատապարտյալ Սասուն Աղաջանյանի, հրավիրվել էր կլոր սեղան, որին մասնակցեցին փոխգնդապետի մարտական ընկերները, կամավորականներ, նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ու հրավերն ընդունած միակ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը։ Նրանք իրենց մտահոգությունն արտահայտեցին ԼՂՀ-ում 14 տարի ազատազրկման դատապարտված («Մարտի 22-ի գործով»), ներկայումս Երեւանի բանտային հիվանդանոցում գտնվող Սասուն Աղաջանյանի համար։ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը ելույթ ունենալով հայտնեց, որ նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների շարունակությունն է այսօրվա նրա վիճակը։ Փաստաբան Է. Աղաջանյանը ներկայացնելով իր դիմում-նամակները, այն միտքը հայտնեց, որ իր նախկին պաշտպանյալին անհրաժեշտ է տալ հաշմանդամության կարգավիճակ, քանի որ 1,5 տարվա ընթացքում որեւէ փոփոխություն չի նկատվել (ըստ սահմանված կարգի՝ 4 ամսից ավելիի դեպքում բժշկական հանձնաժողովը տալիս է հաշմանդամության կարգ)։ Լրագրող Ցվետանա Պասկալեւան ասաց, որ չպետք է թշվառության մեջ թողնել այսպիսի մարդկանց. «Նա հաշմանդամ է արդեն եւ նրա կարգավիճակը պահանջելով՝ մենք պետք է հասնենք այն բանին, որ նրա բուժումը շարունակվի ստացիոնար պայմաններում»։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անունից Ժիրայր Սեֆիլյանն առաջարկեց «Տիգրան Մեծ» ջոկատի անդամների հետ կազմել հանձնախումբ՝ հանդիպելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Ազատամարտիկներից մեկն առաջարկեց նույնիսկ գերի վերցնել պաշտոնատար անձանց (ի դեպ, Սասունին համարժեք գերի չեմ տեսնում- Ռ.Մ.), մինչ կկարգավորվի Սասունի ստացիոնար բուժման հարցը։ Կլոր սեղանի մասնակիցները հանդես եկան հետեւյալ հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին. «Արդեն երկու տարի է, ինչ իր ճշմարիտ վերլուծությանն ու գնահատականին է սպասում «Մարտի 22»-ով ավարտված օտարածին դավադրությունը, որի թիրախներն էին մեր ազգային միասնությունը, հաղթանակած բանակը եւ ժողովրդի մարտական ոգին։ Դրա ավերիչ հոգեբանական ազդեցությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չի արձակվել դավադրության գլխավոր զոհ, անհիմն դատապարտված Սամվել Բաբայանը, քանի դեռ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչները վեր չեն կանգնել իրենց անձնական նեղմտությունից, ներողամտություն չեն ցուցաբերել արցախյան ազատամարտում մեծ վաստակ ունեցող եւ ակամա դավադրության գործիք դարձած սպաների նկատմամբ։ Հատկապես մեր տագնապն ու բողոքն է հարուցում իշխանությունների վերաբերմունքը ԼՂՀ առաջին աստիճանի եւ ՀՀ երկրորդ աստիճանի մարտական խաչերի ասպետ, փոխգնդապետ Սասուն Աղաջանյանի ճակատագրի նկատմամբ։ Պատերազմի ժամանակ ամենավտանգավոր տեղամասեր ուղարկվող հրամանատարը այսօր գտնվում է անմխիթար առողջական եւ հոգեկան վիճակում՝ մահվան եզրին։ Բանտային կենտրոնական հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրա վիճակում որեւէ դրական փոփոխություն չի արձանագրվել։ Արդյունքում՝ ազատամարտիկը, փաստորեն, դատապարտված է դանդաղ եւ դաժան մահվան։ Այսօր խիստ հավանական ողբերգական արդյունքի դեպքում Սասուն Աղաջանյանի, փաստորեն, սպանության պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների վրա։ Ուստի միջնորդում ենք նրան անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ պետության հաշվին ձեռնարկել միջոցներ՝ փրկելու նրա կյանքը։ Պահանջում ենք իշխանություններից՝ օգտագործելով Շուշիի ազատագրման 10-ամյակի բացառիկ առիթը, վերջնական լուծմամբ ազատվել «Մարտի 22»-ի վտանգավոր բեռից»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել